Ռուսական ռոքի լեգենդն այսօր կնշեր իր կեսդարյա հոբելյանը /վիդեո/
Հունիսի 21-ին 50 տարեկան կդառնար ռուսական ռոքի լեգենդ Վիկտոր Ցոյը: Այդ առիթով Ցոյի ծննդավայր Սանկտ-Պետերբուրգում հիշատակի մի շարք միջոցառումներ տեղի կունենան, այդ թվում եւ հայտնի “Կամչատկա” կաթսայատանը, որտեղ Ցոյն աշխատել է: Այն այժմ վերածվել է ռոք-ակումբի, որտեղ մշտապես հավաքվում են Ցոյի երկրպագուները:
Վիկտոր Ցոյը ծնվել է 1962-ի հունիսի 21-ին Լենինգրադում` ֆիզկուլտուրայի ուսուցչուհու եւ կորեական ծագումով ինժեների ընտանիքում: Նա հայտնի դարձավ ոչ միայն որպես երաժիշտ, պոետ, “Կինո” խմբի վոկալիստ, այլ նաեւ որպես դերասան: “Ասեղներ” ֆիլմի լույս տեսնելուց, որտեղ Ցոյը գլխավոր դերն էր կատարում, ինչպես նաեւ “Группа крови” ալբոմի թողարկումից հետո ժամանակակիցներն սկսեցին խոսել “կինոմանիայի” մասին: Հազարավոր դեռահասներ կրկնօրինակում էին Ցոյի սնարվածքը, սեւ հագնվում եւ սովորում կիթառ նվագել:
“Կինո” խումբը Ցոյն ստեղծեց 80-ականների սկզբին: Խումբը թողարկել է ավելի քան տասնյակ ալբոմներ եւ համերգային ձայնագրություններ: Ցոյի հետ կատարված ողբերգությունից հետո երաժիշտները որոշեցին ցրել խումբը: Չնայած անցած ժամանակին` “Կինոն” մնում է ռուսական ռոքի ամենաազդեցիկ եւ հայտնի խմբերից մեկը:
Վիկտոր Ցոյը զոհվեց ավտովթարի հետեւանքով 1990-ի օգոստոսի 15-ին Լատվիայում: Նրա գերեզմանը Պետերբուրգում ուխտագնացության վայր է դարձել հազարավոր երկրպագուների համար: