18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հորս սպանեցին իր իսկ այգու մեջ՝ բահը ձեռքին … »

Հմայակ Սարգսյանի պատմությունը

Սասուն, 1910թ. ապրիլի 10

Ռազմիկ Սարգսյանը ներկայացնում է իր հոր՝ Հմայակ Սարգսի Սարգսյանի պատմությունը,որը իր հոր, մոր և եղբոր հետ մինչև 1915 թվականն ապրել է Սասուն գավառի Սղունտգյուղում: Թուրք մարդասպանները նրա հորը սպանել են հենց իրենց այգում, իսկ մարն ուեղբայրը սովամահ են եղել ճանապարհին: Միայնակ 5-ամյա տղան ի վերջո հայտնվել էԳավառի մանկատանը, գրում է armeniangenocide100.org-ը:

Հմայակ Սարգսի Սարգսյան: Ծնվել եմ 1910թ. ապրիլի 10-ին՝ Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի Սղունտ գյուղում, ապրել եմ հորս, մորս ու եղբորս հետ մինչև 1915թ. այն չարաբաստիկ օրը, երբ մեր տան բակում հայտնվեցին զինված մարդիկ, որոնք հետաքրքրվում էին հակաթուրքական գաղափարներ սերմանող այն մարդկանցով, ովքեր գիշերել էին մեր տանը: Արդարացում կամ պատասխան պետք չէր. նրանք նկատել էին այգում ջուր անող հորս: Սպանվեց հայրս իր իսկ այգու մեջ՝ բահը ձեռքին, հայացքը հառնած դեպի իր տունը: Այդ տեսարանը ինձ ուղեկցեց իմ ամբողջ կյանքի ընթացքում: Երբ մարդասպանները մոտեցան հարևան տանը, մայրս պահը չկորցնելով , արագորեն գրկեց ինձ ու 3 տարեկան եղբորս և փախանք: 

Երկար դեգերումներից հետո կարողացանք միանալ ողջ մնացած, ցաք ու ցրիվ եղած յուրայիններին, որոնք կազմված էին կանացից և երեխաներց և մտածում էին կազմակերպված փախուստի՝ գաղթի մասին: Գաղթի ճանապարհը շատերի համար դժոխքի ճանապարհ էր, որովհետև նրանք տեղ չհասան սովի, հիվանդության, ցրտի, հոգնածության պատճառով: Նույն բախտին արժանացան նաև մայրս և եղբայրս , ճանապարհի կեսին չհասած սովից մահացավ փոքրիկ եղբայրս, փոքր ինչ ուշ նաև մայրս: 

Մնալով ընտանիքի միակ ողջ անդամը, լինելով ընդամենը 5 տարեկան՝ բարեհոգի մարդկանց հոգածությամբ հասա Արևելյան Հայաստան: Ճանապարհի մի մասը սովալլուկ մարդիկ ինձ գրկած բերեցին: Հայտնվեցի Գավառի մանկատանը, հետո էլի ինչ-որ տեղ տարան (չեմ հիշում) , նորից բերեցին Գավառ, մինչև որ ինձ գտավ մորեղբայրս՝ Պողոս Սարգսյանը (նա նույնպես ներգաղթել էր Արևմտյան Հայաստանից և բնակություն հաստատել Աշտարակի շրջանի Ուջան գյուղում) , վերցրեց ինձ մանկատնից ու տարավ Ուջան:

Ուջանում ես պահում էի ուրիշի կենդանիներին, քնում էի նրանց մարագներում: Բարեհոգի մարդիկ ինձ հաց էին տալիս: Սրա-նրա տանը զանազան աշխատանքներ կատարելուն զուգահեռ նաև սովորում էի տեղի տարրական դպրոցում, որը ինձ հնարավորություն տվեց աշխատելու գյուղի խանութում: Հորեղբորս տղայի (նրան նույնպես մանկատնից էին գտել)՝ Մանուկյան Տոնոյի հետ քարից ու հողից տուն կառուցեցինք: Ամուսնացա Ուջանցի Արփիկ Սարգսյանի հետ, ունեցա 5 զավակ՝ 3 տղա, 2 աղջիկ: Եկել էր դաժան ու ծանր մանկության հատուցման պահը՝ երեխաներ ծնելով ու ճիշտ դաստիարակելով, ավելացնել հայի քանակն ու որակը: 

Հ.Գ. Երբ ավագ որդին՝ Ռազմիկը, պատրաստվում էր ռազմական բարձրագույն ուսումնարան ընդունվել, հոր ուրախությանը չափ չկար:Նա կրկնում էր «Սպա դառնալը շատ կարևոր է , մի օր պետք կգա»: Եվ հողազուրկ գետնի քարերը ափով մաքրելով , խաղողի վազի ճյուղով իր պատրաստած հուշատախտակի վրա գծում էր իրենց գյուղը, իրենց տունը և այն այգին… Հուշատախտակը թրջվում էր. Հմայակ պապն արտասվում էր, մոռանալ չէր կարողանում… Երկրի կարոտը սրտում, Հմայակ պապը իր մահկանացուն կնքեց 1995 թվականին:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ