27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համայնքների խոշորացում. Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում

Մարտի 19-ին Կառավարության նիստում հաստատված համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մեկնարկը, որը նախատեսում է 3 մարզում հանրաքվեների կազմակերպում, շարունակում է լայն քննարկումների և որոշ դժգոհությունների արժանանալ:

Դրանց հեղինակները, հիմնականում, տարբեր համայնքների ղեկավարներն են, որոնք մտավախություն են հայտնում, որ համայնքների խոշորացմամբ կկրճատվեն որոշ աշխատատեղեր, կդժվարանա վարչարարության իրականացումը, և որ բնակիչները ստիպված կլինեն ամեն մի հարցով հարևան համայնք գնալ, ինչը մեծ դժվարություն է ներկա ենթակառուցվածքների (մասնավորապես՝ ճանապարհների) ոչ բարեկեցիկ վիճակի պատճառով:

Նախօրեին համայնքների խոշորացման ծրագրին է անդրադարձել նաև տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, ով նշել է, որ ծրագրի հիմքում լուրջ տնտեսական աշխատանք կա, սակայն իշխանության նկատմամբ անվստահության պատճառով այս ծրագիրը կձախողի և կնպաստի արտագաղթին: Խոշորացման ծրագրի քննադատները ներկայացնում են մի քանի փաստարկներ, որոնց կցանկանայինք անդրադառնել.

1. Գյուղերի բնակիչները դեմ են այս ծրագրին: Անշուշտ, ցանկացած ծրագրի մասին կլինեն և դրական, և բացասական կարծիքներ, և դա բնական է, հատկապես այն պարագայում, որ բնակչության մեծամասնությունը, կարծում եմ, դեռևս չի տիրապետում ծրագրի մասին ամբողջական տեղեկատվության և առաջնորդվում է տարատեսակ մեկնաբանություններով: Եվ եթե հաշվի առնենք, որ ծրագրի իրականացման առաջին փուլը հանրաքվեն է, վերանում են այն մտավախությունները, որ գյուղացիների կամքը հաշվի չի առնվի: Ի վերջո, բնակիչներն իրենք պետք է ընտրեն՝ կո՞ղմ են համայնքների խոշորացմանը, թե՝ ոչ:

2. Համայնքի ղեկավարները նշում են, որ այս ծրագրով կկրճատվեն աշխատատեղեր, ինչպես նաև գյուղացիները ստիպված կլինեն տարբեր փաստաթղթերի համար գնալ հարևան համայնք: Կառավարության ծրագիրն ի սկզբանե նախատեսում է, որ յուրաքանչյուր համայնքում կգործեն վարչական ներկայացուցիչներ, ովքեր կներկայացվեն գյուղի ներկայացուցիչների ժողովի կողմից և կկարգավորեն տվյալ գյուղին առնչվող մի շարք հարցեր` տեղեկանքների տրամադրում, թույլտվություններ և այլն: Այսպիսով բնակիչները կազատվեն նման հարցերով վարչական կենտրոն գնալու անհրաժեշտությունից: Կառավարման գործընթացներում գյուղերի մասնակցությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր գյուղից մեկ ներկայացուցիչ անպայման ընդգրկված կլինի համայնքի ավագանիում, իսկ ավագանու մնացած անդամները կընտրվեն ըստ բնակչության թվի: Սա, անշուշտ, կնպաստի, որպեսզի համայնքում ընդունվող որոշումներում ներկայացված լինեն բոլոր գյուղերի շահերը: Իսկ վարչական ծախսերի արդյունավետ կառավարման արդյունքում խնայված գումարները կուղղվեն միավորվող համայնքներում տարբեր խնդիրների լուծմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը նաև կարող է կոմպենսացնել կրճատվող աշխատատեղերի քանակը:

3. Կառավարությունն այս ծրագրով ցանկանում է «թաքցնել» միավորվող համայնքներում առկա բնակչության իրական թվաքանակը, այն է՝ «գյուղերի դատարկվելը»: Այս պնդումը հիմնավոր չէ այն տեսանկյունից, որ համայնքների միավորմամբ չեն փոխվի տվյալ համայնքներում անցկացվող մարդահամարի արդյունքները, և պատկերն այս իմաստով անփոփոխ կլինի:

Եվ հետո, Կառավարության գործունեության կարևորագույն հարցերից մեկը մշտապես եղել և մնում է արտագաղթի նվազեցմանն ուղղված ծրագիրը, և պատկան մարմինները երբեք չեն ժխտել արտագաղթի գոյությունը Հայաստանում: Մյուս կողմից, ուրբանիզացիան բնորոշ է ոչ միայն Հայաստանի նման զարգացող, այլև շատ այլ առաջադեմ երկրներին, և սա մեր ժամանակաշրջանին բնորոշ միտումներից է:

Անշուշտ, այդ գյուղերում առկա են բազում խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն և որոշ դեպքերում նաև արտագաղթի պատճառ են հանդիսանում: Եվ առկա ռեսուրսների ճիշտ կառավարումն այն քայլերից մեկն է, որ կարող է հանգեցնել նման խնդիրներից առավել հրատապների լուծմանը:

Այս ամենով հանդերձ համոզված ենք, որ համայնքների խոշորացման գործընթացը՝ որպես պիլոտային ծրագիր, դեռևս լրացումների և շտկումների կարիք ունի, ինչն անհրաժեշտ է ընթացիկ տարբեր խնդիրների լուծման ուղիների բացահայտման տեսակետից: Իսկ մայիսի 17-ին կայանալիք հանրաքվեները տարատեսակ կարծիքներից զատ լավագույնս կարտացոլեն Կառավարության նկատմամբ բնակչության վստահությունն ու դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ՝ հետագայում հնարավորություն տալով շտկել ընթացքում նկատվող խնդիրները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ