Երկու երկրաշարժ է գրանցվել
Մարտի 19-ից մինչև 25-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է երկու երկրաշարժ: Մարտի 24-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.7) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքից 14 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժն զգացվել է Ստեփանավան քաղաքում, Ուրասար և Կաթնաղբյուր գյուղերում` 4-5 բալ ուժգնությամբ, Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում` 3-4 բալ ուժգնությամբ: Նույն օրը 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Տաշիր քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից երեքը` 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5.-2.8) Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Մարտի 19-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Մարտի 21-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում` Սարիղամիշ քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևմուտք:
Մարտի 23-ին Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում` Շեքի քաղաքից 50 կմ դեպի արևելք տեղի ունեցած ստորգետնյա ցնցման ուժգնությունն էր 4 բալ (մագնիտուդ 3): Մարտի 25-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.5) սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ադրբեջանում` Գյանջա (Գանձակ) քաղաքից 15 կմ դեպի հարավ:
Տարածաշրջանից դուրս. մարտի 23-ին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի ափամերձ գոտում` Չիլիի Արիկա քաղաքից 122 կմ դեպի արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
«ՍՊԾ» գործակալություն