Ինչպես աղոթել երեխաների համար
Հայր, շնորհակալ եմ, որ արժանացրիր ինձ լինելու ընտանիքի հայր (մայր), զավակներ պարգևեցիր և ես դավանում եմ, որ նրանք Քո՜ երեխաներն են, որովհետև Դո՜ւ նրանց կյանք տվեցիր, կենդանացիր և վերածնեցիր Քո Սուրբ Հոգով` որդեգրելով և ընդունելով նրանց Եկեղեցուդ մեջ:
Այժմ խնդրում եմ, պահիր նրանց բարեշնորհ վիճակում մինչև վերջն իրենց երկրավոր կյանքի և արժանացրու նրանց մասնակից լինելու Աստվածաշնչի խորհուրդներին և ժառանգակիցը դարձրու Քո բոլոր խոստումների: Օծիր նրանց Սուրբ Հոգուդ յուղով, պտուղներով, պարգևներով սիրով, ճշմարտությամբ, իմաստությամբ, և թող նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ Անունը:
Օգնիր ինձ, որ որդիներիս հոգևոր ու աշխարհիկ կրթության գործում երբևէ չձանձրանամ, որպեսզի նրանց կյանքն ու գործը Քո փառքի և մերձավորի օգուտի համար լինի:
Սուրբ Հոգի, մեր Ուսուցիչ և Մխիթարիչ, համբերություն և զորություն տուր ինձ, որ կարողանամ նրանց սրտերի մեջ սիրո և իմաստության սերմնահատիկներ ցանել:
Ամենազոր Աստված, որ ողջ տիեզերքն ես ղեկավարում, պայծառացրու իմ երեխաներին Քո կենարար լույսով, որ նրանք սիրեն Քեզ իրենց ողջ սրտով, մտքով, զորությամբ, սիրեն Քո Խոսքը և իրենց ողջ կյանքը ապրեն Քո Խոսքի համեմատ:
Իսկ ինձ և կնոջս (ամուսնուս) խելամտություն տուր մեր գործերով հաստատելու, որ ճշմարիտ կյանքը Քեզ սիրելու և Քո պատվիրանները պահելու մեջ է:
Նրանց առջև Քո պատվիրանների և Քո Խոսքի օրհնաբեր դռները բաց արա, որ Քո Օրենքի հրաշքները տեսնեն, և մինչև իրենց կյանքի վերջը ապրեն ըստ Քո Խոսքի և առաջնորդվեն Քո Սուրբ Հոգով:
Գրիր Քո Խոսքը նրանց սրտի տախտակների վրա և դրանք կատարելու զորություն տուր նրանց: Ամեն տեսակ անօրենությունների նկատմամբ հակակրանք և վախ դիր նրանց սրտերում, որպեսզի անարատ լինեն իրենց բոլոր ճանապարհներում և միշտ հիշեն, որ Դու ես Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը:
Պահիր երեխաներիս սրբության, առաքինության և երկյուղածության մեջ, քանզի Որդուդ Սուրբ Արյունը զորություն ունի մաքրելու նրանց ամեն մեղքից: Քաջալերիր նրանց օգտակար գիտելիքների ձգտումներով, նրանց ընդունակ դարձրու բարին գործելու ամեն առիթով, և թող Քո Խոսքով ձեռք բերեն ճշմարիտ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են իրենց և մյուսների հոգևոր հարատևության համար:
Նրանց լուսավորիր մարդկությանն անհրաժեշտ հոգևոր գիտելիքներով, հանճարով ու տաղանդներով, որոնք Քո Որդու միջոցով շնորհում ես բոլոր Քեզ հնազանդողներին:
Ամենքի սրտագետ Սուրբ Հոգի Աստված, Քո սուրբ երկյուղի կնիքը դրոշմիր իմ երեխաների մտքին ու սրտին, որ չընկերանան Քո վախը չունեցողների հետ, որպեսզի չար ընկերակցությունը չապականի նրանց բարի վարքը, որպեսզի չարը չշեղի նրանց Քո ճանապարհից և որպեսզի չմոլորվեն` տեսնելով անօրենների լայն ճանապարհները, որոնք սակայն կործանում են տանում:
Սուրբ Աստված, օգնիր ինձ, որ անաչառ լինեմ երեխաներիս հանդեպ, իմ արարքներով շահեմ նրանց հոգիները Քեզ համար, և իմ խոսքերն ու գործերը հաճո լինեն Քեզ: Զորություն և իմաստություն տուր ինձ, որպեսզի Քո հանդեպ երկյուղը միշտ աչքիս առաջ ունենալով` հանդիմանեմ նրանց մեղքերը, ուղղեմ սխալները, նկատեմ փոքր կամակորությունն ու անհնազանդությունը, հեռացնեմ նրանց թեթևամտության և պարապության մղումներից, որպեսզի անօրենությունը չկործանի նրանց միտքը, հոգևոր աճն ու առողջությունը, և որպեսզի չմոռանան Քեզ ու Քո պատվիրանները, այլ միշտ ապրեն Քո կամքով:
Արդար Դատավոր, որ օրհնում ես Քեզ սիրողների մինչև հազարերորդ սերունդը, պատիր ինձ (ամուսնուս, կնոջս) և երեխաներիս Որդուդ թանկ Արյունով: Ես հավատում եմ, որ Քրիստոսը խաչի վրա վերցրեց մեր մեղքերը, ցավերն ու անեծքը:
Օրհնելով օրհնիր իմ սերունդը, որպեսզի նրանք հավիտյան Քեզ հետ լինեն: Եվ եթե մեղանչեն, ողորմած եղիր նրանց հանդեպ, ներիր նրանց, փափկացրու մեղքից խստացած նրանց սրտերը, գութո՜վ պատժիր և մի մերժիր նրանց, երեսդ մի շրջիր նրանցից, և թող նրանց չհանդիպի իրենց ուժերից վեր փորձություն:
Հա՜յր, որ լսում ես Քո զավակների աղոթքը և օրհնում ես Քո Անունը կանչողներին, ահա ես, ծնողական ամենաբարի զգացումներով լեցուն, իմ երեխաների բարին կամենալով, Քեզ եմ ապավինում` որպես մեր բարեգութ Հոր, ուստի թող ամեն բան Քո բարի կամքի համեմատ լինի:
Դարձրու ինձ իմ երեխաներով ուրախացող ծնող, արժանացրու ինձ նրանց հետ միասին կանգնելու Քո առջև, որպեսզի ես էլ մյուս ծնողների նման ասեմ. ՙԱհա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ՚ (Եբր.2.13):
Թող փրկվածների հետ միաբան մենք էլ փառավորենք անսահման բարությունդ, հավիտենական սերդ, և օրհնենք սուրբ անունը Քո` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հավիտյանս հավիտենից: Ամեն: