Նորոգության գաղտնիքը
Շնորհալի Հայրապետի «Նորոգո՛ղ հնությունների, նորոգիր և ի՛նձ, նորոգությա՛մբ զարդարիր» բառերով մենք, մեր Եկեղեցին և յուրաքանչյուր հավատացյալ խնդրում է Աստծուց, որ Աստված մեր հնությունը, մեր մեջ եղած հին մարդուն ամբողջովին նորոգի և նորոգության գեղեցկությամբ զարդարի:
Սպասումը կյանքում ամենագեղեցիկ և ամենադրական բանն է: Յուրաքանչյուր մարդ կյանքից սպասելիք ունի, նա կյանքից շատ բան է ակնկալում: Բայց մենք, որպես գիտակից մարդիկ, գիտենք, որ մեր ճիգով ու աշխատանքով ենք մեր կյանք բերում մեր կամեցածը: Ամեն գիտակից, խելացի, իմաստուն մարդ պետք է այդ երազն ու նպատակն ունենա: Կյանքի հորիզոնի վրա պետք է միշտ բարձր մնա այդ նպատակը, որին նայելով՝ մարդ պետք է կարողանա ծրագրել ու կազմակերպել իր կյանքը և այն լցնել գործերով, այնպես, որ այդ նպատակը հետզհետե իրականության վերածվի: Այն ժամանակ սպասումը կմիահյուսվի իրական կյանքի հետ, և կյանք ու երազ, նպատակ ու իրականություն կգրկախառնվեն` դառնալով մեկ ամբողջություն: Ինչպե՞ս դիմենք Աստծուն, որ օրհնի մեր կյանքը և հաջողությամբ լցնի այն… Ի՞նչ խնդրենք, որ Աստված մեր այդ նպատակն ու ծրագիրն օրհնի և այդ նպատակի իրականացմանն ուղղված մեր ճիգերին հաջողություն տա:
Խորհենք, թե նպատակի և գործի հետ ուրիշ ի՞նչ կնորոգի մեզ, ի՞նչ այլ բաներ նորություն կհաղորդեն մեր կյանքին: Մեր կյանքի ամբողջական նորոգության համար ենք Աստծուն խնդրում։ Հարկ է հատկապես հետևյալի առարկայացումն ու նրանց համար նորոգություն խնդրելը․
1) Աստծո հանդեպ ունեցած վստահություն․ այլ կերպ ասած՝ հավատքն առաջին բանն է, որ մարդ կարող է իսկապես նորոգել: Առ Աստված դարձի եկած մարդը գտած կլինի այն աղբյուրը, որտեղից խմելով՝ ինքն իր կյանքը կարող է նորոգել:
Մարդկային կյանքը հատկանշող երևույթներից մեկը մարդու մտահոգվելն է: Մարդը մտահոգվում է ուտելու, հագնելու, խոսելու համար, մտահոգվում է իր գործի, շահի, առողջության և ապահովության համար: Այս բոլոր մտահոգությունները ծանրացնում են նրա սիրտը: Բայց այս մտահոգություններն առ Աստված տածած հավատքի և վստահության հակասություններն են և, ընդհակառակը, նշանակում են անվստահություն առ Աստված: Անշուշտ, պետք է չմոռանալ, որ չմտահոգվելը չմտածելը չէ: Մտածելը և մտահոգվելը երկու տարբեր բաներ են: Մտածել՝ նշանակում է Աստծուն վստահելով նայել ու խորհել, թե ինչպես է Նա ուղիղ կերպով առաջնորդում դեպի հաջողություն։ Բայց մտահոգվել՝ նշանակում է ավելորդ ծանրություններով ու դառնություններով սեփական միտքը, սիրտն ու հոգին խճողել այնքան, որ վստահության և հավատքի համար տեղ չմնա:
Անվստահության այդ մեղքի մեջ չպետք է մարդը մնա, այլ պետք է կարողանա ինքն իրեն դուրս բերել այդտեղից` առ Աստված վստահությամբ նորոգվելու, նոր մարդ դառնալու համար: Աստծուն վստահող մարդը թեթևությամբ է ապրում և պարզորեն ընկալում կյանքի մատուցած բոլոր անակնկալները, որովհետև գիտի, որ այդ անակնկալներից և կյանքի հարուցած բոլոր խոչընդոտներից հետո ինքն անպայման հաջողություն կունենա, քանզի միայնակ չի գործում, իր բոլոր ծրագրերն Աստծո օրհնությանն են հանձնված և Աստծո օգնականությամբ պիտի լինի իր յուրաքանչուր քայլափոխը:
2) Նորոգության երկրորդ սկզբունքն ու գաղտնիքն ուրախ լինելն է: Շատերի կարծիքով ուրախ և զվարթ տրամադրություն ունենալը հատուկ է միայն մանուկներին: Նրանց կյանքում վերոհիշյալ մտահոգությունները գոյություն չունեն: Նրանք իրենց ծնողներին այնքան շատ են վստահում, որ մտահոգվելու կարիք չունեն, թե ինչ պետք է ուտեն և ինչ պետք է հագնեն, ուստի թեթև են և ուրախ: Եվ մենք այնքան հաճախ ենք կարծում, որ դա հատուկ է միայն մանուկներին, որ սկսում ենք մտածել, թե հասուն մարդիկ չեն կարող թեթև և ուրախ սրտով ապրել: Մինչդեռ քրիստոնեական կյանքի ճիշտ հակապատկերը պիտի լինի ծանրությամբ և մտահոգ ապրելը: Ընդհակառակը, նույնիսկ Աստծո կամքն ու Աստծո հրահանգն է, որ մենք ուրախ լինենք և ուրախությամբ լցնենք մեր կյանքը: Եվ հենց այս պատճառով էր Քրիստոս մանուկներին որպես օրինակ բերում` ասելով. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի»: Մանուկներին նմանվելն առաջին հերթին նշանակում է Աստծուն վստահել: Այդ վստահությամբ լցված մարդը, որ ինքն իրեն քրիստոնյա է համարում, պետք է կարողանա իր կյանքն ուրախ ապրել: Իսկ ուրախ ապրելու սկզբունքը գոհանալն է: Աստծուց գոհացող և Աստծուն փառաբանող մարդն ինքն իրեն դժգոհությամբ չի պատի և դառնություններն իր սրտում չի կուտակի, որովետև եթե դառնությունները երկար ժամանակ մեր մեջ լցվեն, այդժամ Աստծուց մեր մեջ նետված հավատքի, սիրո և երջանկության սերմերը կխեղդվեն նրանց փշերի մեջ, և հնարավոր չի լինի նունիսկ այդ հավատքով, սիրով և երջանկությամբ այդ կյանքը ծաղկեցնել:
Մինչդեռ մեր կյանքում, եթե մենք միշտ գոհանանք, ուրախությամբ կբացենք մեր մտքի և սրտի կապանքները, և Աստծո նետած սերմերը կծլեն ու կծաղկեն և կպարուրեն մեզ հավատով, սիրով ու երջանկությամբ: Եվ այդ ժամանակ մենք կզգանք մեր երիտասարդանալն ու մեր կյանքի նորոգվելը:
3) Սերը՝ մեր մեջ դրված Աստծո հատիկը, որ տրված է աճեցնելու համար, նորոգության հիմնական սկզբունքն է: Մարդկային կյանքի պայմաններից գիտենք, որ սերը ներքին այն բխումն է, որ իր ընտրած առարկայի համար կլարի իր ողջ ուժն ու տրամադրությունը և ամբողջ ուշադրությունը: Սեր ունեցող մարդու մեջ, կարծես, արթնանում է ողջ ուժն ու կարողությունը: Եվ Աստված ուզում և նույնիսկ հրահանգում է, որ մեր մեջ այդ սիրո ուժն օգտագործենք և այն գործի վերածենք բոլոր մարդկանց հանդեպ, ուզում է, որ այդ սերը ոչ միայն մեր ընտանիքին, այլ` Աստծո ամբողջ ընտանիքին, ամբողջ Եկեղեցուն և համայն մարդկությանը տրամադրենք: Եվ երբ այդ սիրո ուժը մենք զգանք, Աստված կօգնի, որ այն արծարծենք այնպես, որ այն իսկապես մեր մեջ դառնա կենսատու, կյանք տվող սկզբունք․ սաղմոսերգուի բացատրությամբ արծվի կյանքի պես նորոգի մեր կյանքը և մեր թևաբեկ սրտերին թև ու թռիչք տալով և այդ նպատակով ու սիրով հարստացնելով՝ ուղղորդի դեպի մարդիկ:
4) Բարեգործությունը մարդկանց հանդեպ, իբրև եզրափակիչ սկզբունք, կարող է նորոգել մեր կյանքն ու նորություն բերել: Միայն մեր զգացած ուրախությունն է, որ մեզ նորոգում է, հատկապես այն ուրախությունը, որ մենք ուրիշներին ենք փոխանցում մեր բարեգործությամբ: Մեր մեջ, թերևս, ամենօրյա փորձառություն է, երբ տեսնում ենք թե մեր տված յուրաքանչյուր նվեր, մեր բերած յուրաքանչյուր նորություն մեր զավակների և ուրիշների կյանքում ինչպիսի ուրախությամբ և երջանկությամբ է ընդունվում, նրանց մեր հանդեպ ժպիտով ու սիրով լցնում, երախտագիտության ջերմությունը և շնորհակալության քաղցրությունը ծաղկեցնում ինչպես դեմքին, այնպես էլ՝ սրտի խորքում, որովհետև ամեն անգամ, երբ մարդ ինչ որ բան է ստանում, լցվում է նաև հոգեպես: Նյութից զատ հոգեկան ջերմությունն է, որ լցվում է ներս: Եվ փոխադարձաբար, երբ ուրիշների մեջ մենք տեսնում ենք այդ ուրախությունը, որ մեր ընծայածն է պարգևել, մենք էլ ենք ուրախանում ու թեթևանում մեր մտահոգություններից ու մեր նեղություններից, որովհետև, բնականաբար, մեր ցավն ու վիշտը կնահանջի այն ուրախության դիմաց, որ մենք պարգևում ենք ուրիշին: Մեր կողմից արված լավությունը վերադառնում է մեզ` այս անգամ իր կողմից բերված նորոգությամբ մեզ լցնելու համար:
Հետևաբար, խնդրեցե՛ք, որ ձեր կյանքի հնությունը նորության փոխակերպվի։
Հավատքի վստահությո՛ւնն ուզեք Աստծուց. թող այդ վստահությունը լցնի ձեր սրտերը, որովհետև այն խաղաղություն է բերում:
Սե՛ր ուզեք Աստծուց, որովհետև սերն է միայն զգացնել տալիս, որ դուք լեցուն եք, այնքան լեցուն, որ չեք կարող չթափվել, չեք կարող ձեր լի բաժակից ուրիշին չհյուրասիրել:
Աստծուց այն երջանկությո՛ւնն ուզեք, որ բարեգործությամբ կգա: Ուզե՛ք, որ Աստված ձեր քայլերն ուղղորդի դեպի բարեգործություն, և այդժամ կգա ձեր երջանկությունը` ձեր կողմից տրված պարգևներով: Մինչև բարեգործություն չանեք, այդ ուրախությունը չեք ունենա։
Եվ հասկանանք, որ եթե մենք չծրագրավորենք մեր կյանքը, չօգնենք մենք մեզ և չլցնենք մենք մեզ, չենք կարող Աստծո օրհնությունը հայցել:
Այս մտածումներով ձեզ մաղթում ենք նորոգված, հավատքով, հույսով ու սիրով պարուրված կյանք՝ լի բարօրությամբ և երջանկությամբ:
Զարեհ արք. Ազնավուրյան, հատված «զԱստուած տեսնել» գրքից