16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պետբյուջեի հաշվին

13 միլիոն 886.775 դրամ. ահա այսքան է դեկտեմբերի 13-ին Ներքին գործերի նախարարության հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի գինը: Իսկ մատակարարը պետական գնումների ֆավորիտ «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն է:

168.am-ն է գրում ու մանրամասնում․ «Այս ընկերությունը պատկանում է ԱԺ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Շուրջ 14 միլիոնանոց այս պայմանագրով «Սիլ»-ը կիրականացնի «ԿԱՍԿՈ» և «ԱՊՊԱ» ապահովագրական ծառայություններ:
Այսպիսով, «Սիլ ինշուրանս»-ը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության պետգնումների սրտի մատակարարը:

Հիշեցնենք, որ տարեսկզբից արդեն իսկ մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգով տարբեր խոշոր գնումներ արվել էին այս ընկերությունից:
Նոյեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը մեկ անձ ընթացակարգով պատվիրակել է «ՍԻԼ ինշուրանս» ԱՓԲԸ-ին՝ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ: Պայմանագրի գինը ՝ 6 միլիոն 371.000 դրամ:

Այս տարվա հուլիսին դարձյալ Ներքին գործերի նախարարությունը հրատապ մեկ անձ ընթացակարգով այս ապահովագրական ընկերության հետ կնքել է պայմանագիր շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների (ԱՊՊԱ) համար. այս գնումը նախարարությանն արժեցել է 5 միլիոն 600.000 դրամ:
Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունը դեռ տարեսկզբին ոչ մրցակցային ընթացակարգով մեկ այլ պայմանագիր էլ էր կնքել. հունվարի 16-ին մեկ անձ ընթացակարգով այդ պայմանագրով «Սիլ ինշուրանսը» պետք է իրականացներ շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ ընդհանուր 39 միլիոն 984.000 դրամ գնով:

ՀՀ վարչապետի աշխատակազմը փետրվարին «Սիլ ինշուրանս»-ից մեկ անձ ընթացակարգով 2 միլիոն 12.000 դրամով գնել է ԱՊՊԱ ծառայություններ՝ ապահովագրելով շուրջ 40 ավտոմեքենա:

Առողջապահության նախարարությունը դարձյալ մեկ անձ ընթացակարգով «Սիլ ինշուրանս»-ից փետրվարին գնել է հիվանդանոցային ծառայություններ, որի արժեքը սեպտեմբերին կնքված համաձայնագրով հաշվարկվել է 560 միլիոն 20.573 դրամ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դարձյալ անմասն չի մնացել մեկ անձ գնումների այս շքերթից և փետրվար ամսին «Սիլ ինշուրանս»-ին պատվիրակել է շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ 3 միլիոն 444.000 դրամ արժողությամբ:
Դարձյալ փետրվարին, դարձյալ մեկ անձ ընթացակարգով այս ընկերության հետ պայմանագիր է կնքել Արդարադատության նախարարությունը, գնել ԱՊՊԱ ծառայություններ, որի արժեքը, ըստ մարտին կնքված համաձայնագրի, կազմել է 3 միլիոն 13.500 դրամ:

Ազգային ժողովն իր կարիքների համար հունվար ամսին 2 միլիոն 497.338 դրամ ընդհանուր գնով պայմանագիր է կնքել այս ԱՓԲԸ-ի հետ՝ 41 տրանսպորտային միջոցների ապահովագրության համար: Մեկ այլ պայմանագրով էլ ձեռք է բերել Ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրման ծառայություն՝ այդ անգամ վճարելով 1 միլիոն 602.000 դրամ՝ 1 մեքենայի համար, և այդ մեքենան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենան էր»:
Թարմացված․ ՀՀ ՆԳՆ պարզաբանումը․ Լրատվական կայքերից մեկն անդրադարձել է «Սիլ Ինշուրանս» ընկերությունից Ներքին գործերի նախարարության կատարած գնմանը՝ գրելով «հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի» մասին։

ՀՀ ՆԳՆ կարիքների համար 2023 թ. նոյեմբերի 13-ին գնանշման հարցման միջոցով ՀՀ ՆԳՆ ԳՀԾՁԲ-2023-ԱՊՊԱ/Ա-82 ծածկագրով 21 միավոր «Միցուբիշի L200» մակնիշի տրանսպոտային միջոցների ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ծառայությունների ձեռք բերման գնման ընթացակարգ է հայտարարվել։ Հայտերի բացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. նոյեմբերի 21-ը: Ընթացակարգին հայտ է ներկայացրել միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն։ Նրա կողմից ներկայացված գնային առաջարկը գերազանցել է նախահաշվային գինը, ինչի հետևանքով ընթացակարգը համարվել է չկայացած։

Ջրային պարեկային ծառայության մեկնարկի հանգամանքով պայմանավորված, հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, այն է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է՝ պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել:
2023 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ՆԳՆ ՀՄԱԾՁԲ-2023-ԱՊՊԱ/Ա-83 ծածկագրով կրկին ընթացակարգ է հայտարարվել հրատապ մեկ անձ գնման ձևով մրցութային ընթացակարգով (խոսքը վերաբերում է բաց մրցութային ընթացակարգին), որի հայտերի բացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. դեկտմբերի 1-ը։ Ընթացակարգին հայտ է ներկայացրել դարձյալ միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն, որի հետ էլ 2023 թ. դեկտեմբերի 13-ին կնքվել է պայմանագիր։
Հավելենք նաև, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունն իր կարիքների համար ապահովագրական ծառայությունների ձեռք բերման ընթացակարգերը հայտարարում է բացառապես մրցութային ընթացակարգով։

Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք ներկայացնել ճշգրտված և ամբողջական տեղեկատվություն, զերծ մնալ ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու փորձերից, իսկ թյուրըմբռնումներից զերծ մնալու համար դիմել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ