23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ով է զսպելու ամանորյա գնաճը: Գերշահույթ են ստանում քաղաքացու հաշվին. Փաստ

Տոնական օրերին շուկան մշտապես ցնցումների է ենթարկվում գնաճի առումով: Պետական մարմինների հորդորները շատ տնտեսվարողների համար որևէ նշանակություն չեն ունենում: «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ երբ մոտենում են ամանորյա տոները, ենթադրվում է, որ պետք է թանկացումներ լինեն:

«Սկզբում տնտեսվարողները ստեղծում են դեֆիցիտ, ապրանքի մեծ պահանջարկ, պահեստավորում են այն, և տոնական օրերին ընդառաջ՝ վերջին շաբաթվա կամ օրերի ընթացքում ապրանքը հայտնվում է շուկայում: Արդյունքում իրենք առաջարկ են ներկայացնում, լինում է քաղաքացու պահանջարկը, այս ընթացքում նաև թանկացնում են ապրանքը: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ կլինեն թանկացումներ, ավելին՝ արդեն զգում ենք դրանք: Եթե նախորդ տարիներին նկատում էինք, որ մարդիկ տոնական օրվանից մեկերկու շաբաթ առաջ էին սկսում առևտուր անել, ապա հիմա արդեն դեկտեմբերի 1-ից սկսել են գնումներ կատարել, հաշվի առնելով հնարավոր թանկացումները: Տնտեսվարողներն էլ տեսնում են, որ քաղաքացիները սկսել են իրենց «ապահովագրել» և նախապես գնումներ կատարել, ուստի իրենք էլ իրենց թանկացումների ալիքն են ավելի վաղ սկսում»,-թերթի հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:Նշում է՝ քաղաքացիներն արդեն իսկ դժգոհում են անտեղի ու չհիմնավորված գնաճից ու դեֆիցիտից:

«Այս մասով պետք է միանշանակ լինի վերահսկողություն պետական համապատասխան մարմինների կողմից, քանի որ կանխատեսելի ու ենթադրելի գործընթացի հետ գործ ունենք: Մրցակցության հանձնաժողովը պետք է վերահսկի, որպեսզի չխախտվի գնային մրցակցությունը, Կենտրոնական բանկն էլ պետք է վերահսկի արտարժույթի շուկան, որպեսզի այս շուկայում կտրուկ վայրիվերումներ չլինեն: Գաղտնիք չէ, որ հենց դոլար-դրամ փոխարժեքի հիմքով են պատճառաբանվում պարենային շուկայում թանկացումները: Տնտեսվարողների՝ թանկացումների արդարացման առաջին հիմնավորումը դոլար, եվրո ու դրամ փոխարժեքների տատանումներն են: Բայց սա, օտար բառ օգտագործեմ, «отмазка» է, փոխարժեքների տատանման անվան տակ փորձում են քողարկել իրենց քայլերը»,-նշում է մեր զրուցակիցը:

Չիլինգարյանը կարծիք է հայտնում, որ այս հիմնավորմամբ «ազատ են արձակվում» բիզնեսի ձեռքերը, և նրանք սովորաբար նման օրերին գերշահույթ են ստանում քաղաքացու ու սպառողի հաշվին: «Մարդիկ ձգտում են իրենց հնարավորության սահմաններում պատրաստվել տոնական օրերին, սեղան գցել՝ իրենց մինիմալ պահանջները բավարարելով, բայց նույնիսկ նվազագույն գնումների պարագայում ստիպված են բավականին գումար ծախսել: Սա ոչ բոլոր սպառողներին է այլևս հասու»,-ընդգծում է «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահը:

Հավելում է՝ թանկացումների քարտեզը կարելի է կազմել՝ ուսումնասիրելով ապրանքի նախնական գինը և նրա փոխակերպումները ժամանակի ընթացքում՝ սովորական, նախատոնական օրերին և այլն. «Միայն այս պարագայում կարող ենք ասել, թե առկա գինը, հնարավոր գնաճը որքանո՞վ է խելամիտ և հասու քաղաքացու գրպանին: Ազատականացված շուկան թույլ է տալիս բիզնեսին իր գինը սահմանել, և երբ չի լինում պետական հսկողություն, բիզնեսն ունենում է գերշահույթ, արդյունքում տուժում է սպառողը: Տնտեսվարողները հիմնականում մտածում են իրենց գրպանի, այլ ոչ թե սպառողին մատչելի ու հասանելի գնով ապրանք վաճառելու մասին: Բայց չեմ կարող նաև մեկ դիտարկում չանել. երբեմն հենց սպառողներն են դեֆիցիտ ստեղծում: Որովհետև անգամ թանկ գնով ապրանքը ձեռք են բերում, երբեմն նաև բավականին մեծ քանակով:

Տնտեսվարողը մտածում է՝ ապրանքի պահանջարկը մեծ է, գինը համեմատելի չէ պահանջարկի հետ և սկսում է թանկացնել այն: Սպառողներն են նաև կոնկրետ ապրանքի՝ մեծաքանակ գնումներով դրդում տնտեսվարողին փոփոխել ապրանքի գինը: Նրանք ևս իրենց վարքագծով կարող են փոփոխել շուկայում գների տրամաբանությունը, բայց սովորաբար մեր սպառողները հատկապես տոնական օրերի նախօրյակին նետվում են խելակորույս գնումների: Պետության կողմից տարիներ ի վեր չկա վերահսկողություն, բիզնեսը շարունակում է բավարարել իր գայլային ախորժակը, իսկ սպառողն էլ մշտապես կանգնում է նույն խնդրի առաջ, երբ ամանորյա տոները ոչ թե հաճույք են պատճառում, այլ բեռ դառնում»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ