Ոսուցիչները բողոքի ակցիա են անում ԿԳՄՍՆ շենքի մոտ․ Պահանջում են լուծել կրթական ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրները

ԿԳՄՍ նախարարության շենքի առջև են հավաքվել հանրակրթական դպրոցների ուսուցիչները՝ պահանջելով լուծել ճգնաժամի շեմին հայտնված կրթական ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրները։
Ամենամտահոգիչը հանրակրթական նոր չափորոշիչներն են, 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների դասագրքերը, որոնք դեռ չեն տպագրվել ու տրամադրվել դպրոցներին։
Ոչ պակաս մտահոգիչ է նաև ուսուցիչների հանդեպ պետության վերաբերմունքը։
«Նրանք, ովքեր միջին մասնագիտական կրթություն ունեն, բայց ունեն 40 տարվա, 50 տարվա մանկավարժական ստաժ, չեն կարող աշխատել դպրոցում։ Սա էլ է խնդրահարույց հարց և մտահոգության տեղիք է տալիս»,- ասում են ԿԳՄՍՆ շենքի մոտ հավաքված մանկավարժները։
Այն ահռելի աշխատանքի դիմաց, որը կատարում է ուսուցիչը, վարձատրում են գռոշներով, ընդգծում են նրանք, աշխատանքն էլ ավելացրել են․ էլեկտրոնային մատյանում հավելյալ գրանցումներ կատարելը դասապրոցեսին, ուսման որակին ոչ մի օգուտ չի տալիս, տանում է ավելորդ ժամանակ ու ռեսուրս, որը կարելի էր ծառայեցնել աշակերտներին կրթելուն։
«Ինչի՞ համար է դա արվում, ի՞նչ է դա տալիս աշակերտին, ուսուցչին։ Ուսուցիչը կարող է իր ժամանակը ավելի ռացիոնալ բաշխել՝ այն տրամադրելով աշակերտին, դասարանին»,- նշում են ուսուցիչները՝ տեղեկացնելով, որ իրենց բարձրացրած պահանջներից մեկն էլ թղթային մատյանները վերականգնելն է։