29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոխրաթաղ

Մոխրաթաղ հին գյուղը Ջրաբերդի մելիքության կենտրոններից էր և Մելիք-Իսրայելյանների նստոցներից մեկը՝ հինավուրց Ջրաբերդ ամրոցի և Քաղաքատեղ կամ Մայրաքաղաք բերդավանի հետ միաժամանակ, և, որպես այդպիսին, առաջին անգամ հիշատակվում է 1724թ. աղբյուրներում:

Մելիքանիստ բնակավայրի ամենախոսուն պատմական վկան, ինչ խոսք, մելիքական ապարանքն է՝ կառուցված մեղմ թեքությամբ արևելահայաց անտառալանջի ձորամերձ հարթության վրա:

Ապարանքի ավերակները անցյալ դարավերջին նկարագրել են Հայկունին, Մ. Բարխուդարյանցը, Րաֆֆին, Լեոն և այլոք:

Մ. Բարխուդարյանցը և Հայկունին նաև վերծանել և հրատարակել են արձանագրությունները, որոնցից մեկը՝ շինարարականը, գտնվում էր ‹‹արևելյան կողմից հաշուելով չորրորդ սենեակի››՝այսինքն գլխատան մուտքի բարավորին.

‹‹ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՄԵՆԱԶՕՐԻՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԲԱԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ Է ՅՈՅԺ ՏԱՔՆԱՊԻ ՇԻՆԵԱԼ ԶՏՈԻՆՍ ԻՍԿ ԲԱՐԵՐԱՐԻՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՏՈՒԱՒ ԻՆՁ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԶՕՐՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՅՆ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՄԷԼԻՔ ԻՍՐԱՅԵԼԻ ՈՐԴԻ ԵՍ ՄԷԼԻՔ ՅԱԴԱՄՍ ՇԻՆԵՑԻ ԶԳԵՂԱՑԻԿ ԿԱՄԱՐՕՔ ԵՒ ԳԵՂԵՑԿԱՆԱՐ ՏՈՒՆՍ ԵՒ ՍԱՐԱՅԻՍ ԲԱԶՄԱՀԱՆՃԱՐ ԶՈՐԴԵԱԿԱՆ ԻՄ ՄԷԺԼՈԻՄԻՆ…ԾԱՍՏՈՒ ԾՈՅ ԱՍՏՈՒԱՇԱՅՆՈՎ ԲԱՐԵԱՒ ՎԱՅԵԼԵՍՑԷ ՀԱՆԴԵՐՁ ՄԵՕՔ.ՌՄԻ.››(1771):

Ինչպես տեսնում ենք, ապարանքը կառուցել է Մելիք-Ադամը՝աղբյուրներում նաև հաճախ նաև Մելիք-Հաթամ անունով հիշվող Ջրաբերդ գավառի մեծանուն տերը, որը, ժամանակակից վկայությամբ, Արցախի մելիքներից ‹‹…էր առաջինն, այր խոհեմ, քաջ ի պատերազմի և ինքնագլուխ իշխան››:

Հատկանշական է, որ, ինչպես վկայում է նաև արձանագրութունը, ապարանքը կառուցվել է խիստ տագնապալի ժամանակներում(‹‹բազում ժամանակ է յոյժ տաքնապի շինեալ զտունս››), այն տարիներին, երբ Մելիք-Ադամը Մելիք-Հովսեփի հետ 1767թ. հայրենի տիրույթներն է վերադառնում Գանձակի մոտերքում անցկացրած կարճատև տարագրություններից հետո և, առերես հաշտվելով Շուշվա Իբրահիմ խանի հետ, շարունակում եռանդուն մասնակցությունը Արցախի ազատագրության գործի կազմակերպմանը:

1771թ. կառուցված դղյակաձև ապարանքը այդ անընդմեջ պայքարի նոր հենակետ-ամրոցներից մեկն էր և, միաժամանակ, Շուշվա խաների սադրանքներից մասնատված ու ‹‹յոյժ տագնապի›› ժամանակներ ապրող երկրամասի բնակչության ապահով պատսպարաններից ՝ գավառի մյուս պաշտպանական կետերի՝Ջրաբերդի, Քաղաքատեղ բերդավանի և վանք-ամրոցների հետ մեկտեղ:

Այս առումով հետաքրքիր է, որ ըստ ռուսական ռազմական աղբյուրների, 1805 թվականի ամռանը ապարանք ամրոցը պատսպարել է Պարսից մեծաթիվ բանակից հետապնդվող գնդապետ Կարյագինի զորաջոկատին։

Իսկ այստեղից զեկուցագիրը իշխան Ցիցիանովին ‹‹ Այժմ ես միանգամայն անվտանգ եմ հարձակումներից›› վկայում է ամրոցի ամբողջականության ու ամրության մասին։

Մելիք-Ադամի ապարանքում մինչև անցած դարի կեսերը բնակվում էին մելիքական տոհմի ժառանգները, իսկ 1890-ական թթ. այն լքված կիսավեր էր, չնայած, ըստ մի եզակի չափագրության և տեղահանույթի, 1901թ. համակառույցը դեռևս մեծ մասամբ կանգուն էր:

Այժմ, թեկուզև խիստ ավերված, պահպանել է իր նախնական հորինվածքի ամբողջականությունը և մեզ հասած նմանօրինակ հուշարձաններից ամենախոշորն է:

Այս առումով ուշագրավ է տեղացիների վկայության վրա հիմնված Մ. Բարխուդարյանցի կարծիքը, ըստ որի այստեղ Մելիք-Ադամի ամառանոց- ապարանքն է եղել, իսկ Քաղաքատեղ-Մայրաքաղաքում ՝ձմեռանոց-ապարանքը:

Մոխրաթաղի մելիքական ապարանքն իր նախնական հորինվածքի համեմատաբար ամբողջական պահպանվածությամբ, բազմաբնույթ սենյակների ընդարձակ կազմով ու հատակագծային համադրվածքով, գլխատան խաթարված գմբեթով, 1771թ. բովանդակալից շինարարական արձանագրությամբ ու ներհատուկ այլ կողմերով ուշ միջնադարյան պալատական ճարտարապետության բարձրարժեք հուշարձան է և լույս է սփռում բնագավառի ուսումնասիրության շատ խնդիրների վրա:

Միաժամանակ, ‹‹յոյժ տագնապի բազում ժամանակ››-ներից ամենատգնապալիներից և Արցախ հայաշխարհի համար ամենաճակատագրականներից մեկի՝ 18-րդ դարի երկրորդ կեսի ռազմաքաղաքական իրավիճակի դրոշմը կրող պաշտպանական կառույցի բնորոշ օրինակ է և լավագույնս է ներկայացնում դարի ճարտարապետությանը հատուկ պալատ-ամրոցի հորինվածքային տիպը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ