Ժամանակին Բանակի օրը հաղթանակի, հպարտության, արժանապատվության և ուժի տոն էր․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժամանակին Բանակի օրը հաղթանակի, հպարտության, արժանապատվության և ուժի տոն էր։ Հունվարի 28-ը մարդկանց մեջ վստահություն էր արթնացնում, անկախությունն էր արժևորում, ժամանակին բանակն էր խաղաղության երաշխավորը:
Այսօր, ցավոք, նույն օրը գերակայում են սգի, խղճմտանքի, ափսոսանքի ու ճնշվածության զգացողությունները։Պատահական չէ նաև, որ այս իշխանությունները արհեստականորեն Բանակի օրվան նախորդող օրը հայտարարեցին զոհերի հիշատակի օր։ Դա ավելի շատ հոգեբանական ճնշման գործիք է, քան իրական հարգանքի դրսևորում։
Բանակը պետության համար պարզապես կառույց չէ, այն մեր կյանքի, մեր հայրենի հողի, պետականության ու ապագայի երաշխիքն է, որը պետք է լինի ամենակարևորը՝ քաղաքական օրակարգում, արտացոլվի բյուջեում, կրթության մեջ, հանրային խոսքում ու դրված լինի պետական մտածողության հիմքում:
Սակայն այսօրվա պատասխանատուները բանակը կարևորելու փոխարեն այն դարձրել են մեղավոր, լռեցված ու անտեր։
Փոխարենը՝ վերականգնեն բանակի մարտունակությունը, զբաղված են հիշողության մանիպուլյացիայով ու պարտության «նորմալացմամբ»։
Փոխարենը՝ բանակը դարձնեն ուժի աղբյուր, այն վերածում են քաղաքական հաշվեհարդարի ու արդարացումների հարթակի։
Բանակը չի կարող ուժեղ լինել, երբ պետությունն ինքն է խուսափում պատասխանատվությունից։
Բանակը չի կարող հաղթող լինել, երբ պարտությունը ներկայացվում է որպես «խաղաղության գին»։
Մինչ բանակը չվերադառնա իր իրական տեղը՝ որպես գերագույն արժեք պետության համար,
և մինչ այն ղեկավարողները չսկսեն ծառայել բանակին, ոչ թե օգտագործել այն,
Հունվարի 28-ը կմնա ոչ թե տոն, այլ հիշեցում՝ թե ինչ ենք ունեցել և ինչ ենք կորցնում օր-օրի։
Միևնույնն է, ես հպարտ եմ, որ ունենք բանակ և շնորհավորում եմ ՀՀ ԶՈւ օրվա առթիվ մեր զինվորին ու սպային, մեր սահմանապահին ու հայրենիքի պաշտպանին։
Վերևում ասվածը մեր դառը իրականությունն է, բանակը պարտվում է ոչ թե սահմանին, այլ այն պահին, երբ պետությունը հրաժարվում է իր բանակից»։











































