«Անմեղ» ազատազրկվածը

Ավելի քան 777 հազար մարդ աշխարհում, այդ թվում հազարավոր հայաստանցիներ, ձեռնամուխ էին եղել իրանցի Ղոնչե Ղավամիի ազատ արձակմանը, որին դատապարտել և ազատազրկել էին միայն այն պատճառով, որ այցելել էր տղամարդկանց վոլեյբոլի խաղին:
Իման Ղավամին` Ղոնչեի եղբայրը, ով change.org-ում բացել էր խնդրագիր շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ստորագրությամբ օգնել են Ղոնչեի ազատության մեջ հայտնվելուն:
«Ես կարևոր նորություն ունեմ ձեզ համար:
Այսօր ես վերջապես կարող եմ ասել, որ Ղոնչեն ազատության մեջ է: Քանի դեռ մենք նշում էինք Նորուզը` իրանական ամանորը, Իրանի կառավարությունը հանեց իմ քրոջ գործի վերջին մեղադրանքները: Ղոնչեն էլ ոչ մի օր, ոչ մի ժամ բանտում չի անցկացնի:
Սա հիանալի նորություն է, և ես ուզում էի, որ այս մասին դուք անձամբ ինձնից լսեիք: Դուք կանգնեցիք մեր կողքին այդ դժվար օրերին: Դուք իմ ընտանիքին հույս ու ուժ տվեցիք: Աշնան անորոշությունն ու ձմեռվա մութ ամպերն անցյալում են: Արևը կրկին շողում է իմ ընտանիքում: Գարուն է եկել:
Մայրս վերջապես երջանիկ է անցյալի պես: Նա և ես երբեք չենք մոռանա ձեր հսկայական աջակցությունը. անկեղծորեն շնորհակալ ենք: Միասին մենք Ղոնչեին տուն բերեցինք. Ղոնչեն էլ է ինձ խնդրել բոլորիդ շնորհակալություն հայտնել:
Սա լավագույն գարունն էր իմ ընտանիքի համար. Հուսով եմ` այս գարունը երջանկություն և խաղաղություն կբերի բոլոր-բոլորին: