Լուլուն ու Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ
«Հրապարակ»-ը գրում է. ՔՊ նախաձեռնող խմբի նախօրեի նիստին Լուսինե Բադալյանի` Լուլուի ելույթը բուռն քննարկումների առիթ է դարձել թիմում։ Նշենք, որ ըստ ՔՊ պաշտոնական հաղորդագրության՝ «քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր»։ Պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով։ Մեզ պատմեցին, որ Լուսինե Բադալյանը թիրախավորել է իր երկու թիմակիցներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Ընդ որում՝ ներկայացրել է դրվագներ, որոնցից ՔՊ-ում տպավորություն են ստացել, թե Լուլուն ինչ-ինչ մարդկանց պատվերով է նման մեղադրանքներ հնչեցնում կուսակիցների հասցեին՝ առանց հիմնավոր ապացույցներ ներկայացնելու։
Օրինակ, խոսել է Անահիտ Ավանեսյանի ոչ կոմպետենտության, ինչ-ինչ շահեր հետապնդելու մասին եւ մեղադրել է, որ համաձայնություն չի տալիս, որ Ստեփանավանի ԲԿ-ն Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն գնի եւ զարգացնի։ Տիգրան Ավինյանի վերաբերյալ էլ ասել է, որ բոլոր կողմերից լսում ենք, որ Ավինյանը աստղաբաշխական թվերով շինթույլտվություններ է վաճառում, սակայն որեւէ օրինակ, որ իրեն հայտնի է` չի ներկայացրել։ Եթե ՔՊ-ում մի փոքր հատված կարծում է, որ Անահիտ Ավանեսյանի դեմ արշավը անձնական դրդապատճառ ունի, քանի որ Լուլուի մտերիմ պատգամավորներից մեկն է հավակնում Ավանեսյանի պաշտոնին, ապա մյուս մասն էլ համոզված են, որ Լուլուն հայտնի օլլիգարխի շահերն է սպասարկում, հակառակ պարագայում Ավանեսյանին քննադատելու լիքը այլ` ավելի հիմնավոր պատճառներ կան։ Ի դեպ, առողջապահության նախարարը ներկա է եղել նիստին, սակայն ելույթ չի ունեցել։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: