ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ. պատճառը Մոսկվայի աջակցությունն է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող «միջանցքին»
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին. պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է միջանցքի նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ։ Այս մասին Yerevan.Today-ի փոխանցմամբ՝ հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:
Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները:
ԻՌՆԱ գործակալությունն իր հերթին մանրամասնում է, որ Իրանի արտգործնախարարի օգնականը և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:
Դեմիրչիլուն երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի դեսպան Դեդովի հետ հանդիպման ժամանակ նաև ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Երկու դիվանագետները, մտքեր փոխանակելով Կովկասում ընթացող զարգացումների շուրջ, նշել են ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգումը, որոնք, նրանց կարծիքով, կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են։
Դեմիրչիլուն և Դեդովը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման և տնտեսական ծրագրերի իրականացման համար՝ նկատի ունենալով բոլոր կողմերի շահերը։
Խոսվել է նաև 3+3 խորհրդատվական ձևաչափի առաջիկա հանդիպման մասին, որը ներառում է հարավկովկասյան երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Ձևաչափը վերաբերում է տարածաշրջանում անվտանգությանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին։