Թուրքիան կործանման եզրին է․ Տարոն Աճեմօղլու
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Cumhuriyet-ի հետ զրույցում խոսել է Թուրքիայի ֆինանսական ու տնտեսության վիճակի մասին, նաև նշել, որ երկրում ազատությունները սահմանափակված են ու տաղանդավոր երիտասարդները լքում են այն, գրում է Duvar-ը։
«Եթե մի քանի հոգի հեռանան, խնդիր չէ, բայց երբ նրանք այդքան շատ են, դա կհանգեցնի փլուզման։ Իսկ Թուրքիան կանգնած է դրա եզրին»,- ասել է նա։ Հայտնի տնտեսագետը ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի ղեկավարությամբ իրականացվող տնտեսական ծրագիրը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ճիշտն ասած՝ էական զարգացում չեմ տեսնում։
Ինչպես բոլորը՝ ես էլ եմ ուզում հուսալ, բայց դեռ մեծ հույսեր չունեմ։ Գնաճի նման մակարդակի հասնելուց հետո արդեն շատ դժվար է նվազեցնել գնաճը։ Թուրքիան խնդիրներ ունի։ Դա համակարգային խնդիր է։ Հիմա Թուրքիային շատ փոքր պատուհան է մնացել զարգացման համար, բայց կարծես թե դրանք բաց կթողնենք»։
Ըստ Աճեմօղլուի՝ տնտեսությունը չի կարելի շտկել ուղղակի տոկոսադրույքների բարձրացմամբ կամ մեկ-երկու բանկերի ռեսուրսներն արտասահման տեղափոխելով։ «Թուրքիան ճիշտ չի օգտագործում տեխնոլոգիաները, առաջին հերթին, այն հետ է մնում ներդրումներից։ Ներդրումների մեծ մասը գնում է շինարարության ոլորտ, բայց որակյալ կադրեր չկան։
Ավագ դպրոցից ցածր կրթություն ունեցողները դժվարանում են օգտագործել տեխնոլոգիաները: Եվս մեկ անգամ խոսքը գնում է ճիշտ ընտրություն կատարելու մասին»,- նշել է նա։ Տնտեսագետի խոսքով՝ Թուրքիայի ապագան այժմ շատ մութ է թվում՝ քաղաքական նկատառումներով ազատությունների սահմանափակման պատճառով։