23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան

Առաջիկա օրերին հանրապետությունում հորդառատ տեղումներ ու գետերում վարարումներ չեն կանխատեսվում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հուրախություն մեզ, տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ։ Ճիշտ է Լոռի, Տավուշ հատվածում եղան տեղումներ, սակայն դրանք 4-5 անգամ ավելի թույլ են, քան նախորդ օրվա ընթացքում եղած անձրևները։ Առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում, կլինեն ներզանգվածային տեղումներ, սակայն դրանք առանձնապես չեն ազդի գետերի հոսքի վրա։ Գետերում վարարումների հավանականություն չկա»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա մասնագետը տեղեկացրեց, որ այսօրվանից արդեն հարավ արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք, ինչը կշարունակվի մինչև մայիսի 31-ը։ Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 4-6 աստիճանով։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Արդեն մայիսի 30-ին և 31-ին Երևանում և Արարատյան դաշտում կգրանցվի +30 աստիճան տաքություն։

Խոսելով մայիսին գրանցված եղանակային պայմաններից՝ Գագիկ Սուրենյանը, նշեց, որ Հայաստանում մայիսը, սովորաբար համարվում է տարվա ամենա տեղումնառատ ամիսը։ Թեպետ այս տարի գարնան վերջին ամիսն իր տեղումների ծավալով ու ուժգնությամբ զարմացրեց նույնիսկ օդերևութաբաններին։ Իհարկե, նախապես կանխատեսվել էր, որ մայիսը լինելու է անձրևային ու խոնավ, սակայն ցիկլոնը դրսևորվեց Հայաստանին ոչ այդքան բնորոշ տեղումների ինտենսիվությամբ, կարկտահարությունների մեծ մասշտաբներով, ամպրոպների հաճախականությամբ։

«Մայիս ամսվա ընթացքում գրեթե բոլոր մարզերում ունեցանք կարկտահարություններ։ Հատկապես խոցելի եղան Արմավիրի, Արագածոտնի մարզերը, որտեղ նույնիսկ մի քանի անգամ եղան կարկտահարություններ։ Նաև ինտենսիվ տեղումների դեպքեր գրանցվեցին Երևանում, եղան հեղեղումներ, առանձին հատվածներում՝ ջրածածկումներ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Համեմատության համար մասնագետը նշեց՝ մայիսի 2-րդ տասնօրյակում եղել է օր, երբ Երևանում ամսվա տեղումների նորմայի 40 տոկոսը թափվել է մեկ ժամվա ընթացքում։ Առատ տեղումները հանրապետությունում շարունակվել են նաև մայիսի վերջին՝ հանգեցնելով մեծ ավերածությունների։

Հատկապես տուժել են Լոռու և Տավուշի մարզերը։ Մայիսի 25-26-ն ընկած ժամանակահատվածում Լոռու, Տավուշի հատվածում այնքան շատ տեղումներ են եղել, որքան Երևանում նորմայով լինում է ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Հորդառատ անձրևներով պայմանավորված տեղի ունեցան գետերի վարարումներ, որոնք 1959 թվականից այս կողմ 2-րդ էին իրենց ծավալներով։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ