Փաշինյանի համար լավագույն ելքը
«Փաստ»-ը գրում է.
«Արդեն վաղուց նորություն չէ, որ ներքաղաքական «հարցեր լուծելու» Նիկոլ Փաշինյանի մեթոդը առաջին հերթին «իրավականն» է: Հիմա էլ նա իր «ռեպերտուարի» մեջ է: Մի կողմից՝ նա ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների (հերթական, թե արտահերթ, կարևոր չէ), մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ սեպտեմբերի 22-ից մեկնարկելու է, այսպես կոչված, «թեժ աշունը»՝ առաջին հերթին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման միջոցով: Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ընդդիմության ու շարժման շարքերը հնարավորինս թուլացնել:
Դրա համար էլ նա նորից իրավապահ համակարգը լծել է գործի. օրինակները աչքի առջև են, հերթով նորից թվարկելն անիմաստ է: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար աթոռը պահելը դարձել է կենաց-մահու խնդիր: Նա, ըստ երևույթին, հասկանում է, որ իշխանափոխությունից հետո կարող են իր հետ վարվել այնպես, ինչպես ինքն է վարվել ընդդիմադիրների հետ անցած տարիներին՝ սկսյալ 2018 թվականից:
Ըստ այդմ, այդ մտավախությունից ելնելով, մեր տեղեկություններով, նա խնդիր ունի ամեն ինչ անել, որ իշխանության չգան այսօրվա տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչները: Փաշինյանի համար լավագույն ելքը կլինի, եթե իրեն փոխարինի որևէ նոր, այլընտրանքային ուժ, ընդհուպ՝ այնպիսին, որը ոչ մի կերպ կապված չի լինի այսօրվա «խաղացողների» հետ, և որը կառաջարկի հաշտության արդարադատության ճանապարհը»:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: