Ինչո՞ւ է անհրաժեշտ ամեն օր սաղմոս ընթերցելը
Հին Կտակարանի իմաստության գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, ընդգրկում է հարյուր հիսուն սաղմոսներ, որոնց մեծամասնության հեղինակը Դավիթ թագավորն է:
Սաղմոսներն օրհներգություններ են, գոհության մաղթանքներ, աղոթքներ, ուսուցումներ և մարգարեություններ, որոնք ի սկզբանե երգով և նվագածությամբ են ասվել:
Երբ Դավիթ թագավորը սաղմոսներ էր նվագում քնարով, նրա հնչյուններից փարատվում էր հրեաների առաջին արքայի՝ Սավուղի մելամաղձությունը:
Քրիստոսի երկրային կյանքի ուղեկիցն է եղել սաղմոսերգությունը:
Սբ. Օգոստինոսը Քրիստոսին անվանել է «սաղմոսների սքանչելի Երգիչ»:
Այնուհետև Գործք Առաքելոցում և առաքելական նամակներում տեսնում ենք, որ առաքյալներին և առաջին դարի քրիստոնյաներին ևս հոգեհարազատ էր սաղմոսերգությունը:
Սբ. Պողոս առաքյալն եփեսացիներին ուղղված նամակում հորդորում է.
«Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեցեք և ձեր սրտերում միշտ երգեցե՛ք ու սաղմո՛ս ասացեք Տիրոջը՝ ամեն բանի համար միշտ շնորհակալություն հայտնելով Հայր Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Եփեսացիներ 5:19-20):
Երբ սկսվեց վանական շարժումը, վանքերում և մենաստաններում վանականների առաջին աղոթագիրքը դարձավ սաղմոսարանը (Նոր կտակարանի և սաղմոսների անգիր իմացությունը պարտադիր է եղել Հայոց վանքերում):
Հայ Առաքելական Սբ. եկեղեցին առանձնահատուկ նախասիրություն ունի սաղմոսների նկատմամբ:
Հայոց ծիսարանը և մասնավորապես Ժամագիրքը հիմնականում սաղմոսներից է կազմված:
Հայ հոգևոր երգերը, շարականները, գանձերը, տաղերը, ինչպես նաև Սբ. Գրիգոր Նարեկացու, Սբ. Ներսես Շնորհալու և այլոց աղոթքները սաղմոսներից են ներշնչված:
Մովսես Խորենացին նկարագրել է Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսի սաղմոսերգությունն իր վաթսուն աշակերտների հետ միասին, որ նման էր անապատականների աղոթքին:
Հին դպրոցներում Սաղմոսարանն օգտագործել են իբրև դասագիրք:
Ղազար Փարպեցին վկայում է, որ Սբ. Գրքի թարգմանությունից հետո մեծերն ու փոքրերը սովորել ու ամենուր զվարճացել են սաղմոսներ ասելով:
Իսկ ըստ Կիրակոս Գանձակեցու, եթե ուրիշ ազգերը «գրքով են երգում սաղմոսներ», ապա հայերը «անգիր են երգում սաղմոսները»:
Սաղմոսները դարեդար երգվել են ու արտասանվել ռազմի դաշտերում, պանդխտության մեջ, արտերում և այգիներում, եկեղեցիներում և վանքերում, նեղության և ուրախության մեջ:
Եղիշե պատմիչը նկարագրում է, որ Ավարայրի ճակատամարտից հետո նախարարները, զինվորները և հասարակ ժողովուրդը, շարունակելով Հայոց երկրի պաշտպանությունը, չէին մոռացել աղոթելը, և պատմիչը գրում է.
«Սաղմոսներն էին մրմունջը նրանց երգերի»:
Նշանավոր աստղագետ Ի. Մեդլերը (1794-1874թթ.) իր աստղագիտության մասին գրքի բնաբանում օրինակ է բերել Դավիթ սաղմոսերգուի այս խոսքերը.
«Երկինքը պատմում է Աստծո փառքը» (Սաղմոս 18:2):
Այս օրինակները վկայում են, որ սաղմոսների ստեղծման իսկ օրից դարեր շարունակ հավատավոր անձանց համար սաղմոսը համարվել է առանձնահատուկ և սիրելի մի աղոթք ու երգ:
Մշտական սաղմոսացությունն ուշադրությամբ և երկյուղածությամբ, ըստ եկեղեցու հայրերի, մեծ օգուտ է բերում հոգուն, մարդը գտնում է այնտեղ այն, ինչ իրեն հարկավոր է և հոգեշահ, այն հրեղեն մի սյուն է դեպի երկինք բարձրացող:
Կյանքի տարբեր պարագաներում սաղմոսներն օգնում են մարդուն իմաստավորելու իրենց կյանքը՝ գտնելով ուրախություն, հույս և մխիթարություն:
Այդ մասին է վկայում մի ընտանիքի պատմություն, որ ապրել է համերաշխ և բարվոք կյանքով:
Ընտանիքի հայրը շատ հաճախ էր ընկնում թախծալի տրամադրության մեջ, նա կարիք ուներ որևէ մեկի հետ անկեղծանալու, բայց կինը չէր նկատում իր հոգեվիճակը, իսկ երեխաներն էլ դեռ շատ փոքր էին:
Ուստի նա դիմում է հոգևորականին, թե ինչպես կարելի է հաղթահարել թախիծը:
Եվ հոգևորականի հորդորն էր՝ սաղմոս ընթերցել:
Մի քանի օր հետո ընտանիքի հայրը հոգևորականին ասում է, որ սկսել է սաղմոս ընթերցել, բայց ոչինչ չի հասկանում, իսկ հոգևորականը նրան պատասխանում է Սբ. Ամբրոսիոսի խոսքերով.
«Դու չես հասկանում, բայց չարն է շատ լավ հասկանում և փախչում:
Շարունակիր կարդալ և մի օր անպայման կհասկանաս կարդացածդ»:
Եկեղեցու հայրերից Հայր Սավվան պատմում է, որ իր կյանքի մի կարճատև շրջան ապրել է որոշ դժվարություններ.
ժամանակը չի բավարարել իր անելիքների համար, և ինքը հայտնվել է անօգնական ու հուսահատ վիճակում:
Երազում իրեն հայտնվել է Աստվածամայրը և այսպիսի խորհուրդ տվել.
«Սաղմոս է անհրաժեշտ կարդալ, չէ՞ որ դա քո կյանքն է»:
Այդ օրվանից Հայր Սավվան հաղթահարում է դժվարությունները, չի դադարեցնում սաղմոսացությունը՝ ուսուցանելով այն նաև ուրիշներին:
Հայր Սավվան սաղմոսների զորության հետ կապված հետևյալ պատմությունն է գրել.
«Մի օր վանքում իրեն մի հիվանդ վանական է դիմում՝ իր համար աղոթելու խնդրանքով:
Բժիշկը հիվանդ վանականին նշանակել էր անկողնային ռեժիմ:
Հայր Սավվան նրան խորհուրդ է տալիս սաղմոս ընթերցել, բայց հիվանդ վանականն ասում է, որ ի վիճակի չէ և նրա կրկնակի մերժումներին նա Հայր Սավվայից նույն հորդորն է լսում:
Մի քանի օր հետո հիվանդ վանականը կարողանում է նստել և նստած կարդալ սաղմոսները, ապա ամբողջովին է առողջանում՝ ևս տասը տարի ապրելով»:
Այն, որ ժամանակի սահմաններից դուրս է սաղմոսների արժեքը և զորությունը, վկայում է հետևյալ պատմությունը:
Անցյալ տարի ուխտագնացությանը մի ուխտավոր ինձ պատմեց իր ընկերուհու հետ կատարվածը:
Սաղմոսներից նա անգիր էր սովորել 91(90)-րդ սաղմոսը՝ «Աստված մեր ապավենն է» կոչվող և մի օր՝ երեկոյան, աշխատանքից տուն վերադառնալիս, ոչ լուսավոր տարածքում փորձել է մեկն իր վրա հարձակում գործել և 91(90)-րդ սաղմոսից երկու տող էլ դեռ չէր ասել, երբ հարձակվողը կանգ է առել և արագ հեռացել:
Այսպիսով, չմոռանանք սաղմոսացությունը, քանի որ, ըստ սաղմոսերգուի խոսքի, բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել Նրա անվանը (Սաղմոս 92(91):2), ինչպես նաև.
«Սաղմոսը դա հոգու լռություն է, այն հանդարտեցնում է խռովարար և անհանգիստ միտքը, բարկացկոտ հոգին:
Այն ընկերության միջնորդ է, հեռու գտնվողների միավորողը, թշնամացածների հաշտեցնողը:
Սաղմոսները հալածում են դևերին՝ օգնություն կանչելով հրեշտակներին, զենք են գիշերային վախերի դեմ, հանգստություն՝ ամենօրյա աշխատանքից հետո, պաշտպանություն՝ նորածիններին, զարդ՝ կանանց և ծաղկուն հասակի մեջ գտնվողների համար և մխիթարություն՝ մեծահասակներին» (Սբ. Վասիլի Մեծ):