17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել սլովենական կողմին` այս բաց քննարկումը կազմակերպելու համար և հավելել.

«Համաշխարհային անվտանգության ճգնաժամը խարխլել է բազմակողմ համակարգը։ Մենք շարունակում ենք ականատես լինել հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվին, որոնք ծանր ազդեցություն են ունենում խաղաղ բնակչության վրա, ներառյալ ամենախոցելիների:

Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է դիմակայի այնպիսի իրավիճակներ ստեղծելու փորձերին, երբ միջպետական հարաբերություններում ուժի կիրառումը, ագրեսիայի գործողությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները նորմալ են համարվում։

Քանի որ այսօրվա քննարկման թեման «Առաջնորդություն հանուն խաղաղության» է, ես ուզում եմ կիսել իմ համոզմունքը, որ խաղաղությունը պահանջում է առաջնորդություն և անկեղծ քաղաքական քաջություն: Ես և իմ գլխավորած Կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի բացել տարածաշրջանի տնտեսական ներուժը և ամրապնդել տնտեսական և մշակութային կապերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության ձեռքբերմանը՝ ի շահ բոլոր ժողովուրդների։ Մենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը՝ մեր սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգի հիման վրա` հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը:

Միավորված ազգերի կազմակերպության ուժեղ և միանշանակ աջակցությունը Հայաստանի ջանքերին միտված տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը չափազանց կարևոր է:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ