22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Կառուցվել է 17-րդ դարում, խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակով։

Ամբողջությամբ վերանորոգվել է 2014-2016 թվականներին։

Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառում (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մուշկապատում։

Բարձր է ծովի մակերևույթից 1019 մ։

Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն ճարտարապետական ոճը, հորինվածքային առանձնահատկությունները, պատերին ագուցված խաչքարերը, գերեզմանոցի տապանաքարերը թույլ են տալիս եկեղեցին վերագրել 17-18-րդ դարերին։

Պարզ թաղակապ սրահ է, արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով, որի հյուսիսային և հարավային պատերին առկա են երկու փոքրաչափ, կամարակապ խորշեր։

Երկայնական թաղը հենված է պատերի որմնամույթերից սկիզբ առնող սլաքաձև հինգ կամարների վրա։

Հյուսիսային պատին տեղադրված է մկրտության ավազանը՝ առնված քարե կամարակապ խորշի մեջ։

Միակ մուտքն արևմտյան ճակատից է։

Լուսավորվում է արևելյան, հարավային և արևմտյան կողմերում բացվող մեկական փոքր լուսամուտներով։

Սրահի արևմտյան պատի ստորին հատվածում՝ մուտքից անմիջապես աջ, թեքադիր ագուցված է նվիրատվական բնույթի արձանագիր մի խաչքար։

Եկեղեցու հարավային կողմում կցակառուցված է ուղղանկյուն հատակագծով, ոչ մեծ չափերի մատուռ-ավանդատունը։

Վերջինիս միակ մուտքը բացված է եկեղեցու հարավային պատին՝ խորանի հարևանությամբ։

Մատուռի հյուսիսային պատին՝ կամարակապ խորշի մեջ, պահպանվել է մկրտության ավազանը։

Ուշագրավ է վերջինիս ճակատային հատվածում միաձույլ քանդակված երեք խաչապատկերը և այնտեղ արձանագրված Ավազանս Ահրյահամին հիշատակագրությունը։

Մատուռը լուսավորվում է արևելյան և արևմտյան ճակատներից բացվող փոքր լուսամուտներով։

Մատուռի ուղղանկյունաձև խորանից բացված լուսամուտի ստորին հատվածում՝ փոքր խորշի մեջ, ագուցված է նվիրատվական բնույթի փոքրաչափ խաչքար՝ հետևյալ արձանագրությամբ՝
Խաչս Հատուտէն։

Ըստ Սարգիս Ջալալյանցի՝ մատուռը կրում է Սուրբ Վարդան անունը, որտեղ «բազմաթիվ ուխտավորներ էին հաճախում»։
Եկեղեցին և մատուռը կառուցված են տեղական կիսամշակ և կոպտատաշ քարերով, շքամուտքի, լուսամուտների, որմնամույթերի եզրաքարերը, որմնասյուները և թաղակիր կամարները սրբատաշ են։

Եկեղեցու արևմտյան բակում գտնվող գերեզմանատունը ունի 18-19-րդ դարերի արձանագիր տապանաքարեր։

Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։

2014-2016 թթ․ ամբողջությամբ վերանորոգվել է, այդ ժամանակ էլ վերականգնվել է վեցասյուն ռոտոնդան։

Վերանորոգման ֆինանսավորումը իրականացրել են մուշկապատցի, մոսկվաբնակ բարերար Անդրեյ Մարտիրոսովը, «Արևելյան պատմական ժառանգություն հիմնադրամը» և Արցախի Հանրապետության կառավարությունը։

2023 թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով Մուշկապատ գյուղն ամբողջությամբ հայաթափվել է։

Ներկայումս անհայտ է հուշարձանի վիճակը։

Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցուն անդրադարձել է եկեղեցական գործիչ, գրող, հնէաբան Սարգիս արքեպիսկոպոս Ջալայանցն իր «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» գրքում։

Եկեղեցու մասին հիշատակվում է նաև ազգագրագետ, բանահավաք Մակար Եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ։
Եկեղեցին պարզ, ուղղանկյուն թաղակապ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով և բարձրադիր բեմով։

Եկեղեցու հարավային կողմին կից կառուցված է ոչ մեծ մատուռ, որի միակ մուտքը եկեղեցու սրահի հարավային պատից է։

Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա են երկու ոչ մեծ խորշեր։

Հյուսիսային պատին գտնվում է մկրտության ավազանը։

Սրահի կենտրոնական հատվածում վեր է բարձրանում զանգակատուն-ռոտոնդան։
Կառուցվել է տեղական քարով, ներսը սվաղված է։

Շքամուտքի և լուսամուտների եզրաքարերը, որմնասյուները, կամարները, բեմը և աստիճանները, Սուրբ սեղանը շարված են սրբատաշ քարերով։

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ