Աղոթք չորեքշաբթի օրվա
Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ,
անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող,
Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը
և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ,
ես` լույսից զրկվածս և մեղքի խավարով պատածս, լուսաշող ողորմությունիցդ հայցում եմ`
ինչպես տարրեղեն լուսավորներիդ շնորհեցիր լույս, ինձ ևս շնորհիր մի փոքր մաս ու բաժին առատ և անհամեմատելի լույսիցդ,
և ինձնից փարատիր հանցանքի մեգն ու խավարը, և անանց լույսովդ առաջնորդիր ինձ երկնային արքայությունդ`
բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն.
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
Ամեն