Նախկին վարչապետը փորձել է ինքնասպան լինել
Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը հասատատել է դատավճիռը` մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ, տեղեկացնում է “AFP”-ը:
2012-ի հունվարին դատարանը Նեստասեին 2 տարի ազատազրկման է ենթարկել կաշառակերության համար: 2004-ին, մասնակցելով նախագահական ընտրություններին, քաղաքական գործիչն ապօրինաբար 17 մլն դոլար է ստացել ռումինացի ձեռնարկատերերից իր նախըտրական քարոզարշավի համար: Նեստասեն իր մեղքը չի ընդունել` դատական գործընթացը համարելով “քաղաքական հաշվեհարդար”:
Նախօրեին Գերագույն դատարանը հրաժարվել է բավարարել Նեստասեի բողոքարկման հայցը եւ պահանջել է նախկին վարչապետին բանտ տեղափոխել: Երբ ոստիկանները ժամանել են չինովնիկի տուն` նրան ձերբակալելու, Նեստասեն ատրճանակով կրակել է իր պարանոցին: Նրան հիվանադանոց են տեղափոխել: Ռումինիայի գործող վարչապետ Վիկտոր Պոնտի խոսքով` “նրա վիճակը վերահսկողության տակ է”:
Սոցիալ-դեմոկրատ Ադրիան Նեստասեն Ռումինիայի վարչապետն է եղել 2000-2004-ը, իսկ հաջորդ 2 տարիներին` երկրի խորհրդարանի ստորին պալատի խոսնակը: 2006-ին մեղադրվելով կաշառակերության մեջ` նա ստիպված է եղել պաշտոնաթող լինել: