22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մայր Աթոռը՝ «Հայոց պատմություն» դասագրքի սխալներից

Քանի որ դասագրքի վերաբերյալ առանձին դիտարկումներ ներկայացվել ու քննարկվել են տարբեր հարթակներում, մենք զերծ կմնանք դրանք կրկին արծարծելուց կամ դրանց նորից անդրադառնալուց: Այստեղ կներկայացնենք մեր դիտարկումներն ու մեր կողմից նկատված սխալներն ու վրիպումները: Այսպես.
1. «ՍՏՐԱԲՈՆ (Ք. ա. շուրջ 62-24 թթ.) հույն պատմիչ և աշխարհագրագետ» (էջ 15, 66): Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնի մահվան տարեթվի մոտ պետք է նշվեր «Ք.ծ.հ. 24 թ.»: Թերևս կարելի է վրիպում համարել, սակայն նշենք, որ սխալը երկու տարբեր էջերում է կրկնվում:

2. «Լեռնաշխարհի տարածքում պատմության տարբեր փուլերում հայտնի են եղել Մեծ Հայքի, իսկ դրանից դուրս՝ Փոքր Հայքի և Կիլիկիայի վարչական միավորները» (էջ 15): Ըստ Հայաստանի պատմական աշխարհագրության լավագույն մասնագետների (Ս. Երեմյան և այլք)՝ Փոքր Հայքը ևս Հայկական լեռնաշխարհի մաս է կազմում. « …ուստի մենք կանգ ենք առնում Հայկական լեռնաշխարհի և նրա շարունակությունը կազմող Փոքր Հայքի պատմա-աշխարհագրական բնութագրի վրա» (տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, հտ. 1, Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1971, էջ 7):

3. Էջ 117-ում զետեղված է «387 թ. Հայաստանի բաժանումը Հռոմի և Սասանյան Իրանի միջև» քարտեզը: Քարտեզի վրա նշված է «Բյուզանդական կայսրություն», որի հիմնադրման տարեթիվ է համարվում 395 թ., ինչպես նաև՝ «Հայկական մարզպանություն», որը, որպես Սասանյան Իրանի առանձնահատուկ վարչամիավոր, գոյություն է ունեցել V–VII դդ.:

4. «Այդ նույն ժամանակ Արտագերս ամրոցում ամրացած Փառանձեմ թագուհին փորձում էր դիմադրել պարսիկներին, մինչ որդին՝ Պապը, կվերադառնար Բյուզանդիայից» (էջ 118): Բյուզանդիայի փոխարեն պետք է գրվեր «Հռոմեական կայսրությունից»: Աստծո առաջ չմեղանչելու համար նշենք, որ դասագրքի հեղինակը էջ 129-ում ունի հետևյալ բացատրությունը. «Բյուզանդիա | 395 թ. Հռոմեական կայսրության բաժանումից հետո Արևելահռոմեական կայսրությանը տրված անվանումը»:

5. «Արշակին հաջորդած երիտասարդ Պապ արքան (70-74) գահ է բարձրանում շատ ծանր պայմաններում» (էջ 118): Պապ թագավորը գահակալել է 370–374 թթ.:

6. «Արշակունիների կառավարման տարիներին Հայաստանը մշտապես գտնվում էր արևմուտքի և արևելքի՝ Հռոմի և Պարթևստանի, իսկ ապա Սելևկյանների լարված մրցակցության պայմաններում»: Արշակունիները Հայաստանում գահակալել են 66–428 թթ., իսկ Սելևկյան պետությունը գոյություն է ունեցել Ք.ծ.ա. 312–63 թթ.:

7. Էջ 131-ում զետեղված է մի մանրանկար՝ կողքին և ներքևում հետևյալ մակագրությամբ. «ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ (442-510), «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»: Ենթադրվում է, որ մանրանկարում պատկերված անձը Ղազար Փարպեցին պետք է լիներ, այնինչ ակնհայտորեն Փարպեցին չէ, որովհետև լուսապսակ ունի գլխի շուրջ, իսկ Հայոց եկեղեցին Փարպեցուն սրբերի շարքին չի դասել: Մանրանկարում առկա մակագրությունը հուշում է, որ պատկերված անձը Մարկոս ավետարանիչն է:

8. Էջ 133-ում զետեղված լուսանկարն ունի հետևյալ մակագրությունը. «Հայկական զորքերի հրամանատար Վահան Մամիկոնյանի և հայ ազնվականների վերադարձը հայրենիք»: Նկարը՝ Ջուլիան Զասսոյի (1833-1889), Վենետիկի Մխիթարյան միաբանություն»: Իտալացի նկարչի անունն է Giuliano Zasso, որը հայերեն տառադարձվում է Ջուլիանո Ձասսո (տե՛ս «Հայոց պատմության էջեր իտալացի նկարիչների գրաֆիկական աշխատանքներում», Երևան, 2007, գրքի ներածությունը և մի շարք նկարների մակագրությունները):

9. «Իրավիճակը սրվեց հատկապես 451 թ. գումարված չորրորդ՝ Քաղկեդոնի Տիեզերական ժողովից հետո» (էջ 136): Քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է միայն երեք՝ Նիկեայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) և Եփեսոսի (431 թ.) Տիեզերական ժողովների որոշումները, հետևաբար ճիշտ չէ Քաղկեդոնի ժողովը Տիեզերական գրելը:

10. 652 թ. կնքված հայ-արաբական պայմանագրի մասին գրված է հետևյալը. «Այն թույլ տվեց Հայաստանին, որոշ ընդհատումներով, պահպանել փաստացի անկախությունը մինչև VII դարի վերջը: Խաղաղության այս կարճատև շրջանը հայ ժողովրդին զարգանալու և բարգավաճելու հնարավորություն տվեց: Հնարավոր եղավ ավարտին հասցնել հայկական ճարտարապետության երկու գլուխգործոցները՝ Սուրբ Հռիփսիմեի և Զվարթնոցի տաճարները» (էջ 141): Նշենք, որ Սուրբ Հռիփսիմեի տաճարի կառուցումն ավարտվել է 618 թ.՝ հայ-արաբական պայմանագրի կնքումից շուրջ 34 տարի առաջ, իսկ Զվարթնոցի տաճարի շինարարությունն էլ, ըստ Թ. Թորամանյանի, սկսվել է 643 թ. և հիմնականում ավարտվել 652 թ., ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցի տաճարն օծվել է 652 թ. (տե՛ս Հայկական Սովետական Հանրագիտարան, հտ. 3, Երևան, 1977, էջ 708):

11. «Նվաճելով Հայաստանը և Հարավային Կովկասի մյուս տարածքները՝ արաբները հիմնեցին Արմինիա անունով փոխարքայություն, որը ներառում էր Արևելյան Վրաստանը, Աղվանքը և գրեթե ողջ Մեծ Հայքը» (էջ 142): Փաստորեն, ըստ Ս. Հովհաննիսյանի, Հայաստանը Հարավային Կովկասի ընդգրկած տարածքներից է:

12. «Ըստ որոշ հետազոտողների՝ ընդհանուր առմամբ Պավլիկյան շարժումը Հայաստանի համար երկու կարևոր ներդրում ունեցավ: Նախ՝ պատճառ դարձավ, որ Հայոց եկեղեցին վերափոխվի, և նրա հիմքերն ամրանան: Ապա՝ Պավլիկյան «հանրապետության» ստեղծումը Հայաստանի հյուսիսարևմտյան շրջանը պաշտպանեց արևմուտքի ուղիղ հարվածից և հնարավորություն տվեց Բագրատունիներին վերականգնելու Հայաստանի անկախությունը» (էջ 144): Սովորողներին ավելի հասկանալի լինելու նպատակով՝ ցանկալի կլիներ, որ դասագրքի հեղինակը մանրամասներ, թե Պավլիկյան շարժման հետևանքով Հայոց եկեղեցին ինչպես է վերափոխվել, կամ Պավլիկյան «հանրապետությունը» ինչպես է Հայաստանի հյուսիսարևմտյան շրջանը պաշտպանել արևմուտքի ուղիղ հարվածից և հնարավորություն տվել Բագրատունիներին վերականգնելու Հայաստանի անկախությունը, այլապես ուսուցիչը այս հատվածի մեկնաբանման պարագայում, մեղմ ասած, կարող է հայտնվել աննախանձելի իրավիճակում:

13. Նախկին դասագրքերից, այդ թվում՝ բուհական, հայտնի է, որ հակաարաբական ապստամբությունն ընթացել է 849/850–855 թ., նոր դասագրքում, սակայն, նշված է, որ «Իսկ 850-851 թթ. տեղի ունեցավ հայերի մյուս խոշոր ապստամբությունը» (էջ 145): Եթե ապստամբությունը 850-851 թթ. է տեղի ունեցել, ապա անհասկանալի է մնում, թե ինչու է 852 թ. խալիֆը զորավար Բուղայի հրամանատարությամբ Հայաստան ուղարկել պատժիչ մեծաքանակ զորաբանակ:

14. «Միջնադար կամ Միջին դարեր | պատմության մի շրջան է, որը ձգվում է V դարի վերջից մինչև XV դարի վերջը: Սկսվում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվում Վերածննդով ու աշխարհագրական մեծ հայտնագործություններով: Ընկած է անտիկ և նոր ժամանակների միջև: Հաճախ բաժանվում է երեք փուլերի՝ վաղ միջնադար (V-X դդ.), բարձր միջնադար (XI-XIII դդ.) և ուշ միջնադար (XIV-XV դդ.)» (էջ 148): Ինչպես տեսնում ենք, տրված է Համաշխարհային պատմության մի հատվածի՝ միջնադարի ընդգրկած ժամանակաշրջանը: Սա սովորողը պետք է իմանա Համաշխարհային պատմության 7-րդ դասարանի դասընթացից, Հայոց պատմության դասագրքում պետք է տրվեր հայոց պատմության միջնադարի ընդգրկած ժամանակաշրջանը (այսօր հայագիտության մեջ ընդունված է միջին դարերի ներքոնշյալ պարբերացումը: IV դ. սկզբից մինչև IX դ. կեսերը համարվում է վաղ միջնադարի ժամանակաշրջան, IX դ. կեսերից մինչև XIV դ. վերջերը՝ զարգացած միջնադարի շրջան, XV դ. սկզբից մինչև XVII դ. կեսերը՝ ուշ միջնադարի ժամանակաշրջան):

15. «Այսպես՝ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդն ու Ղազար Փարպեցին, միմյանց շարունակելով և լրացնելով, շարադրել են III-IV դդ. հայոց պատմությունը» (էջ 150): Արդյո՞ք Փարպեցին V դ. հայոց պատմությունը չի շարադրել (գոնե մի մասը):

16. «Իսկ Անանուն պատմիչը, գովաբանելով Գագիկ Արծրունուն, էջեր է նվիրում Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Ոստան քաղաքի շենքերի նկարագրությանը» (էջ 173): Ոստան բերդաքաղաքը գտնվում էր ոչ թե Աղթամար կղզում այլ Վանա լճի հարավային ափին՝ Աղթամար կղզու դիմաց, Արտոս լեռան հյուսիսարևմտյան լանջերին (տե՛ս Հայաստանի և հարակից երկրների տեղանունների բառարան, հտ. 4, Երևան, 1998, էջ 177):

17. Դասագրքում զգալի թիվ են կազմում դժվարընկալելի, թյուրըմբռնման տեղիք տվող, նաև՝ սխալ, հակասական կամ ոչ հարթ ձևակերպմամբ նախադասությունները, օրինակ.

17.1. «Նվիրապետություն | Հայ առաքելական եկեղեցու հոգևոր աստիճանակարգը, որն ունի հետևյալ բաժանումները՝ կաթողիկոս, պատրիարք, արքեպիսկոպոս, վարդապետ, քահանա, սարկավագ, դպիր» (էջ 108): Հայոց եկեղեցու նվիրապետությունն այսօր ունի 9 աստիճան (հրեշտակների 9 դասերի նմանությամբ): 1) Դռնապանություն, 2) Ընթերցողություն, 3) Երդմնեցուցչություն, 4) Ջահընկալություն, 5) Կիսասարկավագություն, 6) Սարկավագություն, 7) Քահանայություն, 8) Եպիսկոպոսություն, 9) Կաթողիկոսություն (տե՛ս Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 814): Ինչպես տեսնում ենք, Ս. Հովհաննիսյանի նշած «բաժանումներից» 3-ը՝ պատրիարք, արքեպիսկոպոս և վարդապետ, նվիրապետական աստիճաններ չեն:

17.2. «Ձեռնադրություն | կրոնական կարգ, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը, որով դառնում են հոգևորական և լիազորվում կատարել տարբեր կրոնական ծեսեր և արարողություններ» (էջ 108): Սարկավագությունը ևս ձեռնադրությամբ են ստանում, սակայն սարկավագները չեն կարող ոչ բոլոր կրոնական ծեսերն ու արարողությունները (օրինակ, հոգեհանգստյան կարգ, խոստովանություն, պատարագ մատուցել և այլն) կատարել: Կարելի էր ընդամենը նշել հետևյալը. Ձեռնադրությունը հոգևորական աստիճան (սարկավագ, քահանա, եպիսկոպոս) շնորհելու ծես է, որը կատարվում է պատարագի ընթացքում, երբ հատուկ արարողությամբ հոգևորականն իր ձեռքը դնում է ապագա հոգևորականի կամ նվիրապետական ավելի բարձր աստիճան ստացող հոգևորականի գլխին:

17.3. «Թադեոսը բուժում է Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին, քարոզում Ավետարանը: Այնուհետև մեկնում է, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք, որտեղ էլ նահատակվում է» (էջ 109): Այսինքն, Թադեոսը Սանատրուկ թագավորի արքունիքո՞ւմ է նահատակվել:

17.4. Հռիփսիմյանց կույսերը «Քրիստոնյաների նկատմամաբ իրականացվող հալածանքներից խուսափելով՝ ի վերջո ապաստանել են Հայաստանում, որտեղ և նահատակվել են: Ըստ ավանդության՝ հալածանքների պատճառը եղել է կույսերից
Հռիփսիմեն» (էջ 111): Այսինքն՝ Հռոմում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքների պատճառը Հռիփսիմե՞ն էր:

17.5. «Հատկանշական է, որ չնայած քրիստոնեության հանդեպ իր սկզբնական թշնամանքին՝ հռոմեական կայսր Դիոկղետիանուսը (284-305) հանդուրժեց Հայաստանում քրիստոնեության հաստատումը, քանի որ դա ավելի շատ դիտվում էր որպես Սասանյանների դեմ հակադրության դրսևորում» (էջ 112): Փաստորեն՝ Հայաստանում քրիստոնեության հաստատումը Դիոկղետիանոսի հանդուրժողականության դրսևորման հետևանք էր, վերջինս կարող էր նաև թույլ չտալ Հայաստանում քրիստոնեության հաստատումը:

18. Դասագրքում օգտագործված որոշ հասկացություններ բացատրության կարիք ունեն, օրինակ, արտեզյան ջրեր (էջ 13), կատակոմբ (էջ 113) և այլն:

19. Դասագրքում զետեղված լրացուցիչ նյութերի գերակշիռ մասը («Պատմությունը և մարդը») ավելի շատ համաշխարհային, քան հայոց պատմությանը վերաբերող նյութեր են, ուստի հայոց պատմության դասագրքում դրանք զետեղելու անհրաժեշտությունը և ուսումնական նշանակությունը այնքան էլ համոզիչ չեն: Օրինակ՝ էջ 142-ում զտեղված է նյութ Մուավիայի մասին, միայն վերջում նշված է հետևյալը. «Խալիֆա հռչակվելուց հետո Բյուզանդիայի դեմ պայքարում Հայաստանի չեզոքությունն ապահովելու համար 661 թվականին Մուավիան հայոց իշխան ճանաչեց Գրիգոր Մամիկոնյանին»: Ապա հետևում է առաջադրանքը. «Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կարող էին զարգանալ դեպքերը, եթե Մուավիան Գրիգոր Մամիկոնյանին հայոց իշխան չճանաչեր»: Այդպիսին են նաև դասագրքի 62-րդ, 81-րդ, 86-րդ, 91-րդ, 106-րդ, 109-րդ (նյութի վերջում տրված հարցի պատասխանը չի բխում նյութից) և այլ էջերում զետեղված նյութերը, իսկ էջ 151-ի լրացուցիչ նյութի հեղինակն ընդհանրապես նշված չէ:

20. Ըստ Հայոց պատմության 7-րդ դասարանի ծրագրի՝ դասագրքում դասեր կամ դասանյութեր պետք է լինեին հետևյալ խորագրերով. Թեմա 4-ում՝ Քրիստոնեության առաջացումը և տարածումը, Քրիստոնեությունը հայոց քաղաքակրթության հիմնասյուն, Քրիստոնեական վարդապետությունը: Աստվածաշունչ, Հայոց եկեղեցու դերի ու ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում, Հայոց եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդները, եկեղեցիների կառուցվածքը, Ազգային-եկեղեցական ժողովներ, Թեմա 5-ում՝ Վարդանանց պատերազմը, Տիեզերական ժողովները և Հայոց եկեղեցին, Հակաարաբական ապստամբությունները, Հայոց եկեղեցին VII–VIII դդ., Տնտեսությունը, առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները Հայաստանում V–IX դարերում, Թեմա 7-ում՝ Պատմաաշխարհագրական միջավայրը: Քաղաքական դրությունը տարածաշրջանում, Հայոց եկեղեցին Բագրատունյաց ժամանակաշրջանում և այլն, սակայն վերոհիշյալ խորագրերով դասանյութերն իսպառ բացակայում են, իսկ մյուս խորագրերի մեջ ներկայացված՝ վերոհիշյալ խորագրերին առնչվող դասանյութերը հատվածական են և ամբողջական պատկերացում չեն տալիս: Փոխարենը դասագրքում տեղ է գտել առարկայական ծրագրով չպահանջվող խորագրով դասանյութ («Սելևկյան պետությունը», էջ 60):

21. Հետաքրքիր է, թե արդյոք հեղինակը հաշվի է առել դասագրքում տրված առաջադրանքներից յուրաքանչյուրը կատարելու և ներկայացնելու համար անհրաժեշտ պայմաններն ու հատկացված ժամանակը: Օրինակ.

20.1. «Գործնական առաջադրանք. Օգտվելով համացանցից՝ դասընկերոջդ հետ տեղեկություննե՛ր հավաքիր Հայոց եկեղեցու յոթ խորհուրդների մասին: Ստեղծե՛ք պաստառ՝ օրինակներով ցույց տալով, թե ինչ է ենթադրում դրանցից յուրաքանչյուրը: Ձեր գտած տեղեկությունները և դրանց հիման վրա արված ձեր եզրակացությունները դասարանին ներկայացրե՛ք նաև բանավոր» (էջ 113): Նախ՝ առաջադրանքը եթե դասարանում պետք է կատարվի, ինչքան ժամանակ եք նախատեսում, եթե տանը պետք է կատարեն, ապա պաստառը ինչպե՞ս և որտե՞ղ պետք է ստեղծեն, ի՞նչ ժամանակում: Եթե, ի վերջո, սովորողներին (զույգերով աշխատանքի արդյունքում) հաջողվի հայթայթել ճիշտ և ուսանելի տեղեկություններ Հայոց եկեղեցու յոթ խորհուրդների մասին, մշակել, դասավորել, ստեղծել համապատասխան պաստառներ, իրենց գտած տեղեկությունները և դրանց հիման վրա արված իրենց եզրակացությունները դասարանին զույգերով ներկայացնեն նաև բանավոր, որքա՞ն կտևի այդ աշխատանքը (իմիջիայլոց նշենք, որ դասագրքի հեղինակն ինքը պետք է կատարեր ծրագրային այդ պահանջը և առանձին դասանյութում ներկայացներ Հայոց եկեղեցու յոթ խորհուրդները): Իսկ չե՞ք կարծում, որ գոնե մի քանի կայքէջեր պետք է նշեիք, որ սովորողները օգտվեին դրանցից:

20.2. «Գործնական առաջադրանք. Օգտվելով համացանցից կամ «Համաշխարհային պատմություն» դասագրքից՝ դասընկերոջդ հետ ստեղծի՛ր պաստառ՝ օրինակներով ցույց տալով, թե ինչպես են թագավորական (պետական) Հողերը աստիճանաբար մասնատվում, և դա ինչպես է նպաստում արքայի իշխանության թուլացմանը: Ներկայացման մեջ ներառե՛ք պատկերներ ենթագրերով» (էջ 127): Նախորդ ենթակետում նշված հարցերին այստեղ ավելացնենք ևս մեկը. իսկ ինչո՞ւ պետք է այս առաջադրանքը կատարեն Հայոց պատմության դասընթացից, այլ ոչ թե Համաշխարհային պատմության:

Այսքանով, սակայն, չեն սպառվում դասագրքում եղած վրիպումներն ու սխալները: Հուսանք, որ մեր կատարած դիտարկումները հաշվի կառնվեն դասագրքի լրամշակման դեպքում և կնպաստեն դասագրքի որակի բարելավմանը:

Արման Մալոյան
պատմական գիտությունների թեկնածու

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ