22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունն արտաքին պարտքը կրկին մեծացնում է

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագրին, փոխանցում է yerevan.today-ը:

Նշենք, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման նպատակով ՎԶԵԲ-ից ներգրավվել են 14.6 մլն եվրո ծավալով վարկային և 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արևելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության («E5P») տարածաշրջանային հիմնադրամից: Վարկային և դրամաշնորհային միջոցների ներգրավումն իրականացվել է երեք տրանշներով. վարկի 5.3-ական մլն եվրո ծավալով երկու տրանշները և 2.65-ական մլն եվրո ծավալով ՎԶԵԲ երկու դրամաշնորհներն ուղղված են ճանապարհաշինությանը, իսկ վարկի 4 մլն եվրո ծավալով երրորդ տրանշը և E5P դրամաշնորհը՝ քաղաքային լուսավորության արդիականացմանը:

2021թ. հայկական կողմը դիմել էր ՎԶԵԲ` Գ տրանշի ամբողջ վարկային միջոցները ճանապարհաշինությանն ուղղելու կապակցությամբ, քանի որ ըստ նախնական հաշվարկների` դրամաշնորհային միջոցները բավարար են ծրագրի փողոցային լուսավորության բաղադրիչի համար: Մասնավորապես, առաջարկվել էր վարկային միջոցներով իրականացնել Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերի ողջ փողոցային ցանցի հիմնանորոգումը, իսկ դրամաշնորհային միջոցներով՝ նույն թաղամասերի և Անի թաղամասը քաղաքին կապող Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը:

Ի պատասխան՝ ՎԶԵԲ-ը հայտնել էր, որ առաջարկը կարող է դիտարկել միայն անկախ փորձագետի կողմից կատարված տեխնիկատնտեսական ուսումնասիրության պարագայում: Վերջինով անկախ փորձագետի կողմից ներկայացվել է Ծրագրի Գ տրանշի նոր շրջանակը, որն ընդգրկում է թե՛ ճանապարհաշինության, թե՛ փողոցային լուսավորության բաղադրիչներ: Ընդ որում՝ նոր շրջանակի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 10.2 մլն եվրո՝ վարկով և դրամաշնորհով հատկացված 6 մլն եվրոյի փոխարեն: Հավելյալ 1.5 մլն եվրո կպահանջվի աշխատանքների իրականացման աջակցության և տեխնիկական վերահսկողության համար: Առաջացած ֆինանսական բացը (5.7 մլն եվրո) նախատեսվում է լրացնել հետևյալ աղբյուրներից.
Ա և Բ տրանշների վարկային և դրամաշնորհային միջոցների խնայողություն (շուրջ 2.3 մլն եվրո), վարկի ավելացում՝ 2.72 մլն եվրո ծավալով նոր տրանշի սահմանմամբ, ծրագրի իրականացման աջակցության ներգրավում ՎԶԵԲ-ից՝ 0.75 մլն եվրո ծավալով:

Արդյունքում՝ ներկայումս նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև վարկային համաձայնագրում, որով կնախատեսվի 2.72 մլն եվրո արժողությամբ նոր՝ Դ տրանշ՝ ուղղված Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:

Միևնույն ժամանակ վարկային համաձայնագրում կկատարվի մեկ այլ փոփոխություն, որով վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ կսահմանվի մինչև 2028թ. նոյեմբերի 28-ը: Վերջինս զուգահեռաբար կտարածվի նաև Ա և Բ տրանշների դրամաշնորհային համաձայնագրերի համար, քանի որ դրանց վերջնաժամկետը փոխկապակցված է վարկի վերջնաժամկետին, իսկ Գ տրանշի դրամաշնորհային համաձայնագրի համար իրականացվել է առանձին փոփոխություն՝ սահմանելով նույն վերջնաժամկետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ