Եգիպտոսում հետաձգել են նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը
Եգիպտոսի գերագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ անորոշ ժամանակով հետաձգում է նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում է “BBC”-ն:
Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ արդյունքները չեն հրապարակվի այսօր` հունիսի 21-ին, ինչպես ենթադրվում էր նախկինում: Պատճառն ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների ստուգումն է:
Ընդ որում, չի հրապարակվում` երբ կհայտարարվեն արդյունքները:
Դատական հանձնաժողովը պետք է վերանայի մոտ 400 խախտում, որոնք ներկայացրել է ինչպես նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը, այնպես էլ նրա մրցակիցը` “Մուսուլման եղբայրների” թեկնածու Մոհամեդ Մուրսին: Մինչ այդ 2 թեկնածուներն էլ իրենց հաղթող էին հռչակել:
Միաժամանակ եգիպտական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ներկա պահին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: