22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ահազանգ. ծնողը բարձրաձայնում է մանկապարտեզում կիրառված բռնության մասին

«Փաստինֆոն» գրում է, որ ահազանգ է ստացել ընթերցողից՝ մանկապարտեզում իր երեխայի նկատմամբ կիրառված բռնության մասին։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի թիվ 48 մանկապարտեզում, որտեղ դաստիարակը՝ Սերինե Կիրակոսյանը, ըստ ծնողի, բռնություն է գործադրել 3 տարեկան երեխայի նկատմամբ։

Ահազանգած Մաշա Մաթևոսյանի փոխանցմամբ՝ երեխան մանկապարտեզ է ընդունվել լիովին առողջ, հիմա էլ առաջին հայացքից ոչ մի խնդիր չունի։

«Լիովին առողջ երեխային տարել եմ մանկապարտեզ՝ առանց որևէ դիագնոզի։ Երբ արդեն մանկապարտեզ տարա՝ ինչ-որ փուլում սկսեցի զգալ, որ երեխան որոշակի խնդիրներ ունի։ Դիմեցինք հոգեբույժի, ասացին, որ ներառական երեխա է, ունի խնդիրներ, ախտորոշում տվեցին հոգեխոսքային զարգացման հապաղում, աուտիկ սիմպտոմատիկա վարքային խանգարումով։ Հիմա երեխան հաշմանդամության կարգ ունի, բայց ես որևէ բան չեմ թաքցրել, դիմել եմ մանկապարտեզի տնօրենին, պահանջել եմ, որ տրամադրեն հոգեբան և լոգոպետ»։

Մաթևոսյանը պատմեց, որ բռնության դեպքերը բացահայտվել են, երբ երեխային տարել է վարքային թերապիայի, հոգեբանի և լոգոպետի մոտ։ «Այդ մարդիկ աշխատում են երեխայի հետ, չէին կարողանում կոնտակտ ստեղծել, որովհետև երեխան որոշակի վախեր ուներ մանկապարտեզից, մենք չէինք կարողանում հասկանալ, թե որտեղից է խնդիրը։ Միշտ նյարդային էր, դյուրագրգիռ, լացակումած, երբ գնում էի վերցնելու՝ ընկճված էր լինում, խփում էր, գոռում էր, այսինքն՝ այն վարքը, որ իր հանդեպ դրսևորվում էր՝ նա իմ հանդեպ էր կիրառում, նման երեխաները ընդօրինակում են վարքը, ինչպես իրենց են վերաբերվում՝ նույնկերպ էլ ինքն է վերաբերվում»,- ասաց մայրը ու ավելացրեց, որ, երբ երեխայի վրա կապտուկներ ի հայտ եկան, դաստիարակն ասում էր, թե երեխան իրեն վատ է պահում։ Ընդ որում, դա ասում էր երեխայի ներկայությամբ։ Ներառական կրթություն ունեցող երեխայի մասին, ով առանձնահատկություն ունի, նման կերպ չեն վերաբերվում, ու դեռ մի բան էլ ասում են, թե երեխան ինքնավնասում է արել։ Նկարներից երեւում է, որ դա ինքնավնասում չէ, իրենք մտածել են, որ երեխայի դեմքին մատների հետքեր չլինեն՝ հետևին են խփել, որպեսզի մտածեն, թե երեխան ընկել է, սայթաքել է»։

Մ. Մաթեւոսյանի խոսքերով՝ տնօրենն իրենց առաջարկել է երեխային մեկուսացնել կամ դեղորայք տալ։ «Բայց իմ երեխան դեղորայքի երեխա չի, գիտակից երեխա է, պարզապես պետք է նրան հասկանալ։ Հիմա չեմ տանում մանկապարտեզ, որովհետև գիտեմ, որ եթե երեխային տանեմ՝ ավելի վատ վիճակի մեջ է հայտնվելու։ Բանը հասել էր այնտեղ, որ երեխային հասցրել էին կակազության, մեկ ամսվա ընթացքում, ինչ չենք գնում մանկապարտեզ՝ այդ խնդիրը գրեթե վերացել է»,- ասաց նա։

«Փաստինֆո»-ն զրուցել է նաև մանկապարտեզի տնօրենի հետ։ Մարինե Ամիրյանը մեզ նախ ասաց, որ տեղյակ չէ միջադեպի մասին և դաստիարակի հետ զրուցելու կարիք ունի։ Իսկ քիչ անց, վկայակոչելով դաստիարակի խոսքերը, նշեց, թե երեխան մահճակալից իջնելիս մեջքը վնասել է։ «Քերծվել է, ասաց, որ ինքն է ծնողին ներկայացրել պատճառը, ասել, որ իջնելիս մեջքը քսել է մահճակալի եզրին ու վնասել »։

Հարցին, թե ինչու են խնդիր ունեցող երեխային մահճակալի բարձր հատվածում տեղ հատկացրել՝ ոչ թե ներքևում՝ տնօրենը պատասխանեց. «Հո չի ընկել, իջնելիս ուղղակի կպել է ու հետք է մնացել, քերծվածք է ուղղակի։ Դրանից հետո երեխան 3 ամիս հաճախել է ու խնդիր չի եղել»։

Ծնողը պնդում է որ մեկ դեպքի մասին չի խոսքը, ինչի մասին նաեւ տնօրենին է դիմել, սակայն վերջինս պնդեց, թե ինքը նկար չի հիշում, բայց չէր կարղ չհիշել կամ ընթացք չտալ մի հարցի, որ վերաբերում է երեխայի բռնությանը։

«Ո՞նց կարող է հատուկ կարիք ունեցող երեխայի նկատմամբ բռնություն կիրառվի, ինչպե՞ս կարող է նման բան լինել, ավելին՝ մենք խոսում ենք մի դաստիարակի մասին, որը բավականին պարկեշտ խելացի մասնագետ է։ Ես բացառում եմ, որ բռնության դեպք լինի»,- պնդեց տնօրենը։

Կարծում ենք՝ Երեւանը քաղաքապետարանը պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնի նշված դեպքը ու պարզի, թե արդյոք ներառական կրթության կարիք ունեցող երեխայի նկատմամբ հիշյալ մանկապարտեզում պատշաճ վերաբերմունք է դրսեւորվել։

Կից լուսանկարները տրամադրել է երեխայի մայրը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ