“Հայկական սահման. Տավուշ” . զեկույց
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրապարակել է իր անդրանիկ զեկույցը, որը կրում է “Հայկական սահման. Տավուշ” խորագիրը:
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մասին տեղեկագիր-զեկույց պատրաստելու շարժառիթներից մեկը Հայաստանի կառավարության ընդունած երկու օրենքներն էին՝ “Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին” և “Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին”:
Շուրջ 50 էջանոց զեկույցում, որը գրվել է դաշտային աշխատանքների արդյունքում նաև, ներկայացվում է մարզի աշխարհագրական դիրքը և ռազմավարական նշանակությունը, ենթակառուցվածնքերն ու բիզնես հնարավորությունները, դժվարություններն ու մարտահրավերները, գյուղատնտեսության և արդյունաբերության գերակա ուղղությունները, ինչպես նաև՝ Տավուշի դիմաց գտնվող Ադրբեջանի երեք շրջանների՝ Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի մասին տեղեկատվություն:
Զեկույցում ներառվել են մի քանի քարտեզներ, կառավարության ընդունած երկու օրենքների տեքստերը ամբողջությամբ, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների անցյալի մասին ուշագրավ դրվագներ:
Զեկույցը չի հավակնում պատասխանել բոլոր հարցերին, մասնավորապես՝ մեկնաբանել և պարզաբանել օրենքը: Այն նաև զուտ տնտեսական ուղղվածություն չունի: Զեկույցը առաջին հերթին ծանոթագրական է, տեղեկատվական և նկարագրական:
Զեկույցը օգտակար կլինի այն գործարարների համար, ովքեր մտադրություն ունեն գործարարությամբ զբաղվել այդ համայնքներում կամ իրենց բիզնեսի մի մասը տեղափոխել այնտեղ: Այն կօգնի քաղաքացիներին՝ Հայաստանում և Սփյուռքում, ավելի լավ պատկերացնել, թե ի՞նչ ասել է “ոչ պատերազմ, ոչ խաղաղություն” իրավիճակ, արդյոք հնարավոր է՞ ներդրումներ կատարել բարձր ռիսկայնության գոտում, ինչպիսի դժվարությունների և մարտահրավերների պետք է առերեսվել:
Զեկույցը կարող եք կարդալ այստեղ:
“Հայկական սահման. Տավուշ” խորագիրը կրող զեկույցը կարող է թարգմանվել արևմտահայերեն (դասական ուղղագրություն), ռուսերեն և կամ անգլերեն, ինչպես նաև՝ հրապարակվել տպագիր տարբերակով և տարածվել Հայաստանում և դրսում, եթե դրա համար ԱՆԻ կենտրոնը կարողանա հայթայթել համապատասխան ֆինանսական միջոցներ: