Սպանության մեջ մեղադրվող ՔՊ-ական նախկին պաշտոնյայի որդին ազատության մեջ է, իսկ ֆեյսբուքում ստատուս գրողները՝ կալանքի տակ. Փաստինֆո
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանի, վերաբերյալ գործն արդեն մեկ տարի է, ինչ դատարանում է, սակայն «սառեցված» վիճակում, գրել է «Փաստինֆո»-ն։ Մեկ տարվա ընթացքում, ինչպես պարզվեց, գործը դեռ հիմնական դատաքննության փուլ չի հասել, ավելին՝ ընդամենը դատական մեկ-երկու նիստ է եղել, իսկ Կարեն Պողոսյանը, թեև մեղադրվում է սպանության փորձի մեջ, ազատության մեջ է։
Պարզվում է՝ այս ընթացքում երեք դատավոր է փոխվել, ըստ այդմ՝ գործը պարբերաբար վերսկսվել է։ Նախ՝ գործը մակագրվել էր դատավոր Լուսինե Սեփխանյանին, ապա, պայմանավորված դատավոր Սեփխանյանի՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան գործուղման ժամկետի ավարտով, վերամակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։
Վերջինս էլ տեղափոխվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և գործը կրկին վերամակագրվել է։ Ընդ որում, թե՛ Սեփխանյանի, թե՛ Արամյանի վարույթում գտնվելու ընթացքում գործով առանցքային տեղաշարժ չի եղել, նիստերը հաճախակի հետաձգվել են՝ մեղադրյալի և պաշտպանի բացակայության կամ միջնորդության հիման վրա։ Այժմ գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռիմա Առաքելյանի վարույթում։ Վերջինս հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքն անփոփոխ թողնելու մասին։ Դատարանը գտել է, որ տվյալ փուլում շարունակում է առկա լինել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու իրավական հիմքը՝ այն է ողջամիտ ենթադրություն առ այն, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի:
Կարեն Պողոսյանը դեռևս նախաքննության փուլում հետախուզման մեջ էր գտնվում, և վարույթն իրականացնող մարմինը տևական ժամանակ չէր կարողանում հայտնաբերել նրան, իսկ հայտնաբերելուց հետո Սյունիքի նախկին մարզպետ, «ՔՊ»-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին կալանքի տակ գտնվել է շատ կարճ ժամանակ, մինչդեռ, համեմատության համար հարկ է նշել, որ ֆեյսբուքյան գրառումներում իբրև բռնության կոչ կատարելու համար անձինք այժմ կալանքի տակ են։