22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն. նրա առաջին հայտարարությունը

«Ընդդիմությունը փլուզվել է, և չափազանց ուժեղ իշխող կուսակցությունը պետք է պաշտպանված լինի մարդկային սխալներից։

Ես կդառնամ նոր հակակշիռը, ծանրության կենտրոնը»,- ասում է միլիարդատերը, որը համարվում էր Վրաստանի ստվերային կառավարիչը։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո նա ընտրվեց Վրաստանի վարչապետ։

2013 թվականի նոյեմբերին նա լքեց պաշտոնը և հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից։ Սակայն հինգ տարի անց՝ 2018 թվականին, նա վերադարձավ և դարձավ «Վրացական երազանք»-ի նախագահը։

Նախագահական ընտրությունների տարին էր, երբ նրա անմիջական աջակցությամբ այս պաշտոնում ընտրվեց գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Այնուհետև, 2021 թվականին Իվանիշվիլին կրկին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։

Սակայն ընդդիմությունը, քաղաքացիական սեկտորը և բազմաթիվ միջազգային դիտորդներ կարծում են, որ այս ամբողջ ընթացքում նա կուլիսներից վերահսկում էր կուսակցությանը և կայացնում երկրի բոլոր կարևոր որոշումները։

Իվանիշվիլիի ներկայիս վերադարձը նույնպես կարելի է նշանակալից համարել.

2024 թվականին Վրաստանում տեղի կունենան կարևոր խորհրդարանական ընտրություններ։

Այս անգամ արդի քաղաքականության մեջ միլիարդատիրոջ ներկայության ձևաչափը հետևյալն է՝ դեկտեմբերի 30-ին կայացած տարվա ամփոփիչ համագումարում «Վրացական երազանք»-ը նրան ընտրել է որպես իր պատվավոր նախագահ։

Իսկ այնտեղ՝ կուսակցության գրասենյակում, Բիձինա Իվանիշվիլին իր առաջին հայտարարությունն արեց:

Հիմնական կետերը ստորև` Իվանիշվիլին իր վերադարձի հիմնական պատճառն անվանել է գլոբալ խնդիրները։

Իվանիշվիլին ասում է, որ Վրաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը բարդացել է, և երկրի համար մարտահրավերներն աճել են.

«Նման պայմաններում իշխանության նույնիսկ փոքր սխալը կարող է շատ թանկ նստել երկրի վրա։

Վրաստանի ազգային նպատակները կարելի է էապես իրականացված համարել միայն այն բանից հետո, երբ մենք լիովին պաշտպանենք ազգային ինքնությունը, վերականգնենք ինքնիշխանությունը, միավորենք երկիրը և իրականացնենք արտաքին քաղաքական նպատակները», — ասել է Իվանիշվիլին։

Վրաստանի գլխավոր արտաքին քաղաքական խնդիրը նա հայտարարել է Եվրամիությանն ինտեգրումը։

Իվանիշվիլին նաև ակնարկել է «ոչ լավ կազմակերպված» թիմի ներսում կոնֆլիկտի վտանգի մասին.

«Ընդդիմության փլուզմամբ մեծանում են ռիսկերը իշխող թիմի համար։

Ընդդիմության բացակայությունը հեշտությամբ կարող է իշխող կուսակցությանը ինքնագոհ ու թույլ դարձնել։

Բացի այդ, երբ դրսում մարտահրավեր նետող չկա, գայթակղիչ է թիմի ներսում կոնֆլիկտ ստեղծելը:

Նաև ընդդիմության վերահսկողության բացակայության դեպքում մեծանում են կոռուպցիոն ռիսկերը, ինչը պահանջում է հատուկ ապահովագրություն»,- ասում է Բիձինա Իվանիշվիլին։

Նա վերադարձի պատճառներից մեկն անվանեց «ընդդիմության փաստացի փլուզումը», որն այլևս չի կարող դիմակայել իշխանությանը։

«Ցավոք, կրկնում եմ, ցավոք, ընդդիմությունն ամբողջությամբ քայքայվել է։

Քաղաքական համակարգում իշխող թիմին վերահսկելու համար պատասխանատու քաղաքական սուբյեկտը վերացել է։

Իր հանցավոր անցյալով ծանրաբեռնված ընդդիմությունը նախկինում էլ չուներ իշխանության առողջ և արդյունավետ վերահսկողություն, իսկ հիմա դրա համար այլևս ռեսուրսներն չունի։

Ընդդիմադիր կուսակցությունների վրա արդյունավետ վերահսկողության փոխարեն մենք ունենք ստի տարափ, որը ամեն օր հորդում է նրանց լրատվամիջոցներից:

Բոլորն այնքան են վարժվել սրան, որ այս վիճակն այլևս չի կարող նվազագույն անհանգստություն պատճառել իշխող թիմին»։

Իվանիշվիլին ասում է՝ իր թիմն այնքան ուժեղ է, որ ոչ թե օգնության կարիք ունի, այլ «վերահսկողության և մարդկային գայթակղություններից պաշտպանության»:

«Եթե հիմա խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ապա «Վրացական երազանքը» 90-100 մանդատ կստանար նույնիսկ առանց ընտրարշավի։

Ուստի իմ հիմնական նպատակը ոչ թե էլեկտորալ կուսակցության հետագա հզորացումն է, այլ չափազանց ուժեղացված թիմին մարդկային գայթակղություններից պաշտպանելը։

Իշխող կուսակցությանը նոր ծանրության կենտրոն է պետք, և ես կարծում եմ, որ այսօր այս նոր ծանրության կենտրոն ստեղծելու իմ առաքելությունը ժամանակին է և անհրաժեշտ։

Սրա համար երկու-երեք հոգու հետ խորհրդակցություններն այլևս բավարար չեն լինի։

Երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելը պահանջում է շատ ավելի մեծ համակարգում իմ և թիմի միջև»:

Իվանիշվիլին նշել է, որ ինքը լինելու է միայն «Վրացական երազանքի» պատվավոր նախագահն ու գլխավոր խորհրդականը, իսկ թիմի նախագահը կմնա Իրակլի Կոբախիձեն։

Իվանիշվիլին ասում է, որ «Վրացական երազանքը» իր խորհրդի կարիքն ունի.

«Կարծում եմ, որ իմ քաղաքական և կյանքի փորձը, ինչպես նաև համապատասխան խորհուրդներն անհրաժեշտ են, որպեսզի թիմը տանի մեր երկիրը վերջնական հաղթանակի։

Մենք հնարավորություն ունենք ամբողջությամբ վերականգնել երկրի պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և մինչև 2030 թվականը Վրաստանը դասել բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում և միանալ Եվրամիությանը։

Մեր պարտքն է լիովին օգտվել այս հնարավորությունից, և մենք չպետք է ջանք խնայենք դրա համար»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։

Իվանիշվիլին գովեստի խոսքեր է ասել իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեի հասցեին, ուրիշ ոչ ոքի չի հիշատակել։

«Նա լավ է կառավարում կուսակցությունը և հետագայում կկատարի կուսակցության կառավարման գործառույթը»,- ասել է նա Կոբախիձեի մասին։ Իվանիշվիլին չի հիշատակել «Վրացական երազանքի» մյուս առաջնորդներին՝ ոչ վարչապետ Ղարիբաշվիլիին, ոչ էլ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին:

Ի՞նչ է ասել Իվանիշվիլին միջազգային պատժամիջոցների մասին.

Լրագրողները Իվանիշվիլիից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա վերադառնում է, քանի որ վախենում է միջազգային պատժամիջոցներից։

Նա պատասխանել է, որ իրականում պատժամիջոցների տակ է հայտնվել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։

«Իմ փաստաբանները մի քանի անգամ հրապարակավ հայտարարել են, որ ես պատժամիջոցների տակ եմ։

Դա ճիշտ է, դա արվել է ամենակոպիտ մեթոդներով, շրջանցելով բոլոր օրենքները։

Այնպես որ, ընդդիմությունն իզուր է այդքան զբաղված այս հարցով, նրանք բաց դռներ են կոտրում»,- ասել է Իվանիշվիլին։

Սկզբնաղբյուր www.aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ