30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Պատերազմի դաշտում` ամենը հանուն հիվանդի

 

Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքին մատուցած ծառայության և հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը պատվոգիր հանձնեց պատերազմի մասնակից, ՀՀ վաստակավոր Ռոզալիա Լալայանին: Գագիկ Միրիջանյանը շնորհավորեց անվանի բժշկուհուն հաղթանակի 70-ամյակի առթիվ` ընդգծելով, որ նրա կատարած աշխատանքն անգնահատելի է:

«Մենք բարձր ենք գնահատում այն հերոսությունը, որը դուք կատարել եք»,- ընդգծեց փոխնախարարը` մաղթելով բժիշկ-վետերանին քաջառողջություն և երկար տարիների կյանք: 

95-ամյա բժիշկ-վետերանը 1941 թվականին ավարտելով Լենինգրադի բժշկական համալսարանը ուսանողական տարիներից ինքնակամ մեկնել է ռազմաճակատ, անցել   պատերազմի ողջ դժվարությունների միջով,  բուժօգնություն ցուցաբերել հարյուրավոր  վիրավորների և տուժածների:

«Լենինգրադում աշխատել ենք գիշեր, թե ցերեկ: Չկար ոչինչ, սոված էինք, ծարավ,  բայց մենք դժվարությունների վրա ուշադրություն չէինք դարձնում և ամեն ինչ անում ենք հանուն հիվանդի և այդպես մինչև պատերազմի  ավարտը, շուրջ 900 օր»,-  հիշում է Ռոզալիա Լալայանը:

Վիրաբույժ-վնասվածքաբանը, գիտաշխատողը, մանկավարժն ու հասարակական գործիչը հորդորում է կրտսեր գործընկերներին առաջին հերթին հասկանալ դիմացինի ցավը, լինել կարեկից և հոգատար:

«Բժիշկը պետք է հոգի ունենա և բարությամբ օգնի տուժածներին և վիրավորներին: Երբ մեկնացի ռազմաճակատ մտածում էի միայն բժիշկի մասնագիտական պարտքը կատարելու մասին»,- շեշտում է բժշկուհին` մաղթելով բոլորին քաջառողջություն և մշտական հաղթանակներ:

 Այսօր էլ տարեց կինը մեծ սիրով պատասխանում է հիվանդների հեռախոսազանգերին, խորհուրդներ տալիս: Նա ունի չորս թոռ և յոթ ծոռ:  Հետադարձ հայացք նետելով անցյալին վստահ է, որ պատերազմը չարիք է, որի դեմ պետք է պայքարել:

Ռազմաճակատում Ռոզալիա Լալայանը կորցրել է կրստեր քրոջը` Սոֆիային, որի հիշատակն անմահացնում է Լենինգրադի շրջանում կանգնեցրած արձանը:    Լալայան քույրերի պատմությունը տարբեր տարիների կտրվածքով անդրադարձ է ստացել ոչ միայն մամուլում, այլև գեղարվեստական ֆիլմերում:

Ռոզալիա Լալայանը ծնվել է 1919թ. դեկտեմբերի 17-ին Թբիլիսիում: 1936-1941թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի 2-րդ բժշկական ինստիտուտը: 1941-1944թթ. եղել է զինվորական բժիշկ-վիրաբույժ Հյուսիս-Արևմտյան (Լենինգրադյան)    

 Ճակատում, իսկ 1944-1946թթ. Անդրկովկասի ճակատի և նույն ճակատային գումարտակի կապի     զինվորական բժիշկ-վիրաբույժ:  1946-1968թթ. Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտի   գիտաշխատող էր, 1968-2011թթ.Զինդաշտային վիրաբուժության գծով ավագ դասախոս և քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության դասընթացի վարիչ, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (1992թ. ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի) թանգարանի տնօրեն:

1964թ.     ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1966թ.        շնորհվել ավագ գիտաշխատողի գիտական կոչում: 1970թ. շնորհվել  է դոցենտի գիտական կոչում: Անվանի բժիշկը 40-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է:

Արժանացել է  «Կարմիր Աստղ» շքանշանի, Հայրենական Մեծ Պատերազմի առաջին աստիճանի, ինչպես նաև Պատերազմի գործողությունների համար 14 ռազմական մեդալների, տասնյակ այլ պատվոգրերի:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով  նախարարությունում ստեղծվել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպելու համակարգող խորհուրդ: 

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքին մատուցած ծառայության և հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ  ապրիլի 29-ին  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Հիշում և հպարտանում եմ» խորագրով Հայրենական Մեծ պատերազմի մասնակից բժիշկ-վետերանների մեծարման միջոցառման ընթացքում պատվոգրեր են  հանձնվել պատերազմի մասնակից 24 վետերան-բուժախատողների: ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժիշկ-վետերաններին տրամադրվել են բժշկական պարագաներ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ