Այս խնդրին լուծում տանք. Էրդողանը` Հայոց ցեղասպանության մասին
Պաշտոնական այցով Կոլումբիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Բոգոտայի Էքտերնադո ու Անկարայի համալսարանների համատեղ ջանքերով կազմակերպված “1915 թվականը` Օսմանյան կայսրության ամենաերկար տարին” վերտառությամբ սիմպոզիումում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:
Ըստ “Անադոլու” լրատվական գործակալության` Էրդողան մասնավորապես ասել է. “Պատմությունը, ցավոք, միշտ գրվում է հաղթողի, իշխող ուժի ձեռքով և նրա տեսանկյունից: Մենք խստորեն դեմ ենք դրան, քանի որ այդպիսի պատմությունն արդար լինել չի կարող: Պատմությունը պիտի գրվի պատմաբանների կողմից: 1915-ի հայտնի ցավալի իրադարձություններն էլ հաղթողների և իշխողների ձեռքով են գրված”:
Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ անցած այս հարյուր տարիների ընթացքում ոչ հայերի` թուրքերի նկատմամբ կատարած քայլերը, ոչ էլ թուրքերի` հայերի հանդեպ կատարածները լրջորեն ու ճիշտ ձևով չեն քննարկվել, չեն մեկնաբանվել և գրի չեն առնվել: Նրա համոզմամբ` 100 տարի շարունակ կեղտոտ քաղաքական քարոզչության միջոցով քողարկվել է իրական պատմությունը:
“Եթե հայկական սփյուռքն իրապես անկեղծ է, ապա մենք ազնվորեն բացում ենք մեր բոլոր արխիվները: Մենք մինչև այժմ շուրջ մեկ միլիոն պատմական փաստաթղթեր ենք ուսումնասիրել: Մենք դրանք բոլորին հասանելի ենք դարձնում: Եթե Հայաստանն էլ այսպիսի փաստաթղթեր ունի, թող ներկայացնի: Երրորդ երկրներն էլ եթե ունեն, թող ներկայացնեն: Ընտրենք պատմաբանների, քաղաքագետների, իրավաբանների, թող նրանք ուսումնասիրություններ անեն, վերջնական որոշում կայացնեն, այս խնդրին լուծում տանք”:
Էրդողանի կարծիքով` չի կարելի հույզերի, սեփական սուբյեկտիվ վերապրումների հիման վրա օբյեկտիվ պատմություն գրել:
Թուրքիայի նախագահի բնորոշմամբ. “Հայկական սփյուռքը 100 ամյակի առթիվ ծայրաստիճան բացասական նախաձեռնություններ է իրականացնում: Մենք` Թուրքիան, նման պրոպագանդաների կարիք չունենք: Նման խնդիր չունենք: Մենք միշտ անկեղծ ու բացսիրտ ենք և ուզում ենք, որ 1915թ դեպքերը ճիշտ ուսումնասիրվեն և ճիշտ մեկնաբանվեն”:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հավակնում որևէ պետության պատկանող հողատարածքների, սպառնալիք չի ներկայացնու որևէ երկրի սահմաններին: Նաև հիշեցրել է, որ առաջին աշխարհամարտից առաջ Բալկաններում միլիոնավոր մուսուլմաններ էին ապրում, որոնք գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին, բայց Թուրքիան որևէ պետության չի մեղադրում ցեղասպանության մեջ, չի փորձում այդ հարցը քաղաքական դաշտում շահարկել:
Ermenihaber.am