23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Օրինական ռեկետ». հաջորդը տրանսպորտի թանկացումն է»

Երևանի քաղաքապետարանը քննարկում է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։

168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու նախկին անդամ Միքայել Մանրիկյանն ասաց, որ ընդհանուր առմամբ նախագծի վերաբերյալ ունի բացասական կարծիք, քանի որ այն երկար մտածված ու հաշվարկված չէ։

«5 տարի շարունակ ես իմ ելույթներում անդրադարձել են կարմիր գծերին ու ավտոկայանատեղերին՝ հիշեցնելով, որ քաղաքային իշխանությունն ասում էր, որ գալու ենք ու հանենք։ Սակայն եկան ու ասացին, թե՝ տեսեք, «կարմիր գծերն» այլ վարչական շրջաններից հանել ենք ու թողել ենք միայն Կենտրոնում ու Արաբկիր վարչական շրջանում։ Այստեղ բառախաղ է գնում՝ մի կողմից հանել են, բայց մյուս կողմից՝ իրականում կա։ Հետո Հայկ Մարությանն ասում էր, որ՝ «կարմիր գծերի» գումարով մենք մանկապարտեզներ ենք վերանորոգում, ինչպե՞ս հանենք։ Սակայն մենք տեսանք, որ մի շարք մանկապարտեզներ վերանորոգեցին միջազգային կազմակերպությունների ու գործընկերների աջակցությամբ։
Հիմա էլ ուզում են կարմիր գծերի գումարը մի քանի անգամ բարձրացնել, սա անհասկանալի մոտեցում է։ Նախ պետք է հիմնավորեն՝ ինչո՞ւ հենց 160.000 դրամ։ Իրենց այն մեջբերումները, թե մի շարք առաջատար պետություններում կենտրոնում կայանատեղին թանկ արժի, ուզում եմ հիշեցնել, որ մենք դեռ առաջատար պետություն չենք»,- նշեց Միքայել Մանրիկյանը։

Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցն ասաց՝ Հայաստանում այս ամենը պետք է անեն հասարակության, ժողովրդի ապրելակերպին համահունչ։ Այսինքն՝ չպետք է տարանջատել հարուստներին և աղքատներին։

«Այս նախագիծը լինելու է հարուստների նախագիծը, այդպես էլ կոչվում է։ Ունևորները կվճարեն 160.000 դրամ ու մեքենան կկայանեն, իսկ այն մարդիկ, որոնք չունեն, ստիպված չեն վճարի։ Սա կրկնակի ու «օրինական ռեկետ» է, որովհետև շատ տնտեսվարողներ կան, որոնք դիմում են Երևանի ավագանուն, որպեսզի իրենց տնտեսվարող օբյեկտի համար՝ խանութի, հյուրանոցի և այլն, դիմացի հատվածը վարձակալեն։ Հիմա պատկերացրեք՝ քաղաքացին պետք է վճարի 160.000 դրամ, որպեսզի կարողանա իր մեքենան կայանել, հետո հանկարծ գա ու մի տեղում կայանի, խանութի տերը դուրս կգա ու կասի, թե՝ չես կարող այստեղ կայանել, քանի որ մի տարով այս տարածքը մենք վերցրել ենք։ Սա արդեն կլինի կրկնակի «օրինական ռեկետ», այսինքն՝ նոնսենս է։ Սա է խնդիրը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ»,- հավելեց Միքայել Մանրիկյանը։

Ինչ վերաբերում է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի բացատրություններին, որ 12.000 դրամով քաղաքացիներին չէին կարողանում զսպել, իսկ 160.000 դրամով կզսպեն և Կենտրոնը կբեռնաթափեն, Երևանի ավագանու նախկին անդամը նկատեց՝ համաձայն է՝ պետք է Կենտրոնը բեռնաթափվի, բայց դրա համար պետք է նախ ստեղծեն պայմաններ։ Մինչդեռ այսօր տրանսպորտային հանգույցը լիարժեք չի սպասարկում քաղաքացիների պահանջը, չկա տրանսպորտային հանգույց, մի քանի ավտոբուսներով հարցը չի լուծվել։

«Այս ամենը լոկ խոսքեր են, երբ ասում են, թե քաղաքացիների համար են անում, որպեսզի տրանսպորտը լիարժեք երթևեկի, խցանումներ չլինեն, հեքիաթներ են։ Ես հիմա ասում եմ մեր քաղաքացիներին՝ հաջորդը լինելու է հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագների թանկացումը, այս ամենն իրար հետ շղթայական կապ է ունենալու։ Այդ պատճառով էլ կարևոր է, որպեսզի հանրությունն իր դժգոհության ձայնը բարձրացնի այս նախագծի հետ կապված։ Բայց արդեն քանի օր է՝ հետևում եմ, կարծես հանրության կողմից այդպիսի սուր արձագանք չկա։

Կարելի է բարձրացնել, բայց բարձրացումը պետք է լինի տրամաբանության սահմաններում, այլ ոչ թե նստել ու նկարել ինչ-որ 160.000 դրամ ու առանց լուրջ հիմնավորման։ Չնայած կարող է այսպես են մտածել՝ դնել 160.000 դրամ, հետո ինչ-որ չափի գումար նվազեցնել, հետո էլ հայտարարել, թե՝ տեսաք, քննարկեցինք ու մտածեցինք ձեզ համար։ Ամեն ինչ գործող ավագանու ձեռքում է, իրենք պետք է այս հարցի լուծումը վերջնական տան։ Պետք է բարձրացնեն, բայց իմ կարծիքով՝ ոչ ավելին, քան եղածի եռապատիկի չափով, որը կարող է լինել փուլային, փորձնական»,- շեշտեց նա։

Ըստ նրա, եթե նախագիծն ընդունվի, ապա մեքենա ունեցող քաղաքացիների մի մասը սկսելու է երթևեկել հանրային տրանսպորտով, հետևաբար՝ հարց է առաջանում՝ հանրային տրանսպորտը կկարողանա՞ քաղաքացիներին ճիշտ ժամին պատշաճ սպասարկել։

«Քաղաքային իշխանությունը, կառավարությունը փորձում են իբրև կտրուկ բարեփոխումների գնալ, բայց տեսնում ենք հակառակ արդյունքը։ Դրա համար կոչ եմ անում, որպեսզի այս որոշման հետ կապված կազմակերպեն հանրային քննարկում՝ ընդգրկելով լայն շրջանակներ՝ հստակ գնահատական տալու համար։ Սա բերելու է իր բացասական հետևանքները»,- եզրափակեց Միքայել Մանրիկյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ