Պատմական Վարարակն․ Ստեփանակերտի իրական անցյալը
Միջնադարում Ստեփանակերտի տարածքում գոյություն են ունեցել Վարարակն, Ներքին շեն, Սողոմոնի շեն, Հին և Նոր Արմենավան, Կրկժան, Փահլուլ կամ Փահլուր (Վարդուտ) հայաբնակ գյուղերը։
Այդ շրջագծի մեջ, քաղաքի հյուսիս արևմտյան կողմում էր գտնվում Վարարակն գյուղը, որը գոյություն է ունեցել մինչև 19-րդ դարի կեսերը:
Այս բնակավայրի հիմնադրումը կապվում է Հայոց Արևելից կողմանց թագավոր Վաչագան Բարեպաշտի անվան հետ:
Վարարակնի՝ որպես հին բնակավայրի մասին տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը:
Տակավին 1841թ. Վարարակնը 31 տուն` 133 շունչ (74 արական, 59 իգական) բնակչով հիշվում է որպես առանձին գյուղ։
Վարարակն գյուղատեղիի մի հատվածում Ստեփանակերտի հյուսիսային ձորի ձախ լանջին, պահպանվել են աղբյուր, Սբ. Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև գերեզմանոցը:
Որոշ աղբյուրներում Վարարակնի եկեղեցին անվանված է Սբ. Հռիփսիմե, որի մասին ականատեսը 1890թ. գրել է.
«Հանիշեն/հեղ/-Խանքենդի աւանի արևմտյան կողմում, կէս վերստաչափ հեռավորութեամբ գտնւում է Վարարակն կոչուած գիւղը, որի միայն տների հետքերն են երևում այժմ:
… Սակայն որպէս մի կենդանի յիշատակ այդ գիւղի այդտեղ կանգնած է մի եկեղեցի, որի վրայ, դժբախտաբար, ոչ մի արձանագրութիւն և թուական չկայ…”
Եկեղեցին մեզ է հասել հիմնովին վերանորոգված վիճակում, գտնվում է տեղի ռեստորանի տարածքում։
Եկեղեցուց պահպանվել են միայն չափերն ու հատակագիծը։
Այն ունեցել է միանավ բազիլիկ սրահի հորինվածք։
Առկա են կիսաշրջան խորանը, երկու ուղղանկյուն ավանդատներով և հարավային մուտքը։
Բոլոր պատերը, սրահի կենտրոնով անցնող մույթը, երկու միանման թաղակապ սրահների ծածկերն ու երթիկները հետագա հավելումներ են։
Մուտքի մոտ տեղադրված է 12-13րդ դարերի մեկ խաչքար, որը միգուցե կարող է հիմք ծառայել հուշարձանը պայմանականորեն թվագրելու համար։
Վարարակնի բնակիչները 19-րդ դարի կեսերին հիմնականում տեղափոխվել են Շուշի։