Պլաստիկ վիրահատությամբ անարգո՞ւմ ենք Աստծո պատկերը
Մարդիկ հաճախ մտածում են, թե արդյո՞ք պլաստիկ վիրահատությունն ու առողջական վիրահատությունների դիմելը նույն հարթակի վրա չեն գտնվում:
Չէ որ առաջին հայացքից պլաստիկ վիրահատությամբ անարգում ենք Աստծո պատկերը, իսկ առողջական վիրահատությունների պատճառով Աստծո բարի կամքին դեմ չե՞նք գնում:
Եթե Աստված է այդպես կամեցել, մենք միջամտում ենք Աստծո գործերին բժշկման ճանապարհով։
Պետք է հիշել, որ յուրաքանչյուր պարագայում ամեն ինչ կախված է մարդու հոգևոր վիճակից և նրա մտադրություններից:
Գրեթե բոլոր մասնագիտական կարողությունները կարելի է գործածել ի փառս Աստծո և ի շահ մերձավորի, կամ՝ հանուն չարի ու մեղքի:
Բժշկությունն Աստծո կողմից տրված շնորհ է մարդուն և օրինակ՝ դժբախտ պատահարի, ավտովթարի կամ երկրաշարժի զոհին բժշկական օգնություն ցուցաբերելը միմիայն մարդասիրության դրսևորում է:
Նույնն է նաև պատերազմում վիրավորվածի, սրտի կաթվածով կամ քաղցկեղով և այլ հիվանդների պարագան:
Պլաստիկ վիրահատությունների պարագան կրկին նույնն է:
Եթե վիրահատությունն արվում է օրինակ՝ այրվածքներից առաջացած սպիների, մեծ քթի կամ ականջների բարդույթից, դրանց հետ կապված ծաղրուծանակից ազատվելու համար, ապա այս պարագայում մարդուն արդարացնող հանգամանքներ կան:
Իսկ եթե փառասիրությունից կամ անառակ կրքերից մղված և գայթակղության համար են արվում պլաստիկ վիրահատությունները, ասենք՝ շրթունքների, կրծքի և մարմնի այլ մասերի ծավալների մեծացման հետ կապված, ապա պատասխանը պարզ է:
Միշտ պետք է հաշվի առնվեն յուրաքանչյուր արարքի, այդ թվում՝ վիրահատության մղող դրդապատճառները: