26 Փետրվարի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ես չեմ զարմանա, որ Ալիևը յոթ տարի հետո իր հաջորդ ընտրություններում քվեարկի ոչ թե Ստեփանակերտում, այլ Գորիսում, Վարդենիսում կամ Վայքում»

Արմեն Աշոտյան (3)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխանել է հայրենիքի ապագայի մասին քաղաքացիների՝ իրեն ուղղված հերթական հինգ հարցին: Գարիկ Նալչաջյան. «Ես կարծում եմ՝ առաջիկայում հնարավոր չէ դուրս չգալ փողոց, ինչքան էլ դուք փակի տակ եք, կիմանաք: ՀՀԿ-ն կառաջնորդի՞ պայքարը»:

Արմեն Աշոտյան. «Ակնհայտ է, որ զայրույթը և բողոքի էներգիան ոչ միայն չեն կորել, այլև շարունակաբար կուտակվում են հասարակության բոլոր ծալքերում: Վերջին սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է: Մնում է վիժեցնել նրա իշխանությունը: Այստեղ առաջանում է երեք հարց. ե՞րբ, ինչպե՞ս և ո՞վ պիտի դա անի: «Երբ» հարցին անդրադառնալիս՝ պետք է ազնվորեն խոստովանել, որ դեռ երեկ պետք էր իշխանազրկել Նիկոլին, և մենք բաց ենք թողել դա անելու մի քանի հնարավորություն: Բողոքի նոր ալիքը, որն անխուսափելի է, պետք է ոչ թե պարզապես պարպի դժգոհության էներգիան, այլ հանգեցնի գլոբալ նպատակին: Ուստի ինքս, ունենալով անհամբերություն այդ հարցով, միաժմանակ առաջարկում եմ ազնվորեն ասել. մենք պատրա՞ստ ենք հենց հիմա դա անելու: Ես բանտախցում դա դժվար եմ զգում: Եթե հասարակության պուլսը արդեն հենց այդպիսի է, ուրեմն եկեք սկսենք և հաջողությամբ ավարտենք այդ առաքելությունը:

«Ինչպես» հարցը ոչ այնքան տեխնիկական է, որքան սկզբունքային: Գնալ մինչեւ վերջ: Սա իմ պատասխանն է այդ հարցին: Եթե 2018-ին խաբված և միամիտ ժողովուրդը «մերժում էր» Սերժին, ապա հիմա սթափված և պատվախնդիր ժողովուրդը պետք է ոչ թե մերժի, այլ շպրտի Նիկոլին: «Ով» հարցը ունի երկու փոխլրացնող պատասխան. առաջինը՝ հայ ժողովուրդը, երկրորդը՝ առաջնորդություն և պատասխանատվություն ստանձնած կորիզը, որը բաղկացած պետք է լինի առողջ քաղաքական, հասարակական, ազգային ուժերից: Այո, ՀՀԿ-ն ունեցել է իր լուրջ դերակատարությունը մինչ այսօր նախաձեռնած շարժումներում և լիովին պատրաստ է զգալի մաս կազմել նոր շարժման: Իսկ համապատասխան կոնսենսուսի դեպքում՝ նաև առաջնորդել այդ պայքարը»: Սվետա Մանուկյան. «Ալիևը Ստեփանակերտում ընտրեց ինքն իրեն: Մենք ո՞նց ենք Արցախը հետ բերելու»: Արմեն Աշոտյան. «Արցախը հետ բերելու համար նախ և առաջ մենք պիտի հետ բերենք ինքներս մեզ: Մենք կորցրել ենք Արցախը, Հայաստանի՝ մոտ 250 քկմ, 5000 մարդ, որովհետև կորցրել ենք ինքներս մեզ, մեր արժանապատվությունը, մեր խիղճը, մեր հավատը, մեր բարոյականությունը, մեր եսը: Եթե այդ ամենը չվերականգնենք, ապա ոչ միայն ոչինչ հետ չենք բերելու, այլև թույլ ենք տալու, որ Ալիևը 7 տարի հետո իր հաջորդ ընտրություններում քվեարկի ոչ թե Ստեփանակերտում, այլ Գորիսում, Վարդենիսում, կամ Վայքում: Ալիևը ոչ միայն ինքն իրեն է ընտրել, այլև Նիկոլին է պաշտպանում, որպես Հայաստանի ղեկավարի: Եվ եթե Ադրբեջանի նախագահի ընտրության վրա մենք ազդել չենք կարող, ապա Հայաստանի ղեկավարին ինքնություն ընտրել պարտավոր ենք: Ի դեպ, չեմ զարմանա, որ Նիկոլը շնորհավորի Ալիևին, կամ նրա երդմնակալության, կամ Ադրբեջանի կողմից ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո»:: Նարեկ Մարգարյան. «Ալիևը հայտարարում է, որ Նիկոլը էշի տեղ է դրել և խաղաղության ոչ մի նպատակ չունի: Ի՞նչ է մեզ հետ լինելու»: Արմեն Աշոտյան. Մեզ հետ տեղի է ունենում այն, ինչ անում են թասիբը և նամուսը կորցրած ազգերի հետ: Կրկնվեմ: Պարտվելը ամոթ չէր: Ամոթը պարտության պատճառին վարչապետ կոչելն է: Ուստի մեզ հետ վարվում են այնպես ինչպես մենք ենք թույլ տվել: Լինի Ալիևը, էրդողանը, Բրյուսելը, Մոսկվան թե Վաշինգտոնը: Ամերիկայի նախկին պետքարտուղար Քիսենջերը ասում էր, որ պետության ղեկավարի կերպարը այդ պետության հզորության և ուժի կարևոր գործոններից է: Դե հիմա այս հիմնարար ձևակերպումը պրոյեկտեք Հայաստանը ներկայացնող անձի վրա: Վստահ եմ, շատերիդ մոտ դառը քմծիծաղ առաջացավ: Ասա ով է վարչապետդ՝ ասեմ ով ես դու: Սա է մեր ազգի ճակատին այս պահին դաջված խարանը: Հայ ազգի բուժումը անհնար է առանց Նիկոլի հեռացման: Նա նման է միզապարկի մեծ քարի, որն ինքնուրույն չի ընկնում: Կամ պետք է մանրացնել, որ թափվի, կամ միանգամից հեռացնել ամբողջությամբ: Սուսաննա Մանուկյան. «Արմեն Աշոտյան ջան: Սա ավելի շատ հարց չէ, այլ սրտի խոսք: Մենք ձեր կարիքն ունենք: Ձեր կուսակցությունով կազմակերպեք ցույցեր, էլ այսպես հնարավոր չի: Ինչի՞ չեք անում»: Արմեն Աշոտյան. «Հարգելի Սուսաննա, շատ շնորհակալ եմ սրտի խոսքի համար, որի տակ տեսա ոչ միայն սրտացավություն, այլև հավատ և վստահություն: Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա խնդրին անդրադարձել եմ առաջին հարցին պատասխանելիս»: Կարեն Ալեքսանյան. «Երևանում մարդիկ ցանկանում են Նիկոլի ռադ լինելը: Ե՞րբ են ըստ Ձեզ պրոցեսներ լինելու: Դուք անընդհատ ասում եք՝ երբ ազգը համախմբվի: Հիմա սա է. ունենք են, ինչ ունենք: Այս իրավիճակով ե՞րբ կհավաքվի ժողովուրդը ինչ-որ բան անելու համար»: Արմեն Աշոտյան. «Հարցին մասամբ անդրադարձել եմ առաջին հարցին պատասխանելիս: Անկեղծորեն կիսվեմ: Այո, ազգը հոգնել է, զզվում է, տառապում է Նիկոլից: Սա վաղուց ակնհայտ է: Բայց նույնքան իրականություն է, որ 2-րդ 3-րդ 4-րդ տեղերում ըստ նույն սոցիոլոգիական հարցումների գտնվող ուժերը նույնպես չունեն բավարար աջակցություն իրավիճակն իրենց ձեռքը վերցնելու համար: Ցավոք, մեր ժողովուրդն ավելի շատ անձնակենտրոն է, քան ծրագրակենտրոն: Փաշինյանից զզվում են, բայց չգիտեն, թե ում սիրեն: Որքան էլ բացատրենք, որ քաղաքական սերը կուրացնում է և խլացնում, մեկ է հասարակության զգալի մասը փրկիչ է սպասում կամ փնտրում հերթական մեսիային՝ այսպիսով դարպաս բացելով նոր աֆերիստների, դեմագոգների և ստախոսների համար: Լուծումը խարիզմայի և պրագմատիզմի միջև ոսկե միջին գտնելն է: Շոումենները կործանում են երկիրը: Բայց պրոֆեսիոնալները պիտի ավելի հրապուրիչ ու գրավիչ դառնան»:

Սղագրեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ

aravor.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ