22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանից

«Հրապարակ»-ը գրում է. «Հինգշաբթի օրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող նիստն անցել է բուռն մթնոլորտում։ Կուսակցությունից չորուցամաք հայտնեցին միայն․ «Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով»։

Սակայն երեք ժամանոց նիստի ընթացքում տասնյակ ՔՊ-ականներ` առանց անուններ տալու, ելույթներ են ունեցել, արձանագրել, որ կոռուպցիան ոչ միայն սողոսկել է, այլեւ արմատավորվել հեղափոխական իշխանության մեջ եւ այդ մասին են փաստում տարատեսակ ինֆորմացիաներն ու մամուլի հրապարակումները: Այս թեմայով բավականին բոցաշունչ ելույթ է ունեցել նախկին գայիշչնիկ Արմեն Խաչատրյանը, ասել է, որ մինչ նախկիններին են քննադատում, այսօրվա իշխանություններից շատերն իրենց ունեցվածքով անգամ գերազանցում են նրանց, բայց անուններ չի տվել, ընդամենը նշել է, որ տեսնում-լսում են ամեն ինչի մասին։

ՔՊ-ում միաձայն քննադատել են նաեւ վարվող կադրային քաղաքականությունը, դժգոհել, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կադրերը բարձր պաշտոններ են զբաղեցնում, ինչը հանրության կողմից, մեղմ ասած, «լավ չի ընկալվում»։ Ծավալուն զեկուցով է հանդես եկել ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, ով զեկույցի առյուծի բաժինը նվիրել է արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանին` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբորը։

Ասել է՝ հերիք չէ, որ ինքը նշանակվել է բարձր պաշտոնի, իր կադրային քաղաքականությունն էլ իրականացնում է նախկինների միջոցով, առանցքային պաշտոններին նշանակում է նախկիններին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Հնչել են անուններ՝ արդարադատության փոխնախարարի պաշտոնում վերջերս նշանակված Սիրվարդ Գեւորգյանին է հիշել, ով Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել, նաեւ` մտերիմը, թեեւ` հանուն պաշտոնի, փոխնախարարն ուրացավ այդ մտերմությունը եւ անգամ Նիկոլ Փաշինյանին սեր խոստովանեց։ Դավոյանը խոսել է ինչ-որ փորձագիտական վարչության ղեկավարի մասին եւս, որը նախկիններից է ու հեգնել է՝ արդյոք տվյալ պաշտոնյան կարո՞ղ է անաչառ փորձաքննություն իրականացնել նախարարի եղբոր, հոր նկատմամբ հարուցված գործերով։

Հիշատակվել է նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, որը Երևանի նախկին փոխքաղաքապետ, «Դիմադրություն» շարժման հանրահավաքների ակտիվ մասնակից Վահե Նիկոյանի եղբայրն է, որն աշխատել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին, բայց հրաժարվել էր աշխատել Հայկ Մարությանի հետ։ Եւ չնայած բազում պաշտոններ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ են համալրվում եւ բնական է, որ նա է դրանց «դաբրո» տալիս, սակայն խոսակցությունը թեժ է ստացվել։

Ի դեպ, պատմեցին, որ Դավոյանից բացի այլ ՔՊ-ականներ էլ են Գրիգոր Մինասյանի նշանակումը քննադատել, իսկ Արման Եղոյանն ասել է, որ եթե անգամ Մինասյանը սուպեր մասնագետ է, ապա Միշիկի եղբայր լինելու համար անթույլատրելի էր նրա նշանակումը։ Ի դեպ, Գրիգոր Մինասյանի նշանակման պահին էլ ՔՊ-ում շատերը դեմ էին դրան, բայց Փաշինյանը միանձնյա որոշում կայացրեց:  Հատուկենտ առարկություններ են հնչել, որ կադրային քաղաքականության հարցում սխալ է առաջնորդվել «պոլի փետ լինի` ՔՊ-ից լինի» հայտնի լոզունգով, սակայն նման բան ասողներն էլ են հավելել, որ իրենք էլ չեն ողջունում նախկին կարկառուն անձանց հետ ուղիղ կապ ունեցողների նշանակումը»։

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ