04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է Tert.am-ի հարցերին։ Ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝

-Պաշտոնական Երևանը, օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ կարելի է 15 օրում էլ կնքել խաղաղության պայմանագիր, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի։ Ադրբեջանն ասում է, որ ամեն ինչ գրեթե պատրաստ է, բայց Հայաստանն է ձգձգում։ Ո՞վ է ձգձգող կողմն ու ինչու՞։ Արդյո՞ք խնդիրն «անկլավներն» են, կամ այն, որ ադրբեջանցիները չեն ուզում հեռանալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Երևանը, ձեր կարծիքով, դնու՞մ է այս հարցերը։

-Զավեշտալի է, որ հայ հասարակությունը տեղյակ չէ բանակցվող փաստաթղթի բովանդակությունից, և մենք ստիպված ենք կցկտուր արտահոսքերից կամ ադրբեջանական գործիչների խոսույթից կռահել, վերլուծել և ընդհանուր պատկերացումներ կազմել հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումների մասին:

Վստահ եմ, որ Փաշինյանը սկզբունքորեն համաձայն է անկլավների անվան տակ Ադրբեջանին փոխանցել մեզ համար ռազմավարական նշանակության տարածքներ: Կասկած չունեմ, որ Ադրբեջանը թղթով դուրս չի գալու օկուպացիայի ենթարկված մեր տարածքներից:

Լավագույն դեպքում դելիմիտացիայի անվան տակ գործընթացը տասնյակ տարիներ կարող է տևել:

Բայց այս ամենը դետալներ են: Կողմերի ռազմավարական մոտեցումները վերլուծելիս է երևում բանակցային գործընթացի ողջ թշվառությունը հայ ժողովրդի համար: Ադրբեջանը չի շտապում, որովհետև օգտագործում է Հայաստանի գործող վարչախմբի սխալները և մեր թուլացած վիճակը՝ մաքսիմալը կորզելու համար: Ալիևը չի վախենում Արևմուտքից (մանավանդ, որ առանձնապես սպառնալիքներ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին չկան էլ), մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, ի տարբերություն Փաշինյանի, անհամեմատելի շրջահայաց է և ընկալելի: Իսկ Փաշինյանի համար գերխնդիր է Ադրբեջանի հետ համաձայնության հասնել առանց Ռուսաստանի, ինչի անունը դրել են «ինքնիշխանություն»:

Եթե կարճ ամփոփենք, ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի լինելու Հայաստանի ապաքինման ծրագիր:

Նիկոլն ուզում է, որ այն գոնե հիվանդության պատմություն լինի, իսկ Ալիևը՝ որ այն Հայաստանի մահախոսականը դառնա:

-ԱԺ նախագահը, նույն հարցազրույցում, հայտարարեց, որ չի բացառում, որ ինչ-որ պահի ադրբեջանցիները կգան Հայաստանում ապրելու։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանությունները ներքուստ համաձայն են Բաքվի այս պահանջին և հիմա հասարակությանն են նախապատրաստում։

-Դեմոգրաֆիական ռումբը Ադրբեջանի զինանոցում՝ Հայաստանը միջից պայթեցնելու միջոց է: Սա չտեսնելը ոչ թե կուրություն է կամ տգիտություն, այլ երկրի ապամոնտաժման հերթական ապացույց: Այս տրամաբանության մեջ տխուր օրինաչափություն է, որ գործող վարչախումբը ոչ թե այդ սպառնալիքը չեզոքացնելու վրա է աշխատում, այլ բացում է հերթական Օվերտոնի պատուհանը:

Խնդրի համար սկզբունքային է չդիտարկել արցախահայերին որպես հակակշռող փաստարկ, Արցախը և իր ժողովուրդը ամբողջությամբ այլ իրավա-քաղաքական կատեգորիաների մեջ են: Նորմալ իշխանություն ունենալու դեպքում Հայաստան եկող ադրբեջանցիների պոտենցիալ վտանգը կհակակշռվեր Ադրբեջանից փախած մի քանի հարյուր հազար մեր հայրենակիցների փաստարկով:

-Հայկական բեռնատարները Լարսից վերադառնում են։ Ռուսական գերատեսչությունը անսպասելի խստացրել է ֆիտոսանիտարական հսկողությունը։ Արդյո՞ք Մոսկվան փոքր չափի պատժամիջոցների է դիմում, հաշվի առնելով հակառուսականության աճը Հայաստանում և դեպի Արևմուտք ռևերանսները։

-Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամում Փաշինյանի մեղքը հայտնի է և աններելի: Բայց ազնիվ չի լինի, եթե չնշենք ռուսական կողմի բազմաթիվ սխալների մասին այս ուղղությամբ: Հայաստանի գեոպոլիտիկ պատմությունն այնպես է ընթացել, որ մեր վերջին եվրոպական հարևան երկիրը եղել է Բյուզանդական կայսրությունը մոտ 1000 տարի առաջ, իսկ նրանից առաջ ՝ Հին Հռոմը:

Աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել քաղաքական որոշմամբ: Մենք կարող ենք և պետք է դառնանք եվրոպական տիպի պետություն՝ չմոռանալով, որ գտնվում ենք Եվրասիական տարածքում:

Քո անտառի արջից կարող ես նեղսրտել իր երկար քնելու, աղմկոտ լինելու կամ գայլ ու աղվեսի հետ շփվելու համար: Բայց գժտվել, խռովել և իր փոխարեն հույսը դնել հարևան անտառի սլացիկ, գեղեցիկ, փարթամ եղջյուրներով եղնիկի վրա, կնշանակի դառնալ այդ նույն գայլի և աղվեսի ընթրիք:

-Ընդդիմությունը ֆեյսբուքյան գրառումներով և հարցազրույցներով գուժում է պետականությանը սպառնացող վտանգների մասին, սակայն լայնածավալ ակցիաներ վաղուց չկան։ Ընդհակառակը, ԱԺ-ում բարիդրացիական մթնոլորտ է իշխանության հետ։ Տպավորություն է, որ քաղաքական դաշտը, հանրության ակտիվ հատվածն ինչ որ բանի են սպասում։ Եթե իրոք պետականությանը վտանգ է սպառնում, ինչո՞վ կբացատրեք այս հանդարտությունը։

-Համաձայն եմ, որ վիզուալ հասարակական և քաղաքական կյանքը համարժեք չեն ո՛չ վերջին իրադարձություններին, ո՛չ էլ նոր սպառնալիքներին:

Կասկած չունեմ, սակայն, որ դժգոհության էներգիան ոչ թե վերացել է, այլ՝ անցել լատենտ փուլի: Ով և ինչպես կկարողանա կոմուլացնել այդ էներգիան և ուղղորդել ճիշտ հունով՝ սա է հիմնական հարցը: Լայնածավալ ակցիաները չպետք է ինքնանպատակ լինեն, քանզի ամեն անհաջողություն ավելի է խորացնում առկա ճգնաժամը:

Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական միտքը պետք է նոր պրոդուկտ ստեղծի, որովհետև նախորդը վաղուց հասել է իր տարածման մաքսիմումին և կրիտիկական տեղաշարժ ապահովել չի կարող: Կրկնեմ հայտնի ճշմարտությունը. չի կարելի մշտապես անել նույն բանը և սպասել այլ արդյունքի:

Վստահ եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը սա գիտակցում է և նպատակ չունի մենաշնորհելու Հայաստանի և Արցախի ապագայի մասին մտահոգվելու և ըստ այդմ՝ համարժեք գործելու առավելությունը:

-Իշխանական, մերձիշխանական ու նաև ոչ իշխանական որոշ շրջանակներ ավելի ակտիվ են սկսել խոսել հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու և իշխանափոխության միջոց։ Արդյո՞ք արտահերթ ընտրությունները ճանապարհ են, 2021-ին քաղաքական դաշտը շարժվեց իշխանության օրակարգով և տանուլ տվեց։

-Շատ բազմաշերտ հարցադրում է: Նախ թվարկված շրջանակների մոտիվացիան գնալու հնարավոր արտահերթ ընտրություներին խիստ տարբեր է: Արտախորհրդարանական ոչ իշխանականները օրինակ, ցանկանում են վերադառնալ խորհրդարան և ակտիվ քաղաքական գործունեությունը: Արտախորհրդարանական մերձիշխանականները ցանկանում են «ընդդիմությունափոխություն» անել և դառնալ Փաշինյանի կողմից կառավարվող խորհրդարանական շարասյուն: Իշխանությանը ձեռնտու է վերջիններիս տարբերակը, հատկապես՝ սրացող գեոպոլիտիկ միջավայրում: Բայց Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան:

Ավելորդ է հիշեցնել, թե ինչպես է իշխանախումբը կազմակերպում և տնօրինում ցանկացած ընտրություններ. Երևանի և ՏԻՄ ընտրությունները վկա:

Ուստի ակնհայտ է, որ երկրին արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս փուլում պետք չեն: Ինչպես 2021-ի ընտրությունները չհանգուցալուծեցին ճգնաժամը, այդպես էլ նոր արտահերթը դա չի անելու: Ինչու՞: Պատասխանը շատ պարզ է:

Առկա ճգնաժամը քաղաքական չէ և այն հնարավոր չէ բուժել միայն քաղաքական մեթոդներով: Ճգնաժամը համակարգային է, քաղաքակրթական է, հայ ազգի «ով լինելու և ինչ ուզելու» ճգնաժամ է: Ինսուլտ ստացած հիվանդին անալգին-դիմեդրոլով չես բուժի:

tert.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ