Խաչեն
Վանքասարից 6 կմ հարավ-արևմուտք, դարձյալ Խաչենագետի աջ ափին փռված է նստակեցության անցած խաշնարածների կողմից Խաչեն – Դորբանդլի կամ Ջինլի անվանումը ստացած գյուղը:
Նրանից 1 կմ արևմուտք, խաղողի այգիներով շրջապատված մի բլրաթմբի վրա տարածված գերեզմանոցի կենտրոնում, ամբողջական վիճակով պահպանվում է 1314թ. կառուցված մի դամբարան:
Հատակագծում բազմանիստ և սրածայր վեղարով ավարտվող ‹‹քյումբազը›› կառուցված է համակ սրբատաշ դեղնավուն կրաքարից:
Ներքուստ, նրա որմերի մեջ բացված խորշերի շուրջ պատկերված ցլի, վագրի և կենդանակերպ այլ հարթաքանդակների կատարման ոճն ու գեղարվեստական առանձնահատկությունները հար և նման են 1301թ. Եղվարդում՝ Շահիկ վարդպետի( ճարտարապետի) կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատի հարթաքանդակներին:
Բացի պատկերաքանդակներից, համանման են նաև այդ շինությունների զարդաքանդակները և, հատկապես, ստալակտիտավոր լուծումները ( դամբարանում՝ խորշերի, իսկ եկեղեցում՝ մուտքի բարավորի փոխարեն):
Առկա ընդհանրությունները, նաև կառուցման ժամանակաշրջանի համընկնումը ( ընդհամենը՝ 13 տարվա տարբերություն) առիթ են տալիս կարծելու, որ Խաչեն- Դորբանդլիի դամբարանի ճարտարապետը նույն ինքը՝ Շահիկ վարդպետն է ( վարդապետ-ճարտարապետ):
Դամբարանի արաբերեն արձանագրության վերծանությամբ արդեն հստակ պարզվել է, որ ճարտարապետը Շահիկ վարդպետն է (Խաչեն-Դորբատլիի դամբարանի արաբերեն արձանագրությունը, «Վարձք» հանդես, N14, 2020, էջ 36-40):