Հիսուս Քրիստոսի` մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Ճրագալույցի պատճառը
Հույժ գեղեցիկ է Ճրագալույցի օրվա խորհուրդը:
Այն նախատոնակն ու կարապետն է պաշտամունքի ութ օրերի, սա էլ միասին վերցրած՝ ինը օր։
Ճրագալույցը նախօրինակն է այն հավիտենության, որն աշխարհի լինելուց էլ առաջ էր:
Տոնախմբության ինը օրերը խորհրդանշում են փառաբանությունը հրեշտակների ինը դասերի, որոնք տոնախմբում են մեզ հետ, և մենք՝ նրանց հետ:
Եվ դարձյալ այս տոնի ինը օրերը հայտնի են դարձնում Բանն Աստծո՝ Կույսի որովայնում ինը ամիս բնակվելը:
Իսկ ութ օրերից յոթը նախանշում են այժմյան կյանքը, ութերորդը՝ հանդերձյալ աշխարհի միավորությունն ու անբաժանությունը:
Այս տոնի ութ օրերի խորհրդակատարության համար սահմանված գիշերային պաշտոնի և սուրբգրային ընթերցումների շնորհիվ իմանում ենք ոչ այլ ինչ, եթե ոչ միայն այն խորհուրդը, որը ծածկված էր հավիտենականներից ու ազգերից և հայտնի էր միայն Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Չէ՞ որ Աստված նախապես արդեն գիտեր լույսի նախաստեղծ դասապետի պայծառության խավարման և կողածին կույսի՝ Եվայի՝ նրան ունկնդիր լինելու, ինչպես նաև Ադամի՝ այդ ամենին հավանություն տալու և տիրական փառքը կորցնելու մասին:
Այս ամենն իմանալով էր, որ նախքան ժամանակի լինելը նախապես ամեն բան իմացող Աստված տնօրինել էր վերջին օրերում կատարվելիք Իր մարդեղության խորհուրդը:
Եվ Նա, նախքան Իր կուսածին գալուստը, երևաց առաջին արդարներին:
Նախ երկու հրեշտակների կերպարանքով երևաց Աբրահամին և կերակրվեց նրա վրանում:
Ապա նաև երևաց բոլոր մարգարեներին, ինչպես որ և ասում է.
«Ես տեսիլքներով կգամ և Իմ մարգարեների շնորհիվ զարմանալի տեսողությամբ կհայտնվեմ»:
Նույնպես և երկրից երկինք հաստատված սանդուղքի միջոցով երևաց Հակոբին:
Աստված, այդ սանդուղքի վրա կանգնած, օրինակն էր խաչի և Խաչյալի, իսկ երբ գոտեմարտեց Հակոբի հետ, ցույց տվեց մարդկային բնության հետ Իր միանալը:
Միևնույն Տերը երևաց նաև Մովսեսին մորենու միջով, որը վառվում էր, սակայն չէր այրվում:
Վառվող մորենին խորհրդանշում էր կուսական արգանդը, որի մեջ իջավ աստվածային հուրը և ի լույս աշխարհի վառեց մարմնի ճրագը:
Նույն կերպ նաև մնացյալ բոլոր մարգարեներին Աստված հայտնեց Իր մարմնավոր գալստյան մասին:
Այս ամենի մասին խորհրդածում ենք նախքան Ծննդյան և Հայտնության օրը, իսկ երեկոյան ժամին երգում ենք խորհրդավոր սաղմոսն ու ընթերցում Ավետարանի՝ հովիվներին ավետիս տալու հատվածը, քանի որ մեր Հովվապետը եկել էր փնտրելու Իր կորած ոչխարին:
Եվ Հերովդեսի հովիվները պատմում էին մանկան հրաշքի մասին:
Իսկ մենք դարձյալ ընթերցում ենք 12 մարգարեությունները՝ վերստին հայտնի դարձնելով նախաստեղծի կորուստը, ինչի պատճառով էր, որ Քրիստոս ընտրեց սուրբ Կույսին՝ առաջին կնոջ օրինակով, և նրանից մարմին առավ՝ մարգարեների միջոցով հայտնելով Աստծո՝ մեր բնության մեջ խոնարհվելու մասին:
Նույն կերպ նաև Աքազը խորհրդանշում է այս երկիրը, նշանը՝ Քրիստոսին։
Խորխորատը ևս երկրի խորհրդանիշն է, բարձունքը՝ երկնքի, յուղը և մեղրը՝ Հին և Նոր Կտակարանների, երկու թագավորությունները՝ մահվան և դժոխքի:
Առավոտը կրկին խորհրդանշում է Քրիստոսին, պահքը՝ Նրա՝ Հոր կողմից առաքվելը։
Եգիպտացիների բանակները դևերի խորհրդանիշն են, փարավոնը՝ սադայելի։
Ծովի մեջ ընկղմվելը խորհրդանշում է սատանայի կործանումը և դժոխքի ավերումը։
Ահարոնի քույրը նախօրինակն է լուսավորյալ Մարիամի, հեթանոսների հոգիները՝ նրանց, ովքեր լուսավորվեցին աստվածային փառքի տեսությամբ:
Մարգարեն խորհրդանշում է տեսողությունը։
Թմբուկը կուսության և սրբության նշանն է, որոնցով օրհնվում և փառավորվում է Աստված:
Բեթղեհեմը հացի տուն․ «Բեթը» մարմինն է, «Լահմը»՝ Աստվածությունը։
Հեթանոսներից հազարավորները նրանք են, ովքեր հավատով պիտի ճանաչեն իմաստությունը՝ Քրիստոսին, և նրանց խրատը Ավետարանն է։
Իսկ հրեաների համար, թեպետ որ նրանց դյուրին չէր հրձիգ լինելը, ասվում է, որ մինչև իսկ հրձիգ լինելը առավել դյուրին եղավ, քան Քրիստոսին տեսնելը։
Ուստի Նրա արքայությունը հաջողություն գտավ իր այն արարածների մեջ, որոնք խորհրդանշաբար հետևյալներն են.
ուլը, որ հնդիկների խորհրդանիշն է, ընձառյուծը՝ պարսիկների, եզը՝ հայերի։
Առյուծը հույներն են, արջը՝ ասորիները, օձը՝ տաճիկները:
Եվ նրանք բոլորը միասին մաս են կազմում Ընդհանրական Եկեղեցու:
Իսկ իժերի բույնը հեթանոսների երկիրն է, մատաղատի մանուկը Քրիստոս է:
Լքված ձեռքեր ունենալը նշանակում է բարին գործելուց անգործ մնալը, տկարացած ծնկները՝ կռապաշտությամբ ընթանալը։
Խուլերը խորհրդանշում են աստվածային պատվիրանները չլսելը, կաղերը՝ թյուր ճանապարհով ընթանալը:
Ծոցը Հոր մոտ լինելն է խորհրդանշում, աթոռը՝ ժառանգությունը, մանուկը` Քրիստոսին:
Հազարապետները առաքյալներն են, որ լուսավորեցին տիեզերքը ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի:
Շնորհիվ Քո ամենապայծառ Հայտնության, Քրիստո՛ս Աստված մեր, ողորմի՛ր այս գիրը կարդացողներին:
Ամեն։