13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գուցե մի «նալոգ» էլ հատուկ Աննա Հակոբյանի՞ համար ավելացնեք

168.am-ը գրում է. 

Նիկոլ Փաշինյանը, քիչ է, բիզնեսին ճնշում, հազար ու մի պատճառաբանություն է բերում՝ բիզնեսի հարկային բեռն ավելացնելու, ավելի շատ գումարներ գանձելու համար, հիմա էլ Աննա Հակոբյանն է որոշել օր ու մեջ միջոցառումներ կազմակերպել ու բարեգործության անվան տակ՝ բիզնեսից «նալոգներ» հավաքել իր «Իմ Քայլը» հիմնադրամի համար։

Դրսից հավանաբար այլևս նախկին ճոխ նվիրատվությունները չեն կատարում, հույսները դրել են ներսի վրա։

Տպավորություն է, որ Աննա Հակոբյանը գիշերները չի քնում՝ փող հավաքելու տարբերակներ է մտածում։ Գումարներ է հավաքում գործարարներից՝ օգտվելով ամուսնու պաշտոնական դիրքից ու իր ազդեցություններից։

Որքան էլ փորձեն ներկայացնել, որ գործարարները կամավոր են «մուծվում» Աննա Հակոբյանի «Իմ Քայլը» հիմնադրամին, պարզ է, որ այդպես չէ։ Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ վարչապետ, Աննա Հակոբյանն էլ չունենար ազդեցության լծակներ, դժվար չէ պատկերացնել, թե վերջինիս կողմից կազմակերպվող բարեգործական ճաշկերույթներին կամ այլ միջոցառումներին կամավոր-պարտադիր մասնակցող գործարարներից քանիսը կմասնակցեին ու գումարներ կնվիրաբերեին։ Վստահաբար՝ շատ քչերը, եթե նույնիսկ այդպիսիք ընդհանրապես գտնվեին։

Պատահական չէ, որ քանի դեռ գործարարներին «հատուկ հրավեր» չեն անում, կամավոր չեն պատրաստվում մասնակցել բարեգործական նպատակներով Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ճաշկերույթներին։ Դա նշանակում է, որ եթե մասնակցում են՝ մասնակցում են ոչ այնքան բարեգործությունից դրդված, որքան իշխանությունների բարեհաճությանն արժանանալու ակնկալիքով։ Զարմանալի չէ, որ երբեմն առատաձեռն նվիրատուներն անցնում են տարբեր քրեական գործերով և հավանաբար հույս ունեն այս ճաշկերույթների միջոցով լուծել իրենց հարցերը։

Երբ «բարեկամաբար» հորդորում են գործարարներին 1 մլն դրամի դիմաց մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշկերույթներին, քչերը կարող են լինել, որ համարձակություն կունենան մերժել նման հրավերները։ Սա «բարեկամաբար» բիզնեսից «նալոգ» հավաքելու ձև է, որը գնալով կատարելագործվում է։

Բոլորովին վերջերս Աննա Հակոբյանը 1 միլիոն դրամանոց ճաշկերույթ էր կազմակերպել՝ կայացած գործարարների հաշվին սկսնակներին  օժանդակելու անվան տակ։ Մեկ երեկույթի ընթացքում մասնակիցներից հավաքեցին 62 մլն դրամ։

Մեկ միլիոնը գուցե որոշ գործարարների համար մեծ գումար չէ և հանուն իշխանության բարեհաճության՝ շատերը պատրաստ են տալ այդ գումարը, բայց երբ այդ ամենը վերածվում է սովորության ու դառնում մշտական, մի տեսակ չգրված հարկային պարտավորության տպավորություն է թողնում։ Գործարարները պարտավորված են լինում բարեգործության անվան տակ գումարներ մուծել Աննա Հակոբյանի հիմնադրամին և հանգիստ ապրել։ Չմուծվելու պարագայում, անշուշտ, կարող է նաև հետևանքներ լինեն. հանկարծ հայտնվեն հարկայինի թիրախում, 1 միլիոնի փոխարեն՝ տասնյակ-միլիոնների տուգանքների տակ ընկնեն, գուցե և հարկադրված լինեն փակել բիզնեսը։

Ո՞վ կարող է բացառել նման հավանականությունը։

Դրա համար էլ գլուխները կախ՝ ենթարկվում են Աննա Հակոբյանի հրավեր-հավաքներին ու «առանց ակնկալիքների» կլորիկ գումարներ վճարում։

Մինչև հիմա այդ գումարների շրջանակներում թե ի՞նչ հաջողված ծրագրեր են իրականացվել, քանի՞ սկսնակ գործարար է բիզնես հիմնել ու ի՞նչ հաջողությունների է հասել, հայտնի չէ։ Հավաքված գումարների վերաբերյալ այդ հիմնադրամում կարծես սովորություն չունեն հաշվետվություններ ներկայացնել։

Կարևորը՝ ճաշկերույթները կազմակերպվել են, շոուն ապահովել են՝ լուսանկարներ, վիդեոներ, գործարարները «կամավոր» մասնակցել են, փողն էլ վճարել են։

Վերջին ճաշկերույթ-դրամահավաքը բարեհաջող իրականացնելուց հետո Աննա Հակոբյանը հիմա էլ նոր ձև է հնարել փող հավաքելու համար. որոշել է դեկտեմբերի 30-ին մեծ վիճակահանություն  կազմակերպել՝ հաղթող ճանաչված մասնակիցներին խոստանալով արժեքավոր նվերներ:

Բայց դրա համար նախ հարկավոր է վիճակահանությանը մասնակցելու տոմս գնել՝ համարակալված «սիմվոլիկ նվերների տեսքով»։ «Սիմվոլիկ նվերների արժեքներն են՝ 500 հազար ՀՀ դրամ,  1 մլն ՀՀ դրամ և 1,5 մլն ՀՀ դրամ»,- հայտարարել է Աննա Հակոբյանի «Իմ Քայլը» հիմնադրամը: Այս անգամ նույնիսկ 1 միլիոնով չեն բավարարվել՝ նաև 1,5 միլիոնանոց տոմսեր են թողարկել։

Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթը մտադիր են ուղղել հիմնադրամի հաջորդ տարվա ծրագրերի իրականացմանը։

Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը, հայտնի չէ։

Վիճակահանության մասնակցության «սիմվոլիկ» գումարներն անհրաժեշտ է փոխանցել Հիմնադրամի «Ակբաբանկ»-ի և «Հայէկոնոմբանկ»-ի  հաշվեհամարներին։ Վերջինս, ի դեպ, իշխանության սրտի մեծահարուստ, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկն է։

Աննա Հակոբյանի կազմակերպած ամանորյա վիճակահանությանը հնարավորինս շատ մասնակիցներ ապահովելու համար՝ հավանաբար շուտով կսկսեն գործարարներին իրազեկում-հորդորներ ուղարկել։ Այս անգամ Հիմնադրամին «կամավոր-պարտադիր» վճարներ կատարելու ու մեծ վիճակահանությանը մասնակցելու համար, ամենայն հավանականությամբ, կներգրավեն նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաներին ու պատգամավորներին։ Կվճարեն ու կմասնակցեն, առանց որևէ «պարտադրանք-պահանջի», կամավոր-պարտադիր սկզբունքով։ Ոչ նրա համար, որ կարող են «արժեքավոր նվերներ» ստանալ, այլ, որպեսզի արժանանան Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի բարեհաճությանը։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ պետական մակարդակով կազմակերպվող «ռեկետ», երբ իշխանական ազդեցություններն օգտագործում են՝ բարեգործության անվան տակ գումարներ հավաքելու համար։ Ամիսներ առաջ «Սրբազան շարժումն» էր ահազանգել, որ գործարարներն Աննա Հակոբյանից նամակներ են ստանում, որոնցով նա պահանջում է իր հիմնադրամին փոխանցել 10 մլն դրամ։

Այս ահազանգն իշխանությունների կողմից այդպես էլ որևէ արձագանքի չարժանացավ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ