Նիկոլ Փաշինյանը, ով իր առաջ խնդիր է դրել դառնալ հայկական «Աթաթուրքը» և «Ֆիրդուսու» սքեմի տակ տեսություններ է երկնում․ Հովասափյա

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանյան ներկայիս կառավարիչները, ովքեր այլևս չեն թաքցնում, թե ինչ աստիճանի են խորշում քրիստոնեական արժեքներից, հայկական ինքությունից, ինչ տիպի չեն տանում հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը հայի կյանքում, ամեն անգամ տարբեր արդարացումներ ու պատճառներ են ներկայացնում՝ իրենց ճղճիմ քայլերն ու արարքներն արդարացնելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը, ով իր առաջ խնդիր է դրել դառնալ հայկական «Աթաթուրքը» և «Ֆիրդուսու» սքեմի տակ տեսություններ է երկնում, հնարավոր ամեն անգամ թիրախավորում է հայոց պատմությունը, գրականությունն ու հայկական արժեքները, դրանք համարելով «դրսից պարտադրված», «աշխարհաքաղակական պլացդարմի շահերը սպասարկող», «գուբերնիստական» ու տարբեր պրիմիտիվ օրինականերով փորձում հանրությանը հերթական մոլորության մեջ գցել։ Փաշինյանն իր խոսքում հաճախ է անդրադառնում ԳլավԼիտի կողմից պարտադրված գրականության, տարբեր մշակության միջոցառումներին՝ այն ներկայացնելով «կայսերականության շահերից բխած» և «հայկական օրակարգի ու էության հետ ոչ մի աղերս չունեցող»։
Հիմա մի պատմություն պատմեմ, դատեք ինքներդ, թե ինչքանով է այն «կայսերական» ու «գուբերնիստական շահերը սպասարկող», խոսքը հեռավոր 1978-ին տեղի ունեցած մի միջոցառման մասին է:
Պարզվում է ՝ հայ արվեստին նվիրված միջազգային երկրորդ սիմպոզիումը տեղի է ունեցել 1978թ. սեպտեմբերի 12-ից 18-ը` Երևանում: Գիտաժողովի աշխատանքը լուսաբանող լրագրողների միաբերան վկայությամբ կազմկոմիտեն, որի նախագահն էր ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսյանը, մեծ ջանք էր գործադրել ապահովելու ոչ միայն աշխարհի շուրջ 20 երկրից ժամանած մոտ 200 գիտնականի աշխատանքը, այլև կազմակերպելու նրանց ուղևորությունը Հայաստանում և ծանոթությունը հայ արվեստին, մասնավորապես ճարտարապետության կոթողներին:
Նախօրոք` դեռ մինչև սիմպոզիումի գումարումը, նորոգվել ու բարեկարգվել էին Էջմիածին-Սարդարապատ, Գառնի-Գեղարդ, Սևան-Դիլիջան, Ալավերդի-Հաղպատ-Սանահին-Օձուն ավտոճանապարհները, հյուրերին հատկացվել հարմարավետ ավտոբուսներ: Մեծ աշխատանք էր կատարվել անմիջականորեն հուշարձանների շրջակայքում: Ոչ միայն բարեկարգվել էր դրանց հարակից տարածքը, այլև անհրաժեշտության դեպքում նորոգվել շինությունների պատերի ու հատակի առանձին հատվածներ:
Կառանձնացնեմ Օձունում տեղի ունեցած տպավորիչ միջոցառումից մի փոքր մանրամասներ: Միջոցառման բուն արարողությունը տեղի է ունեցել Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Այն կազմակերպված է եղել բարձր մակարդակով և առանձնանում էր հատուկ սիմպոզիումի համար պատրաստված կավե սպասքով: Հաշվի էր առնվել ամեն մի մանրուք: Սնունդը կազմակերպվել էր առանց ավելորդ շքեղության, բայց և ճաշակով` իբրև ժողովրդի մշակույթի մի բաղկացուցիչ մաս: Կիսաբացօթյա տաղավարներից մեկում ճաշի սպասքը պատրաստված էր հայկական խեցեգործության ավանդույթով: Ներկաների վրա ապշեցուցիչ տպավորություն է գործել այն հանգամանքը, որ ճաշից հետո սեղանակիցներից ամեն մեկը նվեր է ստացել իր իսկ օգտագործած ամանեղենը, որը զարդանախշված էր գիտաժողովի խորհրդանշաններով:
Ինչ վերաբերում է սիմպոզիումի զուտ գիտական մակարդակին, ապա առանց չափազանցության կարելի է ասել, որ կազմկոմիտեին հաջողվել էր Երևանում հավաքել հայ արվեստի ժամանակի գրեթե բոլոր գիտակներին, ովքեր հանդես են եկել տասնյակ զեկուցումներով, հաղորդումներով ու մեկնաբանություններով:
Ահա, թե ինչ հասարակ բաներ է պետք իմանալ «կրթվելուց» առաջ»։











































