23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Թլպատության ութերորդ օրվա խորհուրդը

Այս տոնի ութերորդ օրվա խորհուրդը հարությամբ է կատարվում:

Ինչպես որ Քրիստոս Հարություն առավ կիրակի օրը, այդպես էլ Երկրորդ Գալստյան ժամանակ մարդկանց ազգը կիրակի օ՛րը հարությամբ պիտի կանչվի գերեզմաններից:

Ուստի ութերորդ օրը պատկերն է հանդերձյալ կյանքի, երբ Աստված բոլոր սուրբերին և Իր անունը սիրողներին կհանգչեցնի լուսեղեն օթևաններում, ըստ թլփատության օրինակի՝ զատելով ոչխարներին այծերից ու ասելով.

«Եկե´ք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք ձեզ համար պատրաստված Երկնքի արքայությունը»:

Ա՛յն պատճառով ութօրեկան հասակում սահմանվեց թլփատությունը, քանի որ ութերորդ օրն է, որ մեղավորները պիտի «թլփատվեն» ու բաժանվեն արդարներից՝ առանձնացվելով ձախակողմում՝ անշեջ հրի մեջ նետվելու համար:

Իսկ Քրիստոսի թլփատությունն Աբրահամի հետ կնքված աստվածային ուխտի ճշմարտության և հայրերին տրված Ավետիսը հաստատելու համար էր։

Չէ՞ որ հավատարիմ է Աստված, ով նրանց, որպես անկատարների, թլփատության պատգամը տվեց` հեթանոսներից զատելու համար:

Իսկ մեր Տերն էլ հանձն առավ կատարելու Իրենով իսկ ավանդված այս պատգամը, որպեսզի այն խոտան չհամարվի, նաև որպեսզի Ինքը հետո չբամբասվի իբրև օրինազանց:

Բայց և մկրտվելով՝ Քրիստոս արգելեց թլփատությունը, ինչպես որ ասաց էլ Հովհաննեսին, թե «այսպես վայել է, որ մենք կատարենք ամեն արդարություն»։

Իսկ Պողոսի միջոցով էլ հոգևո՛ր թլփատությունն օրինադրեց մեզ համար:

Եվ Հիսուսի ծնողներն էլ, թեպետև հրեշտակից, հովիվներից ու մոգերից Նրա մասին մեծամեծ բաներ լսեցին, սակայն չարգելեցին Նրան թլփատվելն՝ ըստ օրենքի:

Ու Զաքարիան՝ Հովհաննեսի հայրը, եկավ ու թլփատեց Նրան Հովսեփի բազուկների վրա և կոչեց Նրա անունը Հիսուս:

Սակայն ո՛չ թե հատեցին, այլ, անդրանիկների օրենքի համաձայն, միայն ճեղքեցին, քանի որ արժան չէր հատել աստվածացեալ Մարմնից:

Նաև Քրիստոսի համար այդպես օրինադրվեց, քանի որ Նա, Իսահակից սերելով, անդրանիկ զավակն էր հանդիսանում, և աստվածային ուխտը չանարգելու նպատակով Նա թլփատության ենթարկեց, ապա բուժիչ դեղերով ապաքինեց Իր անձը:

Եվ Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես որ մինչև սուրբ Կույսի՝ Նրանով հղանալը, պատվիրվել էր հրեշտակի կողմից:

Նշանավոր ու խորհրդավոր է Հիսուս անունը, որն, ըստ եբրայեցիների, նշանակում է «փրկիչ»,

իսկ ըստ էլլադացիների՝ «բժիշկ»՝ Ադամի անկման, նաև՝ «փրկիչ» անեծքներից, մեղքերից, կուռքերից ու դժոխքից և ամենայն վտանգից:

Նա մեզ՝ սատանայից խոցվածներիս, նաև այս գիրը կարդացողին և՛ս թող որ փրկի ու բժշկի` Կյանքի սպեղանին տալով:

Ամեն։

Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ