22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արփի Դավոյանին դաժանորեն ստորացրել ու «գցել են» սեփական թիմակիցները. մանրամասներ՝ ՔՊ վարչության սկանդալային նիստից

Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նիստը, որում, ինչպես նախապես ասվել էր, քննարկվելու էին կադրային հարցեր: «Կադրային հարցեր» ընդհանրական ձևակերպման տակ պետք է հասկանալ արդարադատության նախարարի՝ ՔՊ-ական թեկնածուի քվեարկությունն ու հաստատումը:

168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ դրամատիկ նիստից, որը բոլորովին էլ այնպես չի ընթացել, ինչպես գծագրել էր արդարադատության նախարարի հիմնական թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանի վաղեմի թիմակից, նրա գործավար, երդվյալ ՔՊ-ական Արփի Դավոյանը:

Օրեր առաջ մենք գրել էինք, որ Փաշինյանը դեմ է Դավոյանին որպես արդարադատության նախարար տեսնել, բայց այն, ինչ տեղի է ունեցել երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից: Փաստորեն կառավարող կուսակցությունը ոչ մի կարմիր գիծ չունի ոչ միայն ընդդիմադիրների, այլև յուրայինների պարագայում:

Եվ այսպես:

ՔՊ վարչության երեկվա նիստին մասնակցել է ՔՊ վարչության 13 անդամ. Արայիկ Հարությունյանն ու Ալեն Սիմոնյանը, մեր տեղեկություններով, չեն մասնակցել. երկրում չեն: Նիստից առաջ անխտիր բոլոր ՔՊ-ականներն Արփի Դավոյանին խոստացել են որպես արդարադատության նախարարի թեկնածու՝ քվեարկել հենց իր օգտին: Բացառություն է կազմել միայն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով բացեիբաց, Արփի Դավոյանի երեսին ասել է՝ չի քվեարկելու նրա օգտին:

Նիստը սկսվել է բավականին հանդարտ: Ներկայացվել է նախարարի 4 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան, Հերիքնազ Տիգրանյան և ֆավորիտը՝ Արփի Դավոյան: Սիսակ Գաբրիելյանը թեկնածուների թվում չի եղել: Անմիջապես, սակայն, առաջին երեքն ինքնաբացարկ են հայտնել, և մնացել է միակ թեկնածուն՝ Արփի Դավոյանը: Վերջինս ներկայացրել է նախարարության՝ 4 էջանոց զարգացման ծրագիր: Երբ Դավոյանն ավարտում է իր ելույթը, խոսք է խնդրում Արուսյակ Ջուլհակյանը, ով տառացիորեն ոչնչացնում է Արփի Դավոյանին: Նրան է միանում պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Ելույթ ունեցողներն ասում են, որ Գրիգոր Մինասյանի դեմ դեմարշը սկսել է Արփի Դավոյանը, որ իրենք մտադրություն չեն ունեցել նրա հրաժարականը պահանջելու, և եթե հիմա արդարադատության նախարար Մինասյանի փոխարեն նշանակվի Արփի Դավոյանը, արդար չի լինի, որովհետև նա կրթություն չունի, կիսագրագետ է, և այլն: Այս ամենն ասվում է Արփի Դավոյանի ու Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:

Ընդմիջումից հետո

Դրանից հետո հայտարարվում է ընդմիջում, որից հետո տեղի է ունենում քվեարկություն, որի արդյունքներով՝ 2 կողմ, 11 դեմ ձայներով Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում մերժվում է: Արփի Դավոյանին կողմ է քվեարկում միայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մեկ էլ ինքը՝ Արփի Դավոյանը: Նրա օգտին չեն քվեարկում անգամ նրանք, ովքեր երդվել են, որ իր կողմից են՝ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այլք:

Բնական է, որ սա չէր կարող տեղի ունենալ առանց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյի»: Ոչ ոք չէր համարձակվի Փաշինյանի մերձավորագույն զինակցի օգտին չքվեարկել, եթե չլիներ վերջինիս ցուցումը կամ առնվազն լուռ համաձայնությունը:

Թշնամանքի պատճառները

Արուսյակ Ջուլհակյանի և Արփի Դավոյանի թշնամանքը գալիս է դեռ այն ժամանակներից, երբ որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հանձնաժողովը նախընտրեց տեսնել ոչ թե Արփի Դավոյանին, այլ Արուսյակ Ջուլհակյանին: ՔՊ-ական մեր աղբյուրների պնդմամբ՝ դրանից հետո տարբեր առիթներով Արփի Դավոյանը բառացիորեն չոքել է Ալեն Սիմոնյանի կոկորդին ու պահանջել, որ Ջուլհակյանին հանեն, իրեն նշանակեն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ինչի մասին, բնականաբար, իմացել է Արուսյակ Ջուլհակյանը: Ինչ վերաբերում է հանձնաժողովին, այնտեղ Արփի Դավոյանին, մեղմ ասած, չեն սիրում:

Նոր թեկնածուն

ՔՊ վարչությունը մինչև երեքշաբթի ժամանակ ունի քննարկել ու քվեարկել նոր թեկնածուի հարցը: Եթե այս ընթացքում ոչինչ չփոխվի, այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի իր խոսնակ Նազելի Բաղդասարյանին բաց թողնել, հենց վերջինս էլ կներկայացվի՝ որպես արդարադատության նախարարի նոր թեկնածու: Նազելի Բաղդասարյանը, ով իրավաբանական կրթություն ունի, դեմ չէ նշանակվել արդարադատության նախարար:

Որպես վերջաբան

Երեկվա նիստը լավ դաս էր ՔՊ-ականների համար, ովքեր, իհարկե, գերադասում են ոչ թե այլոց սխալներից օգուտներ քաղել ու եզրակացություն անել, այլ հատուցել սեփական սխալների համար:

Որևէ մեկը Արփի Դավոյանի չափ ու նրանից շատ ծառայություն չի մատուցել Նիկոլ Փաշինյանին, նրա չափ ու նրանից շատ հավատարիմ չի եղել վերջինիս, բայց նրան «գցեցին» ամենադաժան կերպով սեփական իսկ թիմակիցները:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ