Ցավերը կիսելուն պատրաստ ենք, բայց գլուխ չենք խոնարհի. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կրկին անդրադարձել է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը: Դավութօղլուն նշել է, որ ԵԽ-ն մի կառույց է, որտեղ բազմաթիվ ոչ լուրջ որոշումներ են ընդունվում:
Թուրքական NTV-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը մասնավորապես ասել է. «Եթե 100 ամյակները հիշելու լինենք, ապա բոլորի մտքով էլ կանցնեն դառնություններ պարունակող 100 ամյակներ: Մեկնաբանություններ են անում մարդիկ կամ կառույցներ, որոնք թեմայի հետ կապ չունեն, սակայն միշտ պատրաստ են շահարկումների: Կրոնական հեղինակություն հանդիսացող պապը մեկնաբանություն է անում: Մենք մեր պատասխանը տվել ենք:
Դավութօղլուն կրկին խորհուրդ է տվել հիշել եվրոպական երկրների պատմությունը` նշելով, որ այդ մասին ասել է նաև ԵԽ-ի նախագահ Շուլցին: Թուրքիայի վարչապետը կարծիք է հայտնել, որ եթե Եվրոպան ցանկանում է ներդրում ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, ապա «ատելության մթնոլորտ ստեղծող» քայլեր չպետք է անի:
Դավութօղլուն Եվրոպային մեղադրել է իսլամի ու թուրքերի դեմ իրականացվող քայլերը հայկական խնդրով քողարկելու մեջ:
«Հազար տարի հայերն ու թուրքերը միասին են ապրել:Մեզ մոտ գետտո չի եղել: Մենք պատրաստ ենք զարգացնել հայ-թուրքական հարաբերությունները: Մեզ համար անընդունելին «եթե ցավը թուրքերինն է, ապա թող մոռացվի» մոտեցումն է: Ցավերը կիսելուն պատրաստ ենք, բայց գլուխ չենք խոնարհի»-, եզրափակել է Դավութօղլուն:
Աղբյուր` Ermenihaber.am