Սա ՀՀ պատմության մեջ գրեթե աննախադեպ խայտառակ երեւույթ է
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՔՊ-ականները շարունակում են արհամարհել պետական արարողակարգի անգամ տարրական պահանջները, ինչն էլ, ցավոք, խիստ բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի արտաքին վարկանիշի վրա։ Այպիսով, ՔՊ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով այս տարվա օգոստոսին նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան, սեպտեմբերի 11-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, ինչը պաշտոնապես ազդարարում է լիազորությունների ստանձնումը։
Մինչդեռ պետական արարողակարգի համաձայն՝ դեսպանի պաշտոն ստանձնելիս սովորաբար հավատարմագրերի պատճենը պաշտոնյան հանձնում է այն պետության ղեկավարին, որտեղ իրացնելու է պարտականությունները։ Այդպես էր նաեւ, օրինակ, երբ 2022 թվականին ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր լիազորությունները ստանձնելիս հավատարմագրերի պատճենը հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. սակայն Արսենյանին Պուտինը չի ընդունել:
ՔՊ-ականները որոշել են արտաքին աշխարհի «կարծրատիպերը» կոտրել ու չպահպանել պետական արարողակարգի կանոնները։ «Ժողովուրդ» օրաթերթը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նկատեց, որ Գուրգեն Արսենյանը դեսպանի պաշտոն ստանձնելիս, չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ոչ թե ՌԴ նախագահին, այլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, ինչը ՀՀ պատմության մեջ գրեթե աննախադեպ երեւույթ է, եթե ոչ՝ խայտառակություն»։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: