Այսօր Հայաստանյան հասարակության մեջ գերիշխող համախտանիշը, փաստացի, «ստոկհոլմյան սինդրոմն» է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Յուրաքանչյուր հասարակության մեջ տարբեր պատմական փուլերում ձևավորվում են որոշակի սոցիալ-հոգեբանական համախտանիշներ, որոնք սկզբում ի հայտ են գալիս որպես պաշտպանական ռեակցիա, բայց ժամանակի ընթացքում վերածվում են վարքային նորմի, անգամ՝ ապրելակերպի։ Նշենք, որ այդ երևույթները փոփոխվում են քաղաքական միջավայրի, անվտանգային մարտահրավերների, սոցիալական ճնշումների և արժեքային դեգրադացիայի համադրության արդյունքում։
Այսօր Հայաստանյան հասարակության մեջ գերիշխող համախտանիշը, փաստացի, «ստոկհոլմյան սինդրոմն» է։ Խոսքը ոչ թե բժշկական, այլ խորապես քաղաքական և սոցիալական երևույթի մասին է, երբ հասարակությունը սկսում է նույնականանալ իր ճնշողի, պարտության հեղինակների և սեփական արժանապատվությունը խաթարող իշխանության հետ։ Սինդրոմի դասական տրամաբանությամբ՝ զոհը ոչ միայն դադարում է դիմադրել, այլ նաև սկսում է արդարացնել բռնությունը, բացատրել ձախողումները և պաշտպանել իրեն վնասող սուբյեկտին։
Օրինակ, Վիշիի Ֆրանսիայում պարտությունը և վախը բերեցին նրան, որ օկուպացիան արդարացվեց «ավելի մեծ աղետից խուսափելու» թեզով։ Արևելյան Գերմանիայում տարիներ անց անգամ ձևավորվեց նոստալգիա ճնշող համակարգի նկատմամբ՝ որպես «կայուն կյանքի» երաշխիք։ Նույն օրինաչափությունը տեսանելի էր նաև Օսմանյան կայսրության վերջին փուլում և լատինաամերիկյան ռազմական դիկտատուրաների ժամանակ․ պարտությունը, վախը և արժանապատվության կորուստը հասարակություններին մղեցին սեփական ճնշողի վարքը արդարացնելու։ Այս օրինակների ընդհանուր բանաձևը նույնն է․ պարտություն, վախ, հարմարվողականություն, բռնարարքի կամ ձախողման անհոդաբաշխ արդարացում։
Հայաստանյան կոնտեքստում այս երևույթը խորանում է մի քանի առանցքային գործոնների հաշվին։ Նախ՝ շարունակական վախի արտադրությունն է․ պատերազմ, պարտություն, ապագայի մշուշ, «եթե մենք չլինենք՝ ավելի վատ կլինի» մանիպուլյատիվ թեզը։ Երկրորդ՝ պատասխանատվության լիակատար վերացումը իշխանության կողմից, երբ ցանկացած աղետ ներկայացվում է որպես անխուսափելի ճակատագիր կամ արտաքին դավադրության հետևանք։ Եվ երրորդ՝ հանրային դիսկուրսի նպատակային իջեցումը, որի արդյունքում արժանապատվությունը փոխարինվում է «հարմարավետ գոյատևման» գաղափարով։
«Ստոկհոլմյան սինդրոմն» այստեղ դրսևորվում է նաև բարոյական տեսանկյունից․ պարտությունը ներկայացվում է որպես «խաղաղության հնարավորություն», ինքնիշխանության զիջումը՝ «ռեալիզմ», իսկ ազգային դիմադրությունը՝ «ռադիկալիզմ»։ Հենց այս ընթացքում էլ հասարակությունը, աստիճանաբար, սկսում է պաշտպանել ոչ թե սեփական շահը, այլ այն քաղաքական կոնստրուկցիան, որը նրան հասցրել է ճգնաժամի։
Ամենավտանգավորն այն է, որ այս համախտանիշը ժամանակի ընթացքում արմատներ է ձգում՝ փոխանցվելով կենցաղային խոսքին, սոցիալական ցանցերի հռետորաբանությանը և նույնիսկ կրթական ու մշակութային միջավայրին։ Այն դառնում է ինքնավերարտադրող համակարգ, որտեղ ցանկացած այլընտրանքային մտածողություն ընկալվում է որպես սպառնալիք «հանգիստ ապրելու» պատրանքին։
Հատկանշական է այն, որ «ստոկհոլմյան սինդրոմից» դուրս գալը հնարավոր չէ արտաքին ազդակներով կամ տեխնիկական փոփոխություններով։ Այն պահանջում է արժանապատվության վերականգնում, քաղաքական սուբյեկտայնության վերադարձ և ճշմարտության հետ առերեսվելու համարձակություն։ Մինչ այդ, հասարակությունը շարունակում է մնալ սեփական պարտության հետ հաշտված վիճակում, որն ամենավտանգավոր փուլը ցանկացած ազգի համար»։











































