Ի՞նչ է նշանակում՝ «Քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս»
Ի՞նչ է նշանակում՝ «Քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս: Ամեն:»
Նշանակում է՝ մենք վստահ ենք, որ այս բոլոր խնդրանքները հաճելի են մեր Երկնային հորը: Նա լսում է դրանք, քանի որ ինքն է պատվիրել մեզ այդպես աղոթել ու խոստացել է լսել մեզ:
Ինչո՞ւ ենք Տերունական աղոթքն ավարտում «ամեն»-ով:
«Ամեն» նշանակում է. «Այո, թող այդպես լինի,, և շեշտում է, որ Աստված լսում է մեր աղոթքները և կպատասխանի Իր խոստման համաձայն:
Սաղմ. 50.15 «Կանչիր Ինձ նեղության օրը, և Ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես Ինձ»:
Առակ. 15.8 «Թշվառի բոլոր օրերը վատ են, իսկ ուրախ սիրտը մշտական խնջույք է»:
Առակ. 15.29 «Հեռու է Տերը ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղոթքը»:
Ինչպե՞ս վստահ լինեմ, որ Աստված պատասխանում է իմ աղոթքներին:
Ա. Նա միակ Աստվածն է, Ով տնօրինում և ուղարկում է բոլոր բարի պարգևները:
Հակ. 1.17 «Ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում, լույսի Հորից. Ում մեջ փոփոխություն կամ փոփոխման շուք բնավ չկա»:
Սաղմ. 103. 2-3 «Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձը, և մի մոռանա Նրա բոլոր բարիքները, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը»:
Բ. Նա մեր աղոթքներին պատասխանելու իշխանություն ունի, քանի որ Նա է միակ կենդանի Աստվածը:
Սաղմ. 33.6 «Տիրոջ Խոսքով երկինքը ստեղծվեց, և Նրա բերանի Հոգով՝ Նրա բոլոր զորքերը»:
Եփես. 3.20-21 «Նրան, Ով կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում, այն զորության չափով, որ մեր մեջ ներգործում է, Նրան փառք եկեղեցում, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, բոլոր դարերում՝ հավիտյանս հավիտենից»:
Գ. Նրանն է ամբողջ փառքը, և Նա արժանի է մեր օրհնությանը:
Սաղմ. 113. 4-5 «Տերը բարձր է ամեն ազգերի վրա և Նրա փառքը՝ երկնքի վրա: Ո՞վ է մեր Տեր Աստծո նման, որ բնակված է բարձունքում»:
Ա Տիմոթ. 1.17 «Հավիտենական Թագավորին՝ այն անեղծին ու աներևույթին, այն միակ Աստծուն պատիվ ու փառք հավիտյանս հավիտենից»: