ԱՄՆ կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Թեեւ ընթերցողներն ընդհանուր առմամբ իրազեկ են, որ ԱՄՆ կառավարության գործադիր եւ օրենսդիր մարմինները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, շատերը տեղյակ չեն, որ ԱՄՆ դատական իշխանությունը եւս մի քանի առիթներով վերահաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Իսկապես, ԱՄՆ կառավարության բոլոր երեք մարմինները պաշտոնապես հաստատել են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես ցեղասպանություն է:
Գործադիր մարմինն առաջին անգամ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը 1951-ին ԱՄՆ կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներակայացրած առանցքային փաստաթղթում: Այնտեղ նշվում էր. “Ցեղասպանության համաձայնագիրն արդյունք է անմարդկային եւ բարբարոսական գործողությունների կիրառումի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը եւ դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր ենթարկվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի եւ ոչնչացման: Ցեղասպանության երեւույթը գոյություն է ունեցել ողջ մարդկային պատմության ընթացքում: Հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածանքը, թուրքերի կողմից հայերի ջարդը, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների եւ լեհերի կոտորածը ցեղասպանության հանցագործության վառ օրինակներ են”:
Գործադիիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությանը երկրորդ անդրադարձը արել է նախագահ Ռոնալդ Ռեգանը` 1981-ի ապրիլի 22-ի թիվ 4838 նախագահական հռչակագրում, որտեղ նշում էր. “Ինչպես նրանցից առաջ հայերի ցեղասպանությունը եւ դրան հետեւած կամբոջացիների ցեղասպանությունը եւ բազմաթիվ այլ ազգերի բազմաթիվ հալածանքների նման, Հոլոքոստի դասերը չպետք է երբեւիցե մոռացվեն”:
Իսկ ԱՄՆ կառավարության օրենսդիր մարմինն ընդունել է երկու որոշում, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության պատմական փաստերը: Առաջին որոշմամբ, որը հաստատվել էր 1975-ի ապրիլի 8-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, 1975-ի ապրիլի 24-ը նշանակվեց որպես “հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես հայկական ծագումով անհատների, ովքեր 1915-ի ցեղասպանության զոհ դարձան”: Երկրորդ որոշմամբ, որը հաստատվել էր 1984-ի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, 1985-ի ապրիլի 24-ը նշանակվեց որպես “հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես 1915-1923-ին Թուրքիայում իրագործված մեկուկես միլիոն հայ բնակչության ցեղասպանության զոհերին”: Ի լրումն, պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու հավելված 1996 եւ 2004-ին Արտաքին գործառնությունների հատկացման ակտում:
Այնուամենայնիվ, շատերն անտեղյակ են, որ ԱՄՆ կառավարության երրորդ մարմինը` դատական իշխանությունը, առնվազն երեք դաշնային դատարանների կողմից վճիռ է կայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Դատական իշխանության կողմից Հայոց ցեղասպանությանը առաջին անդրադարձը 2010-ի օգոստոսի 11-ին առաջին շրջանի վերաքննիչ դատարանի երեք դատավորի կազմով միաձայն ընդունված վճիռն էր: ԱՄՆ գերագույն դատարանի նախկին դատավոր Դեյվիդ Սութերի կողմից գրված որոշման մեջ դատարանը մերժեց ամերիկա-թուրքական խմբի պահանջն առ այն, որ Մասաչուսեթսի կրթության հարցերով հանձնաժողովի կողմից հրապարակված ուսումնական ուղեցույցը, որը բացահայտորեն վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը, պետք է ներառեր “ցեղասպանությանը հակակշռող” հղումներ:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրորդ դատական գործը 2011 թվականի հունվարի 26-ին դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի` Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի եւ հուշարձանի գործով վճիռն էր: Իր որոշման ներածական պարբերությունում դատավոր Քոլար-Քոթելին մեջբերեց Ադոլֆ Հիտլերի սոսկալի բառերը. “Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին”: Նա բացատրեց, որ Հիտլերն ի նկատի ուներ “Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց պատմական հողերի վրա ապրող հայկական բնակչությունը վերացնելուն ուղղված Օսմանյան Թուրքիայի կառավարության բավականաչափ հաջող ջանքերը, որն այսօր հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն“: Դատավորը տողատակում նշում է, որ “Դատարանի կողմից “ցեղասպանություն” եզրի օգտագործումը նպատակ չունի արտահայտել որեւէ կարծիք այդ պիտակի պատշաճության մասին”:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատական երրորդ հղումը կատարվել է 2012-ի մայիսի 3-ին երեք դատավորի կազմով հանդես եկող ութերորդ շրջանի վերաքննիչ դատարանի կողմից, երբ մերժեց Ամերիկայի թուրքական կոալիցիայի հայցն ընդդեմ Մինեսոտա նահանգի: Դատավորները, միաձայն որոշմամբ, միանշանակ եւ առանց որակումների անդրադարձան Հայոց ցեղասպանությանը` նկարագրելով այն, որպես “Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանություն”:
ԱՄՆ կառավարության բոլոր երեք անկախ մարմինները վերահաստատելով Հայոց ցեղասպանության փաստը` Միացյալ Նահանգներն իր արդարացի տեղը զբաղեցրեց առաքինի ազգերի շարքում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Փաստորեն, շատ առումներով, Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում ունի շատ ավելի համապարփակ դիրքորոշում, քան բազմաթիվ այլ երկրներ, որոնք պարզապես ընդունել են այս հարցի վերաբերյալ օրենսդրական որոշում:
Հարութ Սասունյան`
“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գեւորգյան