Պապի ելույթից հետո թուրքերն ընկել են հայ ընտանիքների հետեւից
Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկոս 1-ին Պապը հայտարարեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը 1915թ-ին հայերի դեմ կատարվածն է, հայտնում է Ermenihaber.am-ը:
Պապի այս ելույթից հետո Թուրքիայում զայրույթի ու սպառնալիքների ալիք բարձրացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անուղղակիորեն սպառնաց, որ կարող է Թուրքիայից արտաքսել այնտեղ ապրող հազարավոր հայերին: Իսկ Թուրքիաի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ – TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը «զգուշացրեց. «Եթե այսուհետև դպրոցներում, փողոցներում կամ աշխատավայրերում մեր ժողովուրդն ատելության վրա հիմնված անօրինական ու անհանդուրժողական քայլերի դիմի, դրա պատասխանատուն, անկասկած, Պապն է լինելու»: («Milliyet»):
Ավելի ուշ պարզ դարձավ, որ նշյալ հայտարարությունները միայն սպառնալիք կամ զգուշացում չեն: Դրա ապացույցներից մեկը թուրքական ընդդիմադիր «t24.com»լրատվակայքում տեղ գտած «Պապը Վատիկանում «ցեղասպանություն» ասաց, Ադանայի հայ քաղաքացին գործազուրկ դարձավ» խոսուն վերնագիրը կրող հրապարակումն է:
Աղբյուրի համաձայն` Պապի ելույթից հետո Թուրքիայի Ադանա քաղաքի Դումլույան գյուղում բնակվող 59-ամյա Վաննիս Չեթինյանն ու իր ընտանիքը զրկվել են սոցիալական նպաստից: Տեղական ինքնակառավարման մարմինների պատճառաբանությունն ու մեկնաբանությունը եղել է հետևյալը. «Սրանից հետո գնացեք հայկական սփյուռիքից նպաստ ստացեք»:
Ավելի ուշ Վաննիսը նաև զրկվել է աշխատանքից, քանի որ մուսուլմաններն այլևս հրաժարվել են նրան դիմել գյուղատնտեսական աշխատանքների համար: Ադանաբնակ հայ քաղաքացին պատմել է, որ գյուղում և դպրոցում, ուր հաճախում են նրա երկու որդիները, վերջիններիս մշտապես վիրավորում ու հոգեբանական ճնշման են ենթարկում, երեխաներին ստիպում են մասնակցել իսլամի դասերին և «գյավուր» անվանում:
Վաննիս Չեթինյանի վկայությամբ՝ գյուղի հայ բնակչության մեծ մասը ցեղասպանությունից փրկվելով ապաստանել են տարբեր երկրներում, իսկ տեղում մնացածները մահմեդականացվել են: Միակ հայ քրիստոնյա ընտանիքը, որ այսօր ապրում է Ադանայի Դումլույան գյուղում, Չեթինյանների ընտանիքն է: Նրանք իսլամ չեն ընդունել և աղոթելու համար այցելում են մոտակայքի իտալական կաթոլիկ եկեղեցի, քանի որ հայ առաքելականները ցեղասպանության ժամանակ ոչնչացվել են: Տեղի մուսուլման բնակչությունը ծայրահեղ անհանդուրժողականություն է դրսևորում Չեթինյանների նկատմամբ, ընտանիքը հայտնվել է սոցիալական և հոգեբանական ծանր պայմաններում:
«Մեր մասին բղավում են, թե՝ այդ հայերին պետք է խեղդել գետում, բոլորին պետք է մորթել, դրանց աղջիկներին պետք է բռնաբարել»,-պատմում է Չեթինյանը: Նրանց միակ ցանկությունը խաղաղ ու սեփական մշակույթով ապրելու հնարավորություն ունենալն է. «Ցեղասպանություն է եղել: Մենք թուրքերին ներում ենք, իրենք մեզ չեն ներում: Թող ճանաչեն ցեղասպանությունը, այլ կերպ խաղաղություն չի լինի: Մենք ուզում ենք համատեղ ու խաղաղ ապրել»,- ասել է Վաննիս Չեթինյանը:
Աղբյուր` Ermenihaber.am