23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Միլիոններ են հատկացնում ամանորյա զարդարանքների համար, պաշտոնյաների աշխատավարձն են կրկնապատկում, մինչդեռ սահմաններն անպաշտպան են. Փաստ

Եթե հայացք գցենք պատմական անցյալին, ապա, առկա իրավիճակի հետ համեմատելով, բազմաթիվ օրինաչափություններ կարող ենք տեսնել, ինչ ունենք նաև այսօր։ Երբ արտաքին սպառնալիքները սկսել են թափվել հայ ժողովրդի գլխին, պարտություն ենք կրել կամ ընկել օտար նվաճողների լծի տակ, կառավարիչները ու հանրության մի մասը սկսել են մեղավորներ փնտրել, հազար ու մի պատճառներ բերել, անհաջողությունները հանգամանքների դասավորության վրա գցել։ Ու այդ ժամանակ մարդիկ մի կողմից սկսել են կարոտախտով նայել անցյալին, իսկ մյուս կողմից էլ քննադատել անցյալը։ Նույնը և հիմա է, մի կողմից շատերը հստակ բարձրաձայնում են, թե 2020 թվականից առաջ ինչքան անվտանգ էին Հայաստանն ու Արցախը, իսկ մյուս կողմից էլ իշխանությունների կողմից շրջանառության մեջ է դրվում այն թեզը, թե նախկինների սխալների արդյունքում է, որ «կոտրված տաշտակի» առաջ ենք կանգնել։

Մեղավորների փնտրտուքը միայն «նախկիններով» չի ավարտվում, դա տարածվում է նաև զինվորականների, «հակահեղափոխականների», ինչպես նաև հանգամանքների վրա։ Ու մարդկանց մի հատված էլ կա, որ մտածում է՝ եթե 1997 թվականին կամ դրանից հետո համաձայնություն կայացվեր ու փաստաթուղթ ստորագրվեր, այսպիսի իրավիճակում չէինք հայտնվի։ Բայց, այս տեսակետների հետ մեկտեղ, իշխանությունների կողմից տարվող քարոզչության ազդեցության տակ ընկած քաղաքացիներ կան, որ ուտոպիաների գիրկն են ընկնում, թե շուտով խաղաղության պայմանագիր կստորագրվի, հաղորդակցությունը կբացվի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, բուռն առևտուր տեղի կունենա, տնտեսությունը կաճի, ու մենք զարգանալու հնարավորություն կստանանք։ Այնինչ իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ ամենը պարզապես հնարածին է։

Թուրքիան և Ադրբեջանը մեկը մյուսի հետևից ագրեսիվ գործողություններ են նախաձեռնում Հայաստանի դեմ ու ճնշումներ բանեցնում, որպեսզի մեր երկիրը շունչ քաշելու կամ վերականգնվելու ժամանակ ու հնարավորություն չունենա։ Հետևեք հակառակորդի դիրքորոշմանը, պահվածքին և կհամոզվեք։ Փաստացի այնպես է ստացվում, որ երկրում հիմնական հանրային դիտարկումները կա՛մ անցյալին են վերաբերում, կա՛մ «ապագային»։ Ու տպավորություն է առաջանում, թե ներկան անտեսվում է, այնինչ գործելու ժամանակը հենց հիմա է։

Պետք է ուշադրություն դարձնել, թե իրերի ինչ դրություն ունենք հիմա, ինչ խնդիրներ ենք դնում մեր առջև և ինչ ենք ցանկանում ստանալ։ Այլապես նորից նույն հորձանուտն ենք մտնելու և պարտության մեղքը կրկին գցելու ենք նախկին իրադարձությունների, նախկինների, դավադիրների ու հանգամանքների վրա։ Օրինակ՝ շատ է բարձրացվում այն հարցը, թե Ադրբեջանը կարողացավ հաջողություն գրանցել, քանի որ նավթի ու գազի վաճառքից ահռելի տնտեսական ռեսուրսներ է կենտրոնացրել ու նորագույն տեխնիկա է գնել, ուստի հասկանալի է, որ Հայաստանին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր տնտեսություն, որի ունեցած հնարավորությունները թույլ կտան մեծ քանակությամբ նորագույն սպառազինություն ձեռք բերել կամ արտադրել։

Բայց ի՞նչ է արվում դրա համար։ Իշխանությունների քայլերից կարելի է համոզվել, որ այդ ուղղությամբ ոչինչ էլ չի ձեռնարկվում։ Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում մի քանի հազար ռուսաստանցի է ժամանել Հայաստան՝ իրենց հետ բերելով որոշակի ֆինանսներ ու կապիտալ, ու եթե որոշակի տնտեսական ակտիվություն է նկատվում, փորձ է արվում տպավորություն ձևավորել, թե տնտեսությունը զարգանում է։ Իհարկե, կարելի էր այդ տնտեսական ակտիվության արդյունքում կոնկրետ արտադրական հիմքեր ստեղծել առաջիկա տնտեսական առաջընթացի համար՝ մանավանդ օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհում մատակարարման շղթաների, առևտրի ու կապիտալի հոսքերի վեկտորների փոփոխություն է տեղի ունենում։ Բայց այս իշխանությունները այս ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում, այլ շռայլությամբ են տարված։

Հսկայական գումարներ են հատկացնում ամանորյա զարդարանքների, տոնածառի տեղադրման համար, կամ էլ բարձր պաշտոնյայի աշխատավարձն են կրկնակի ավելացնում։ Իսկ երբ սահմաններին նորից լարվածություն սկսվի, ապա Հայաստան եկած ռուսաստանցիները կհեռանան, ու մեր տնտեսությունը ամենաբարդ պահին կհայտնվի նորից ցնցումների մեջ։ Ավելին, իշխանություններն իրենց քաղաքական շահերի համար այնպիսի նախագծեր են առաջ քաշում, որ մեր ֆինանսական հնարավորություններն ավելի փոքրանան, ու կապիտալն ուղղակի արտահոսի Հայաստանից այն դեպքում, երբ մեզ օդի ու ջրի պես լրացուցիչ հնարավորություններ են պետք։

Օրինակ՝ կառավարությունը նախատեսում է իրականություն դարձնել համընդհանուր հայտարարագրումը, որպեսզի ում պետք լինի, կարողանան ճնշել, գործ հարուցել և այլն։ Բայց դա բերելու է նրան, որ բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ գործարարներ, դուրս են հանելու իրենց գումարները Հայաստանից։ Փոխանակ քննարկեն, թե ինչպես կարող են արտոնյալ հարկային, օրենսդրական պայմաններ ստեղծել, որպեսզի լրացուցիչ ներդրումներ ներգրավեն ու Հայաստանը գրավիչ դարձնեն, իրենք հակառակն են իրագործում։ Դե, եթե նման հասարակ ձեռնարկումներ չեն կարողանում իրականացնել, ապա ինչպե՞ս ենք ակնկալում, թե իշխանությունները կարող են տնտեսությանը զարկ տալ, գլուխ բերել բանակի բարեփոխումն ու անվտանգ ապագա կառուցել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ